Հայկական Կարմիր. 1981



1981 թվականին Ռոնալդ Ռեյգանը փոխարինեց Ջիմի Քարթերին ԱՄՆ նախագահի պաշտոնում, Վալերի Ժիսկար դ’Էստենը Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պարտվեց սոցիալիստ Ֆրանսուա Միտերանին, Ռուպերտ Մերդոքը ձեռք բերեց The Times ու The Sunday Times թերթերը, մեկնարկեց Space Shuttle ամերիկյան տիեզերական ծրագիրը, կայացավ լեդի Դիանա Սպենսերի ու Ուելսի արքայազն Չարլզի ամուսնությունը:


«Մինի-Վուդստոք»՝ Երեւանում


1981 թվականի աշնանը «Ծաղիկներ» («Цветы») խմբի հիմնադիր Ստաս Նամինը Երեւանի հեծանվային մարզադաշտում կազմակերպում է առաջին ռոք-փառատոնը Խորհրդային միությունում: Թեեւ փառատոնի պատվիրատուն Հայաստանի ԽՍՀ մշակույթի նախարարությունն էր, կազմակերպչական աշխատանքները հարթ չէին ընթանում: Նամինին չհաջողվեց ապահովել բոլոր այն խմբերի մասնակցությունը, որոնց հետ պայմանավորվածություններ էր ձեռք բերել:

 

 

Մասնավորապես, Երեւանում հանդես չեկան «Ակվարիում» («Аквариум») եւ «Մաշինա վրեմենի» («Машина времени») խմբերը: Ստաս Նամինը պատմում է, որ փառատոնի ավարտից հետո խիստ քննադատության ենթարկվեց, իսկ Պետական անվտանգության կոմիտեն (ՊԱԿ) առգրավեց նրա անձնագիրը, ինչի հետեւանքով ինքը մի քանի տարով զրկվեց անգամ սոցիալիստական ճամբար ճամփորդելու հնարավորությունից:

 

 

1981 թվականի հոկտեմբերի 12-ին ամերիկյան Time ամսագրում լույս տեսավ փառատոնի մասին պատմող Soviet Union: Tired? Nyet! Ջորջ Ռասելի հոդվածը: Հեղինակը գրում էր, որ ինը օր տեւած փառատոնին ընդհանուր առմամբ ներկա էր 79 հազար հանդիսական: Ընդ որում՝ նրանք ոչ միայն Երեւանի եւ Հայաստանի բնակիչներն էին, այլեւ Բալթյան հանրապետություններից, Կենտրոնական Ռուսաստանից եւ անգամ Սիբիրից ժամանած երաժշտասերները:

 

 

Ռասելը գրում էր, որ փառատոնի գխավոր աստղերն էին 30-ամյա Ստաս Նամինը, 29-ամյա էստոնացի Գունար Գրապսը եւ 32-ամյա Վալերի Լեոնտեւը, ում կատարումները, հեղինակի բնորոշմամբ, նման էին Միք Ջագերի եւ Միխայիլ Բարիշնիկովի ոճերին:

Ջորջ Ռասելը փառատոնն անվանել էր «մինի-Վուդստոք»՝ զուգահեռներ տանելով 1969 թվականին ԱՄՆ-ում անցկացված լեգենդար փառատոնի հետ:

Time-ի հոդվածագիրը նշում էր, որ կատարողներին երբեմն հաջողվում է թմրեցնել ԽՍՀՄ գրաքննության զգոնությունը՝ մեջբերելով Գունար Գրապսի երգերից մեկի տողերը.

«Քանի որ սիրով զբաղվելու այլ տեղ չունենք, մենք դա կանենք փողոցում, եւ անձրեւը կմաքրի շպարը մեր դեմքերից»:


Հոդվածն այսպես էր ավարտվում.

«Փառատոնի վերջին օրը, երբ Նամինին առաջարկեցին եզրափակվել, նա դիմեց հանդիսատեսներին.

- Հոգնա՞ծ եք:
- Ո՛չ,- գոռացին հավաքվածները:
- Բայց գիշերվա մեկն է արդեն:
- Կապ չունի՛:
- Ինչ կասե՞ն ձեր մայրիկները:
- Կապ չունի՛:

 

 

Եվ Նամինը սկսեց նվագել Չաք Բերիի Sweet Little Sixteen երգը, եւ համերգը շարունակվեց եւս մեկ ու կես ժամ: Իրականում նրանք կարող էին շարունակել այն ողջ գիշեր»:


Սեւանի փրկությունն ու Արփա-Սեւան թունելի կառուցումը


1981 թվականին ավարտվում է Արփա-Սեւան թունելի կառուցումը։ Դրա նշանակությունն այնքան մեծ էր, որ անձամբ ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Լեոնիդ Բրեժնեւն էր շնորհավորում հայ ժողովրդին այդ բարդ կառույցը հաջողությամբ ավարտելու համար։

«Դեպի Սեւան ջրի հոսքափոխման իրականացումը ժողովրդատնտեսական եւ էկոլոգիական պրոբլեմների կոմպլեքսային լուծման լավ օրինակ է։ Դա թույլ կտա ոչ միայն պահպանել հրաշալի լիճը, այլեւ ապահովել էլեկտրաէներգիայի կայուն արտադրությունը հիդրոէլեկտրակայանների Սեւան-Հրազդանի կասկադում, բարձրացնել մերձակա ոռոգիչ սիստեմների ջրապահովվածությունը, բարելավել հանրապետության աշխատավորների կենսապայմանները»,- ասված էր Բրեժնեւի շնորհավորական ուղերձում։


1981թ. մարտի 21-ին Արփա գետի նոր գետաբերանում տեղի է ունենում հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին հազարավոր մարդիկ։ Միջոցառման ժամանակ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը նշում էր, թե ինչ քայլեր էր ձեռնարկում կառավարությունը Սեւանա լիճը փրկելու համար։

 

 

«Սեւանի փրկությունն առաջնահերթ խնդիր էր դարձել։ Արագ տեմպերով ստեղծվեց նոր էներգետիկ բազա, որը թույլ տվեց հետզհետե կրճատել, իսկ ատոմային էլեկտրակայանի առաջին բլոկի գործարկման շնորհիվ՝ լիովին դադարեցնել լճի ջրի օգտագործումը էներգետիկ կարիքների համար։ Սեւանի վիճակը թեթեւացնելու համար կառուցվեցին եւ կառուցվում են մի շարք ջրամբարներ։ Այսօրվանից Սեւանը թունելի միջոցով տարեկան կստանա 250-270 մլն խորանարդ մետր ջուր, որը կնպաստի լճի մակարդակը գոյություն ունեցող նիշի վրա կայունացնելուն»։


Աֆրիկացի ուսանողները Երեւանի պոլիգրաֆ կոմբինատում


1981 թվականին շուրջ կես տարի Երեւանի պոլիգրաֆ կոմբինատում պրակտիկա էին անցնում Աֆրիկայից ժամանած երեք ուսանող՝ Ալբեր Ն’Տոտոն, Աբիրա Նորբերը եւ Անդրե Մուտադիլա-Կոկոլոն:

 

 

«Հայաստանում մենք շատ նորություններ տեսանք, բայց հատկապես մեծ տպավորություն թողեց մեր վրա ՀԿԿ Կենտկոմի նոր տպարանը, որը պատիվ ունեցանք այցելելու։ Դեռեւս կիսավարտ, իր հոյակապ կառուցվածքով ու առաջավոր տեխնիկական հագեցվածությամբ այս տպարանը մեծ ապագա է խոստանում հայկական պոլիգրաֆիայի համար»,- ասել էին պրակտիկանտները «Պոլիգրաֆիստ» ամսագրին։


Բժշկական ինստիտուտի 50-ամյակը


1981թ. փետրվարին նշվում է Երեւանի պետական բժշկական ինստիտուտի հիմնադրման 50-ամյակը։

«Իր գոյության հինգ տասնամյակում բժշկական ինստիտուտը դարձավ առաջնակարգ բուհական հաստատություն, տալով երկրին ավելի քան 12 հազար որակյալ մասնագետ։ Այժմ նրա հինգ ֆակուլտետներում բժշկության բոլոր ճյուղերի գծով մասնագիտություն են ստանում երեք հազար ուսանողներ, որոնց համար ստեղծված են բարձրորակ բժիշկներ եւ դեղաբաններ դառնալու լավագույն պայմաններ։

 

 

Արդեն քսան տարուց ավելի է, ինչ Երեւանի բժշկական ինստիտուտը իր դռները բացել է նաեւ սփյուռքահայ այն պատանիների առջեւ, ովքեր երազում են բժշկի մասնագիտություն ստանալ մայր հայրենիքում»,- շնորհավորական խոսքում ասել էր Կարեն Դեմիրճյանը։


«Զվարթնոց» օդանավակայանի նոր շենքը


1981թ. հունվարին շահագործման է հանձնվում «Զվարթնոց» օդանավակայանի համալիրը։

«Նոր օդանավակայանի համալիրից սկսվեցին Երեւան-Մոսկվա-Երեւան երթուղով ինքնաթիռների կանոնավոր թռիչքները»,- գրում էր «Ավանգարդ» թերթը:

 

 

Նախագծի հեղինակներն էին ճարտարապետներ Արթուր Թարխանյանը, Սպարտակ Խաչիկյանը, Լեւոն Չերքեզյանը, Ժորժ Շեխլյանը, Էդմոնդ Տիգրանյանը, Արթուր Մեսչյանը եւ կոնստրուկտոր Սերգեյ Բաղդասարյանը։

1982-ին, երբ «Զվարթնոցի» նախագիծը առաջադրվել էր ԽՍՀՄ պետական պարգեւի, ԽՍՀՄ վաստակավոր ճարտարապետ Ֆելիքս Նովիկովն այցելեց Հայաստան եւ «Լիտերատուրնայա գազետայի» համար գրեց ««Զվարթնոց»՝ զրնգուն անուն» հոդվածը:

 

 

«Շենքը 200 մետր շառավիղով հրաբխային խառնարան է հիշեցնում. օղակաձեւ բակ՝ տրանսպորտային հանգույցներով եւ կառույցն ամբողջացնող սնկաձեւ ռեստորանով, որից երեւում է Արարատյան դաշտավայրը»,- գրում էր նա:


«Երեւանյան օդանավակայանի դեպքում առանձնահատուկ է նաեւ այն, որ առաջին հայացքից այս կառույցի վրա չկան ազգային, հին հայկական նշաններ: Երեւանի օդանավակայանը ժամանակակից է, թե կառույցի, թե ֆունկցիոնալության տեսանկյունից եւ, այնուամենայնիվ, այն լիովին հայկական է: Սա այն պարզ պատճառով, որ տվյալ կառույցը եզակի է իր տեսքով, հետեւաբար՝ առաջին հայացքից ասոցացվում է հայկական հողի հետ: Բացի այդ՝ դրանից ոչ հեռու, պահպանվել են հին հայկական՝ Զվարթնոց տաճարի մասունքները, հավանաբար, հենց այս պատճառով էլ օդանավակայանը ստացել է «Զվարթնոց» անունը:

 

 

«Զվարթնոցի» հեղինակների հաջողությունը պատահական չէ: Մենք վաղուց գիտենք այդ անունները, ու դրանք հայտնի են Հայաստանում: «Ռոսիա» կինոթատրոն, մարզահամերգային համալիր, Երիտասարդական պալատ՝ բոլոր այս հայտնի կառույցները ստեղծվել են «Զվարթոցի» հեղինակների մասնակցությամբ»,- գրում էր Նովիկովը:


Երեւանի մետրոն


1981թ. մարտի 7-ին Երեւանի Մետրոպոլիտենի առաջին գնացքները սկսում են երթեւեկությունը։

Այդ օրը շահագործման է հանձնվում հինգ կայարան` «Բարեկամություն», «Սարալանջի» (1983 թվականին վերանվանվում է «Մարշալ Բաղրամյան»), «Երիտասարդական», «Լենինի հրապարակ» (1992 թվականին վերանվանվում է «Հանրապետության հրապարակ»), «Սասունցի Դավիթ»:

 

 

Մետրոյի կառուցումը դժվարին ու բարդ աշխատանք էր, որին մասնակցում էին ոչ միայն Հայաստանի, այլեւ Խորհրդային միության բազմաթիվ շինարարներ, թունելագործներ եւ այլ մասնագետներ։

 

 

Լենինգրադի դրամապալատը թողարկում է հատուկ հուշամեդալ, որի հեղինակը հայ նկարիչ Աշոտ Ադամյանն էր։ Մեդալի մի երեսին պատկերված էր թունել մտնող գնացքի ուրվագիծը, իսկ հակառակ կողմում փորագրված էին Երեւանի մետրոյի բոլոր կայարանների անունները։ Աշոտ Ադամյանը հոր՝ նկարիչ Խաչատուր Ադամյանի հետ ստեղծել էր նաեւ Երեւանի մետրոպոլիտենի խորհրդանշական բանալին։

 

 

Երեւանի քաղսովետի գործկոմի նախագահ Մուրադ Մուրադյանը նշում էր, որ մետրոն էապես թեթեւացնելու է քաղաքային տրանսպորտն ու երթեւեկությունը։

«Անկախ փողոցային երթեւեկության ցանցի վիճակից, եղանակից, ուղեւորների տեղափոխումը կատարում է ժամում 35-40 կմ արագությամբ, վերգետնյա տրանսպորտի 16-17 կմ ժամ արագության փոխարեն։ Դա հնարավորություն է ընձեռում քաղաքի ներսում տեղափոխումների վրա ծախսվող ժամանակը խնայել 2-3 անգամ։ Բացի այդ, մետրոպոլիտենը իր վրա է վերցնում ուղեւորների ավելի քան 30 տոկոսի տեղափոխումը»,- ասում էր նա։

 

 

Երեւանի մետրոպոլիտենի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենում «Բարեկամություն» կայարանում, որտեղ հավաքվել էր Խորհրդային Հայաստանի գրեթե ամբողջ ղեկավար կազմը։


Ջիմ Թորոսյանը՝ Երեւանի կառուցապատման մասին


1981-ին Երեւանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանն անդրադառնում է Երեւանի կառուցապատմանը, որը համարում էր սխալ եւ գավառական մտածողության հետեւանք։

Նա նշում էր, որ 1950-ական թվականներին մայրաքաղաքի կենտրոնն ուներ ինքնուրույն դիմագիծ, ինքնատիպ էր:

«Այդ կերպարը սկսեց խաթարվել այն ժամանակ, երբ քաղաքի կենտրոնում սկսեցին բարձրահարկ շենքեր տեղադրել՝ որոշ դեպքերում սոցիալական խնդիրներ լուծելու համար, իսկ երբեմն էլ ուրիշներից հետ չմնալու գավառական մտածողության հետեւանքով։ Արդյունքը եղավ այն, որ կարծես խախտվեց քաղաքի բնապատկերը, անէացավ մի բան, որ հարազատության շունչ էր հաղորդում Երեւանին։ 

 

 

Առաջներում, երբ նայում էինք Նորքի սարալանջից՝ քաղաքը ներկայանում էր հավասարաչափ փռված, եւ նրա հասարակական նշանակություն ունեցող հիմնական կառույցները՝ Օպերայի եւ բալետի թատրոնը, Լենինի հրապարակը եւ այլն, շեշտված էին։ Սա հնարավորություն էր ընձեռում կարդալ, զգալ ամբողջ քաղաքի կառուցվածքը, բովանդակ կոմպոզիցիան։ Հիմա այդ տպավորությունը չենք ստանում»,- գրում էր Ջիմ Թորոսյանը։


Արմեն Տիգրանյանի 100-ամյակը


1981թ. Խորհրդային Հայաստանում նշվում է երգահան Արմեն Տիգրանյանի (1879-1950) ծննդյան 100-ամյակը։

«Անմահ «Անուշը», հայրենասիրական ազնիվ շնչով հագեցած «Դավիթ-Բեկը», ռոմանսները, երգերը՝ մեծ երաժիշտ Արմեն Տիգրանյանի խանդավառ աշխատանքի այս պտուղները վաղուց մեր դասական ժառանգությունն են դարձել։ Ահա գրեթե յոթ տասնամյակ է, ինչ «Անուշը» հուզում է ե՛ւ ամենափորձված, ե՛ւ ամենաանփորձ ունկնդրին։ Եվ, որ գլխավորն է, համարյա կես դար է, ինչ «Անուշն» անընդմեջ ներկայացվում է նույն թատրոնում՝ միշտ լեցուն դահլիճով, եւ ունկնդիրների հոսքը չի դադարում, չնայած, որ օպերան ներկայացվել է ավելի քան 1300 անգամ»,- գրում էր Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Էդվարդ Միրզոյանը։

 

 

Օպերային երգչուհի Տաթեւիկ Սազանդարյանն էլ ասել էր.

«Երկու միմյանցից շատ տարբեր գանձեր է թողել Արմեն Տիգրանյանը օպերային արվեստին՝ լիրիկական երգ-օպերա «Անուշը» եւ հերոսական «Դավիթ-Բեկը»։ Ժողովրդական սրտով, մտքով գրված այս մեծ գործերը դարեր կապրեն եւ միշտ կհուզեն։ Այդ գանձերը ժողովրդինն են, ժողովրդի համար, ուրեմն եւ անմահ են։ Հայ երգի մեծ վարպետը կապրի իր երգերի հետ, կապրի դարեր»։


Խանջյանի «Հայոց այբուբենը»


1981թ. նկարիչ Գրիգոր Խանջյանն ավարտում է «Հայոց այբուբենը» գորգանկարը։ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի պատվերով ստեղծված թեմատիկ գոբելենը երկրորդն էր «Իջման տեսիլքից» (1977) հետո։ Երրորդը «Վարդանանքն» էր, որը նկարիչն ավարտում է 1983-ին։

 

 

«Եթե «Վարդանանքը» շարժվող-ալեկոծվող նկար է, ապա «Հայոց այբուբենն» ավելի քանդակի է նման. եթե «Վարդանանքը» հողմ ու փոթորիկ է, ապա սա՝ ամպրոպից հետո պարզված ջինջ երկինք է ու եթեր. եթե «Վարդանանքը» տառապանքի ճիչ է, պայքարի ու մաքառման կոչ, ապա սա ավելի աղոթք է, զոհաբերություն ու հիմն...»,- գրում էր «Սովետական արվեստ» ամսագիրը:


Մասիս-Նուռնուս երկաթուղին


1981-ին շահագործման է հանձնվում Մասիս-Նուռնուս երկաթուղին, որը զգալիորեն բեռնաթափում է մայրաքաղաքով անցնող երկաթուղային բեռների հոսքը։

Ըստ նախագծի՝ հետագայում երկաթուղին շարունակվելու եւ միանալու էր Իջեւան-Հրազդան ճանապարհին։ Երկաթուղու շինարարության ընթացքում կառուցվել էր 11 կամուրջ, տեղադրվել էր մի քանի հազար հենարան, հողային աշխատանքների ծավալը շուրջ հինգ միլիոն խորանարդ մետր էր։


«Էլեկտրոնիկի արկածների» հերոսները՝ Երեւանում


1981-ին Երեւանում անցկացվում է հեռուստատեսային ֆիլմերի փառատոն-տոնահանդես, որին մասնակցում էին 400-ից ավելի հեղինակներ ու հյուրեր, ցուցադրվում են 60 ստուդիայում նկարահանված 117 գեղարվեստական, վավերագրական, երաժշտական եւ մուլտիպլիկացիոն ֆիլմեր։

 

 

Հայաստան էին եկել նաեւ «Էլեկտրոնիկի արկածները» ֆիլմի գլխավոր հերոսները՝ Վոլոդյա եւ Յուրա Տորսուեւ երկվորյակ եղբայրները։ «Ֆիլմի ցուցադրումից հետո անթիվ նամակներ ենք ստացել աշխարհի տարբեր ծայրերում ապրող երեխաներից։ Մենք հնարավորության սահմաններում աշխատում ենք պատասխանել նրանց։ Վեց տարեկան մի երեխա գրում է, որ շտապ իրեն ուղարկենք էլեկտրոնիկի սխեմաները, որպեսզի նա իր համար ընկեր հավաքի։ Երեւի դա կհուզի նաեւ հայ մայրերին։ Հայաստանում մենք առաջին անգամ ենք եւ ափսոս, որ ստիպված ենք շուտ վերադառնալ։ Բայց եկող տարի ամռանը անպայման նորից կգանք»,- ասել էին եղբայրները:

 

 

Փառատոնին մասնակցում էր նաեւ դերասան Վլադիմիր Կոնկինը, որը «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմում մարմնավորում էր ֆիլմի գլխավոր հերոսներից մեկին՝ Շառապովին։ «Այստեղ ապրողները զարմանալիորեն ներդաշնակ են իրենց քաղաքին. գեղեցիկ, բացսիրտ, բարձր կուլտուրայի տեր մարդիկ, որոնց հետ հանդիպման նոր հույսով կրկին պիտի գամ Երեւան»,- ասել էր նա:


Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են Sputnik-ի, Հարութ Արզումանյանի, Բայանդուր Պողոսյանի լուսանկարները:

 

«Հայկական Կարմիրը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Հայկական Կարմիր»-ը պատմում է Խորհրդային Հայաստանի (1921-1991թթ.) մասին:

«Հայկական Կարմիր»-ի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում խորհրդային շրջանի մեկ տարվա նշանակալի քաղաքական, տնտեսական եւ մշակութային իրադարձությունները: