1978 թվականին լեհ կարդինալ Կառոլ Վոյտիլան ընտրվում է Հռոմի պապ եւ վերցնում Հովհաննես Պողոս Երկրորդ անունը, Խորհրդային միություն է այցելում Իրաքի հեղափոխական հրամանատարության խորհրդի փոխնախագահ Սադամ Հուսեյնը, Boney M-ը դառնում է ԽՍՀՄ հյուրախաղերով ժամանած առաջին արեւմտյան խումբը, Արգենտինայի ֆուտբոլի հավաքականը դառնում է աշխարհի չեմպիոն:
Ռուսաստանի հետ միավորման 150-ամյակը
1978 թվականին Խորհրդային Հայաստանում եւ ամբողջ ԽՍՀՄ-ում մեծ հոբելյան էր նշվում. լրացել էր Ռուսաստանի հետ Արեւելյան Հայաստանի միավորման 150-ամյակը:
Տոնական միջոցառումները սկսվում են հոկտեմբերի 12-ին ԽՄԿԿ քաղբյուրոյի անդամ, ԽՍՀՄ պաշտպանության նախարար մարշալ Դմիտրի Ուստինովի այցելությամբ, որին Երեւանի օդանավակայանում դիմավորում են մեծ շուքով: Երեւանում էին նաեւ խորհրդային հանրապետությունների բազմաթիվ ղեկավարներ: Մարշալ Ուստինովն այցելում է Երեւանի տեսարժան վայրեր, իսկ Մատենադարանի պատվավոր այցելուների մատյանում գրում է. «Հին հայկական ձեռագրերի հրաշալի ֆոնդերին ծանոթանալը մեր մեջ է՛լ ավելի ամրապնդեց հայ ժողովրդի հազարամյա պատմության նկատմամբ խոր հարգանքի զգացումը»:
Հոկտեմբերի 15-ին Հայաստանի հյուրերն ու ղեկավարները ծաղկեպսակներ են դնում Լենինի արձանին եւ «Հաղթանակ» զբոսայգում գտնվող Անհայտ զինվորի գերեզմանին: ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Հայկական ԽՍՀ-ն պարգեւատրվում է Լենինի շքանշանով:
Հոկտեմբերի 14-ին «Ռոսիա» կինոթատրոնում տեղի է ունենում ՀԿԿ կենտկոմի եւ ՀԽՍՀ գերագույն խորհրդի հանդիսավոր նիստ՝ նվիրված Ռուսաստանին Արեւելյան Հայաստանի միացման 150-ամյակին:
«Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը, փոխադարձ մերձեցման նրանց ձգտումը, ռուսական եւ հայկական առաջավոր կուլտուրաների բազմակողմանի կապերը պատմական խոր արմատներ ունեն: Հանդես գալով սեփական եւ օտարերկրյա ճնշողների դեմ, Հայաստանի աշխատավորները ի դեմս Ռուսաստանի դեմոկրատական եւ հեղափոխական ուժերի, տեսնում էին իրենց հզոր եւ հավատարիմ դաշնակցին»,- ասել էր մարշալ Ուստինովը: Կարեն Դեմիրճյանը եւս պատմական էր համարել Ռուսաստանի հետ միացումը՝ նշելով, որ «հայ ժողովրդի հարգանքի խոսքերը, նրա սիրո եւ երախտագիտության զգացմունքներն ուղղված են ավագ եղբորը՝ ռուս մեծ ժողովրդին»:
«Ռոսիա» կինոթատրոնի համահեղինակ Հրաչ Պողոսյանը ժամանակին Մեդիամաքսին հետաքրքիր պատմություն էր պատմել.
«1978 թվականին Երեւանում պատրաստվում էին տոնել Արեւելյան Հայաստանի՝ Ռուսաստանի հետ միավորման 150-ամյակը, եւ սպասվում էր, որ Հայաստան կժամանի Լեոնիդ Բրեժնեւը: Հանդիսավոր նիստը պետք է կայանար «Ռոսիա» կինոթատրոնում: Մոսկվայի ՊԱԿ-ից (КГБ) մարդիկ եկան տարածքի հետ ծանոթանալու համար: Ուսումնասիրեցին կինոթատրոնի բոլոր անկյունները` սկսած էկրանի հետեւի տարածքից: Հետո սկսեցին մտածել, թե որտեղի՞ց է Լեոնիդ Իլյիչը ներս մտնելու: Նա արդեն վատառողջ էր, դժվարությամբ էր քայլում: Ցույց տվեցի հիմնական մուտքը: Նրանք չհամաձայնվեցին, պատճառաբանելով, որ Բրեժնեւը չի կարող դեպի դահլիճ տանող աստիճաններով բարձրանալ: Առաջին հարկում հանգստյան սենյակ կար, որը դրսից մուտք չուներ: Հանձնարարեցին, որ դահլիճներին հարակից պատը քանդենք ու դուռ բացենք: Մեծ դժվարություններով դուռ բացեցինք, սակայն Բրեւժնեւն այդպես էլ չեկավ: Իսկ այդ դուռը մինչ այսօր պահպանվել է»:
«Դավիթ Բեկ»-ն ու «Մխիթար Սպարապետ»-ը
1978 թվականին՝ Ռուսաստանի հետ Արեւելյան Հայաստանի միավորման 150-ամյակի առթիվ, «Հայֆիլմ» ու «Մոսֆիլմ» կինոստուդիաները նկարահանում են «Հուսո աստղ» կինովեպը 18-րդ դարում Սյունիքում մղված ազգային-ազատագրական պայքարի մասին։
Այն բաղկացած է երկու մասից՝ «Դավիթ Բեկ» եւ «Մխիթար Սպարապետ»։
Կինովեպի ռեժիսորը Էդմոնդ Քեոսայանն էր:
Մխիթար Սպարապետի դերում նկարահանվել էր Արմեն Ջիգարխանյանը, իսկ Դավիթ Բեկին մարմնավորում էր վրաց դերասան Էդիշեր Մաղալաշվիլին: 1979 թվականին նա Դավիթ Բեկի դերի համար արժանացավ Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման։
«Երկիր Նաիրի»-ի բեմադրությունը
1978 թվականին Երեւանի դրամատիկական թատրոնը բեմադրում է Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» ստեղծագործությունը: Ներկայացման ռեժիսորը Երվանդ Ղազանչյանն էր, նկարիչները՝ Հենրի եւ Ռոբերտ Էլիբեկյանները: Չարենցի վեպի հերոսներին մարմնավորում էին Վլադիմիր Մսրյանը, Իշխան Ղարիբյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Ազատ Գասպարյանը եւ ուրիշներ:
«Մի ժամանակ հանդիսատեսը թատրոնում ուշադիր եւ խանդոտ հետեւում էր, որ սպանված հերոսի դերակատարը պառկած տեղը հանկարծ չշնչի, այլապես կարող էր հիասթափեցնել նրա հաղորդած ինֆորմացիան: Հիմա դերասանը «մահանում է» կանգնած, խոսելով ձեզ հետ, նա մահանում է ավելի համոզիչ, քան եթե անշունչ տապալվեր: Այդ նշանակում է, որ հիմա նա ձեզ հրավիրում է թատրոնի դերասանի հետ մարդկային հանդիպման, եւ կարեւորը այդ հանդիպման ժամանակ ոչ թե սյուժեն է, ինֆորմացիան, այլ զրուցակցի միտքը, վիճակը, անհատականության դրսեւորումը»,- ներկայացման մասին գրել էր Աղասի Այվազյանը:
Մահանում է Մարկ Գրիգորյանը
1978 թվականին մահանում է ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ մրցանակների դափնեկիր, վաստակավոր ճարտարապետ Մարկ Վլադիմիրի Գրիգորյանը:
«Մեծ է Մարկ Գրիգորյանի ստեղծագործական ժառանգությունը: Նրա նախագծերով կառուցված են վաթսունից ավելի շենքեր, այդ թվում՝ Հայաստանի Կոմկուսի կենտկոմի, Գերագույն սովետի նախագահության շենքերը, Մատենադարանը, «Արմենիա» հյուրանոցը, պատկերասրահը, դերասանների տան սրահը, կուսակցության Երեւանի քաղկոմի, կենտրոնական փոստատան, ՀԱՄԽ-ի շենքերը եւ շատ այլ կառույցներ»,- ասված էր Խորհրդային Հայաստանի ղեկավարության եւ մտավորականության ցավակցական խոսքում:
Հայ արվեստին նվիրված միջազգային սիմպոզիումը
1978թ. սեպտեմբերի 12-18-ը Երեւանում տեղի է ունենում հայ արվեստին նվիրված միջազգային երկրորդ սիմպոզիումը: Առաջինը կայացել էր 1975-ին Իտալիայի Բերգամո քաղաքում եւ նվիրված էր հայկական ճարտարապետությանը:
Երեւանի սիմպոզիումին մասնակցում էին համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք գիտնականներ, որոնց զեկույցները վերաբերում էին հին եւ միջնադարյան Հայաստանի պատմությանը, ճարտարապետությանը, մանրանկարչությանը, քանդակագործությանը:
Բացման արարողության ժամանակ ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Ալեքսան Կիրակոսյանն ասում է, որ գիտաժողովի փաստը վկայում է հայ արվեստի միջազգային ճանաչման փաստը:
«Մեզ համար մեծ է այս գիտաժողովի ոչ միայն գիտական, պատմական, այլեւ մշակութային, հասարակական նշանակությունը: Այն վկայում է, որ ի տարբերություն նախախորհրդային տարիների, այսօր Հայաստանն է հայագիտության կենտրոնը, եւ հաստատում է, որ վերջին մի քանի տասնամյակներում հայագիտությունը բուռն վերելք է ապրել ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս»,- նշում է նա:
Գիտաժողովի մասնակիցներից էր Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր Ադրիանո Ալպագո-Նովելլոն, որը երկար տարիներ ուսումնասիրում էր հայկական միջնադարյան ճարտարապետությունը եւ բազմիցս եղել էր Հայաստանում:
«Հիշում եմ, թե ինչպես կինս՝ Գաբրիելան, իմ մի քանի այցից հետո նեղսրտեց՝ «մոգական ինչ ուժ ունի այդ Հայաստան երկիրը, որ դադար չունես»... Հաջորդ անգամ որոշեցի նրան հետս բերել: Ինքն էլ պակաս չէր հիացել: Երեխաներին էլ վարակեց իր ոգեւորությամբ: Որոշ ժամանակ անց ավագ դուստրս եկավ, հիմա էլ միջնեկիս եմ հետս բերել: Հավատացած եմ, որ Հայաստանում ձգող ուժը հուշարձանները չեն միայն, այլ նաեւ մարդիկ, որոնք զարմանալիորեն նման են տաք ու շնչող այն քարերին, որոնցով կառուցված են այս երկրի եկեղեցիներն ու տաճարները...»,- ասել էր իտալացի պրոֆեսորը:
Խորհրդային Հայաստանի ճարտարապետության վերաբերյալ Ադրիանո Ալպագո-Նովելլոն թեեւ դրական էր արտահայտվում, սակայն գտնում էր, որ ճիշտ չի համարում կրկնօրինակել անցյալի եւ ժամանակակից միջազգային մոտեցումները:
«Ճարտարապետությունը չպետք է դիտել իբրեւ արտաքին տեսք: Անցել են, այսպես ասած, ֆորմալիզմի ժամանակները: Իսկական ճարտարապետության մեջ կարեւորը ներքին էությունն է: Իսկ դա, անշուշտ, պիտի արվի անցյալի ավանդույթները փոխառելով եւ դրանք նոր ձեւերի ու ուղղությունների մեջ դնելով: Այդ տեսանկյունից շատ եմ հավանում ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի աշխատանքները: Անձամբ ծանոթ եմ եղել նրա հետ, տեսել նրա նախագծերը եւ պատահաբար Երեւանում եղել նրա թաղման օրը...»,- ասել էր պրոֆեսորը:
Գիտաժողովի կազմակերպչական եւ բովանդակային խնդիրներին անդրադառնալիս արվեստաբան, Հռոմի համալսարանի պրոֆեսոր Պաոլո Կունեոն ասել էր, որ տարիներ անց հայագիտությամբ ավելի շատ գիտնականներ են զբաղվելու:
«Հիմքը մենք՝ ճարտարապետներս դրեցինք: Հիմա արդեն ճարտարապետության մասնաճյուղին զուգընթաց, երեւանյան սիմպոզիումում միաժամանակ աշխատում են եւս երեքը. նկարչություն՝ գրողների տան դահլիճում, հնագիտություն՝ արվեստի աշխատողների տանը եւ մանրանկարչություն՝ Մատենադարանում: Համոզված եմ, որ երրորդ սիմպոզիումի ժամանակ կավելանան երաժշտության, թատրոնի, գուցե նաեւ կինոյի մասնաճյուղերը»:
Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ»-ը Հենդելյան փառատոնում
1978 թվականին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության Հալլե քաղաքում տեղի է ունենում հերթական Հենդելյան փառատոնը, որի բացմանը ներկայացվում է կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերան:
Հեղինակը, անդրադառնալով Հալլեի փառատոնին, նշում էր, որ օպերան մեծ արձագանք էր գտել գերմանական երաժշտասերների շրջանում:
«Հիացմունքով եմ մտաբերում արտիստներին. սքանչելի երգչուհի եւ հմայիչ դերասանուհի Բարբարա Հելգերտին, նրա արժանի խաղընկերոջը՝ Վերներ Հասսելմանին, դրամատիկական թատրոնի մեծահմուտ արտիստ Ֆրանկ Հյոհներբախին, որ Պոետի դերում հիանալիորեն հնչեցրեց Եղիշե Չարենցին՝ գերմաներեն»,- իր տպավորություններն էր հաղորդում կոմպոզիտորը:
Օպերայի եւ բալետի թատրոնի հյուրախաղերը Արգենտինայում եւ Մեքսիկայում
1978 թվականին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնը հյուրախաղերի է մեկնում Արգենտինա եւ Մեքսիկա:
ՏԱՍՍ գործակալությունը Արգենտինայից հաղորդում էր, որ «Հայկական ԽՍՀ օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի բալետային խմբի ելույթը արվեստի վառ տոնահանդես, խոշոր իրադարձություն եղավ Արգենտինայի մայրաքաղաքի մշակութային կյանքում»:
Շատ էին նաեւ արգենտինացի արվեստի քննադատների դրական արձագանքները:
«Դա բալետ է բառիս բուն իմաստով, իր հուզիչ տեսարաններով, իր նուրբ ու միաժամանակ մոլեգին կոլորիտով, մշտապես ներդաշնակ շարժումներով ու խմբային պարերով... Գայանեի դերապարով հանդես եկավ Էլվիրա Մնացականյանը, որ օժտված է գերազանց տեխնիկայով եւ տպավորիչ արտահայտչականությամբ»,- գրել էր քննադատ Լուիս Էռնանդեսը:
Հայկական բալետային խումբը Բուենոս Այրեսից մեկնում է Մեքսիկա՝ մասնակցելու «Սերվանտինո» փառատոնին, որտեղ ներկայացնում է հատվածներ Արամ Խաչատրյանի «Գայանե» եւ «Սպարտակ», Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետներից:
Համամիութենական 11-րդ կինոփառատոնը
1978 թվականի մայիսի 5-12-ը Երեւանում անցկացվում է ԽՍՀՄ համամիութենական 11-րդ կինոփառատոնը։ Խորհրդային կինոյի վարպետները մի քանի օր շարունակ Երեւանում գնահատում եւ մրցանակներ էին շնորհում նոր ֆիլմերին, դերասաններին ու ռեժիսորներին։
Կինոփառատոնի երեք գլխավոր մրցանակներից մեկը տրվում է «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած «Նահապետը» ֆիլմին, իսկ լավագույն կատակերգություն ժանրում առաջին տեղը զբաղեցնում է «Միմինոն»։ Լավագույն դեբյուտի համար մրցանակ է ստանում դերասանուհի Սոֆի Սարգսյանը «Նահապետը» ֆիլմում Նուբարի դերը մարմնավորելու համար։
Խորհրդային զինվորի կերպարը գեղարվեստական բարձր մակարդակով մատուցելու համար ժյուրին հատուկ մրցանակ է շնորհում «Զինվորը եւ փիղը» ֆիլմի գլխավոր դերակատար Մհեր Մկրտչյանին։
Խոսելով «Նահապետը» ֆիլմի մասին՝ «Վիրաբեկները» (Подранки) ֆիլմի ռեժիսոր Նիկոլայ Գուբենկոն ասել էր. «Ինձ ցնցեց Հենրիկ Մալյանի «Նահապետը» ֆիլմն իր մտահղացմամբ, գաղափարով, իր համարձակ լուծումներով, իր ռեժիսորական ու օպերատորական կուլտուրայով, իր նշանակությամբ։ Ես կարծում եմ, որ եթե ինձ բախտ վիճակվեր իմ «Վիրաբեկները» ֆիլմը նկարահանել Հայաստան գալուց հետո, ապա այն առավել ողբերգական երանգներ կունենար, որովհետեւ ես տեսա մեծ եղեռն ապրած հայ ժողովրդի վերածնունդը, հավատն ու լավատեսությունը»։
Ռեժիսոր, դերասան Եվգենի Մատվեեւը պատմում էր, որ նախքան Երեւան գալն ուսումնասիրել էր հայկական մշակույթը եւ տեղում փորձում էր ավելի խորացնել իր գիտելիքները։ «Ես սիրում եմ այն բոլորը, ինչ կա Հայաստանում եւ, գլխավորը, սովորելու բան ունեմ։ Եվ այդ պատճառով Հայաստանում չի կարելի ժամանակ կորցնել. պետք է ներծծել այն ամենը, ինչ կարող է վսեմացնել արվեստագետի հոգին։ Եվ այն տպավորությունները, որ ես ստացա Հայաստանում, անպայման իմ ստեղծագործությունում ինչ-որ մի ձեւ կստանան, եւ հույս ունեմ՝ չքնաղ մի ձեւ»։
Մահանում է Արամ Խաչատրյանը
1978թ. մայիսի 1-ին մահանում է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը։
Մայիսի 5-ին Մոսկվայի կոնսերվատորիայի դահլիճում տեղի է ունենում Արամ Խաչատրյանի վերջին հրաժեշտի արարողությունը, որին մասնակցում էին պետական պաշտոնյաներ եւ մշակույթի գործիչներ, քաղաքացիներ։ «Հնչում են սգո մեղեդիներ։ Պատվո պահակ են կանգնում ԽՄԿԿ քաղբյուրոյի անդամ, ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ Ա. Ն. Կոսիգինը, ԽՍՀՄ կուլտուրայի մինիստր Պ. Ն. Դեմիչեւը, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Բ. Ե. Սարկիսովը։ Հազարավոր մարդիկ անցան Ա. Ի. Խաչատրյանի դագաղի մոտով, սիրո խոր հարգանքի եւ երախտագիտության տուրք մատուցելով կոմպոզիտորին»,- գրում էր «Սովետական Հայաստան»-ը:
Արամ Խաչատրյանի աճյունը հատուկ ինքնաթիռով տեղափոխվում է Երեւան, որտեղ մայիսի 6-ին տեղի է ունենում հրաժեշտի արարողությունը։ Սգո արարողության ժամանակ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը, նշելով Արամ Խաչատրյանի մեծ ներդրումը մշակույթի զարգացման գործում, ասել էր.
«Հենց Արամ Խաչատրյանն էր, որ հարազատ ժողովրդի հոգու գանձերը դարձրեց ամբողջ մարդկության սեփականությունը, հենց նա էլ ժամանակակից սիմֆոնիկ երաժշտության ուղեծիր դուրս բերեց ժողովրդական երաժշտության իսկական հարստությունը։ Դա ազգայինի եւ համամարդկայինի անսովոր օրգանական միաձուլումն էր, գունագեղ գեղարվեստական սինթեզը»։
Սարոյանի վերջին այցը
1978 թվականին տեղի է ունենում Վիլյամ Սարոյանի չորրորդ եւ վերջին այցը Խորհրդային Հայաստան: Առաջին անգամ նա պատմական հայրենիք էր եկել հեռավոր 1935 թվականին:
Այցի ընթացքում Հայկական հեռուստատեսության առաջին ալիքով հեռարձակվում է գրող, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Դավթյանի հարցազրույցը Սարոյանի հետ, որը կարող եք դիտել ստորեւ.
1978 թ. հոկտեմբերի 16-ին Երեւանի պետական համալսարանի դահլիճում Վիլյամ Սարոյանը հանդիպել էր ուսանողների հետ: Ահա մի հատված այդ հանդիպման մասնակից Սերժ Մանուկյանի հուշերից.
«Սարոյանի ոգին ու ձայնն էր տիրաբար թեւում դահլիճում: Հպարտությամբ էր խոսում ճշմարիտ հայերի ոգեղեն հարստությունների` խղճի, ազնվության, խիզախության, մաքրության ու բարության մասին: Ուսանողներին նա իր մտերիմ բարեկամները համարեց, մանավանդ որ «ինքս ալ երիտասարդ կզգամ ինձի…»:
– Ձեր ամենաբարձր գրական հաճույքը,- հարցրին:
– Աղվոր գիրք կարդալը,- պատասխանեց:
Իր գրական ազդեցությունների եւ համակրությունների մասին տրված հարցերին պատասխանելիս նշեց Մարկ Տվենին, Դիկենսին, Ջեկ Լոնդոնին, Մոպասանին, Ուոլթ Ուիթմենին, Ջոյսին, Չեխովին, Գոգոլին:
- Իսկ Շեքսպիր ու Տոլստոյ հետս կլինեն մինչեւ կյանքիս վերջը: Շատ ընդգծված ասաց նաեւ, որ «աշխարհը պիտի Նարեկացի իմանա…»:
Հարցրին.
- Դուք հավատո՞ւմ եք Աստծո գոյությանը:
- Շատ կուզեի, որ Աստված ըլլար,- ասաց, ձեռքերը վերեւ կարկառելով: Ես նրան կուզեմ մարդկանց շարքին մեջ տեսնիլ: Ու թե հանդիպեմ անոր, կըսեմ` «Բարեւ»:
Վերջում ուսանող երիտասարդներին պատգամեց` երբեք չենթարկվեք հուսահատությանն ու հիասթափությանը»:
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են լուսանկարներ Վարդգես Համազասպյանի, Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի կինոարվեստի բաժնի արխիվներից: