1963 թվականին լարվում են ԽՍՀՄ եւ Չինաստանի հարաբերությունները, Իրանում ձերբակալում են Այաթոլա Ռուհոլա Հոմեյնիին, Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն արժանանում է Խորհրդային միության Հերոսի կոչման, The Beatles-ը թողարկում է Please Please Me ալբոմը, մահանում է Հռոմի պապ Հովհաննես XXIII-ը, Կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդ է ընտրվում Պողոս VI-ը:
Աբովյանը եւ Աշտարակը՝ քաղաքներ
1963թ. հունվարի 12-ին Հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ Հայաստանում վարչատարածքային մի շարք փոփոխություններ են արվում։
Քաղաքի կարգավիճակ են ստանում Աբովյանը եւ Աշտարակը:
Ստեղծվում են Անիի, Արտաշատի, Ղուկասյանի, Մարտունու, Սպիտակի գյուղշրջանները, որոնք միավորում էին համապատասխանաբար Անիի եւ Արթիկի, Արտաշատի եւ Վեդիի, Ղուկասյանի եւ Ամասիայի, Մարտունու եւ Կամոյի, Սեւանի եւ Հրազդանի, Սպիտակի եւ Կիրովականի շրջանները։
Բամբակի «Ա-514» նոր սորտը
Մինչեւ 1960-ական թվականների վերջը Խորհրդային Հայաստանի տարբեր շրջաններում, հիմնականում՝ Արարատյան դաշտավայրում, բամբակ էին մշակում։ Բամբակի սորտը բերվել էր Միջին Ասիայից։ 1963թ. հայ սելեկցիոներները մշակում են բամբակի նոր սորտ, որն ավելի հարմարեցված էր հայկական կլիմային։
«Բամբակենու «Ա-514» նոր, վաղահաս սորտն աճեցվել էր Հողագործության ինստիտուտի աշխատակիցներ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածուներ Ա. Աջաբյանի եւ Գ. Լալայանի կողմից։ Միջինասիական սորտի համեմատությամբ բամբակենու նոր սորտը հասունանում է 6-9 օր շուտ, եւ միաժամանակ նրա հեկտարի բերքատվությունը միջին հաշվով 1-1.5 ցենտներով գերազանցում էր նախկինին։
Փայտամշակման ֆաբրիկայի բանվորների նամակը
1963թ. հունվարին Հայաստանի փայտամշակման ֆաբրիկաներից մեկի բանվորները նամակ են գրում «Սովետական Հայաստան» թերթին, որտեղ նշում էին, որ իրենց արտադրանքն ունի որակական մեծ թերություններ։
«Երբ նայում ես մեր կոմբինատի անցած տարվա ցուցանիշներին, թվում է, թե վատ չենք աշխատել։ Համախառն արտադրանքի պլանը կատարվել է 107.9 տոկոսով։ Բայց ինչ օգուտ դրանից, երբ միայն արտադրանքի ինքնարժեքի բարձրացումից կոմբինատը կրել է 121 հազար ռուբլու վնաս։ Եվ դա հիմնականում այն պատճառով, որ շատ ցածր է մեր թողարկած արտադրանքի որակը»,- գրում էին բանվորները։
Նրանք նշում էին, որ ունեցած նոր սարքավորումները երկար ժամանակ չէին ներդրվում արտադրության մեջ, ղեկավարներն ուշացնում էին այդ գործը։ Մեծ խնդիրներ էին առաջացնում նաեւ այլ ձեռնարկությունները, որոնք նույնպես ժամանակին չէին մատակարարում հումքը։ Օրինակ՝ Իջեւանի, Շամշադինի, Նոյեմբերյանի անտառային արդյունաբերական տնտեսությունները չէին բերում անհրաժեշտ քանակի ու որակի անտառանյութը, ինչի պատճառով իրենց արտադրած մանրահատակն ու նրբատախտակը (ֆաներա) լինում էր անորակ։
«Մեր արտադրանքի նկատմամբ եղած իրավացի դժգոհությունը բոլորիս է մտահոգում, որի մասին շատ ենք խոսում, որոշումներ ընդունում, բայց շոշափելի արդյունքի չենք հասնում»,- գրում էին նամակագիրները։
Իրանահայ հայրենադարձները
1963թ. փետրվարի 9-ին Խորհրդային Հայաստան է ժամանում իրանահայ հայրենադարձների հերթական խումբը։ Իրանահայերի ներգաղթի ծրագիրը սկսվել էր 1962-ին, սակայն Հայաստան էր եկել ընդամենը մի քանի տասնյակ մարդ։ 1963-ից ներգաղթի ծավալն ավելանում է, եւ տարվա ընթացքում հայրենիք է վերադառնում 2000-ից ավելի հայ։
Երեւանի կայարանում իրանահայերի խմբին դիմավորում է Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդին առընթեր արտասահմանից վերադարձող հայերի ընդունման եւ տեղավորման կոմիտեի նախագահ Գուրգեն Գեւորգյանը։
- Բարի գալուստ, թանկագին հայրենակիցներ։ Բարով եք եկել ձեր պապերի բնօրրանը։ Թույլ տվեք Հայաստանի կոմունիստական պարտիայի Կենտկոմի, մինիստրների սովետի եւ Գերագույն սովետի նախագահության անունից ջերմորեն ողջունել ձեզ՝ մայր հայրենիք վերադառնալու առթիվ եւ հաջողություններ ցանկանալ ձեզ։ Այստեղ ձեզ համար ստեղծված են ապրելու եւ աշխատելու բոլոր պայմանները։ Եկեք, սիրելի բարեկամներ, ձեռք-ձեռքի տված աշխատենք ու կառուցենք, որ է՛լ ավելի գեղեցիկ լինի մեր հայրենիքը, բոլոր հայերի վերջնական հանգրվանը,- ասել էր Գրիգորյանը։
Գործիքաշինական գործարանի կենտրոնական ձուլարանը
1963թ. փետրվարի 13-ին Լուսավանում (1967-ից՝ Չարենցավան) բացվում է գործիքաշինական գործարանի կենտրոնական ձուլարանը, որը տարեկան մի քանի տասնյակ հազար տոննա չուգուն ձուլելու հնարավորություն ուներ։
Բացման արարողության ժամանակ Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանն ասել էր. «Մինչեւ այժմ մենք ձուլվածք էինք ստանում երկրի հեռավոր վայրերից։ Ներկայումս, նոր ցեխի լրիվ գործարկմամբ հնարավորություն կստանանք ապահովելու ռեսպուբլիկայի հաստոցաշինական գործարանների պահանջը»:
«Արարատ»-ի անհաջողությունները
1963 թվականին «Արարատ» ֆուտբոլային թիմը անհաջողություններ է ունենում եւ դուրս մնում «Ա» խմբի առաջին ենթախմբից։ Մամուլում շատ են քննարկվում հայկական ֆուտբոլի խնդիրները. հոդվածներից մեկում անդրադառնալով դրանց՝ նշվում էր, որ պատճառներից հիմնականը, թերեւս, մարզիչների հաճախակի փոփոխությունն է։
«Վեց տարում փոխվել են 7-8 մարզիչ՝ Դանգուլով, Սմիսլով, Ակիմով, Քեհեյան, Ասատրյան, Անդրիասյան, Աբրամով... Նոր մարզիչը, որքան էլ ընդունակ լինի, կարճ ժամանակում չի կարող որեւէ հեղաշրջում անցկացնել։ ...Մեկ այլ հարց է, որ թիմապետը եւ այլ անձինք միջամտում են մարզիչի գործերին, որը պարզապես խանգարում է նրան»,- գրում էր ԽՍՀՄ սպորտի վարպետ Իլյիչ Մկրտչյանը։
Տիգրան Պետրոսյանը Հայաստանում է
1963թ. հունիսի սկզբին Երեւան է գալիս շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը։
«Այս օրերի ընթացքում չեմպիոնին եւ նրա մարզիչ, միջազգային գրոսմայստեր Իսահակ Բոլեսլավսկուն հանգիստ չեն տալիս շախմատասերները, զանազան կազմակերպություններն ու կոլեկտիվները։ Հայֆիլհարմոնիայի համերգային մեծ դահլիճում քաղաքի սպորտային հասարակայնության հետ հանդիպում ունենալուց հետո, Տիգրան Պետրոսյանը ռեսպուբլիկական ստադիոնում հանդես եկավ հրապարակային դասախոսությամբ։
Հունիսի 3-ին չեմպիոնն իր մարզիչի հետ հանդիպում ունեցավ Հայկական ՍՍՌ Գերագույն սովետի նիստերի դահլիճում։ Իսկ երեկ ցերեկը նրանք արդեն հյուր էին Հայաստանի ժուռնալիստների մոտ»,- գրում էր «Սովետական Հայաստան»-ը:
Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունը
1963 թ. հունիսի 9-ին Դիլիջանում բացվում է կոմպոզիտորների համամիութենական ստեղծագործական տունը, որը կառուցվել էր Էդվարդ Միրզոյանի նախաձեռնությամբ:
Տարբեր տարիներին այստեղ հանգստացել եւ ստեղծագործել են Դմիտրի Շոստակովիչը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Բենջամեն Բրիտենը, Ռոդիոն Շչեդրինը եւ շատ ուրիշ արվեստագետներ:
Դիլիջանի ստեղծագործական տունը Առնո Բաբաջանյանի սիրելի վայրն էր, նա այստեղ «անվանական» քոթեջ ուներ:
Սայաթ-Նովայի 250-ամյակը
1963թ. հոկտեմբերի 26-ին Երեւանում նշվում է Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակը։ Հանդիսավոր նիստին մասնակցում էին Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը, մշակութային գործիչներ, բազմաթիվ հյուրեր։
«Նախագահությունում էին Մարտիրոս Սարյանը, վրաց անվանի գրող Կոնստանտին Գամսախուրդիան, դանիացի գրող Հանս Էբսենը, Ստեփան Զորյանը, Նաիրի Զարյանը, Համո Սահյանը, Սիլվա Կապուտիկյանը, Սայաթ-Նովայի ծոռնորդիներ Աննա եւ Հարություն Սայաթ-Նովաները»,- գրում էր «Գրական թերթ»-ը:
Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանը բացման խոսքում նշում էր, որ Սայաթ-Նովան «Անդրկովկասի եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամության մարմնացումն է»։ «Ֆեոդալական բռնության ծանր ժամանակներում Սայաթ-Նովան բարձրացավ ժողովուրդներին միմյանցից բաժանող նախապաշարումներից եւ փառաբանեց մարդկանց ու ժողովուրդների համերաշխությունը, հաստատեց ժողովուրդների հոգու հարազատության մթնոլորտը գրականության ու արվեստի մեջ»,- ասել էր Քոչինյանը։
Երեւանում բացվում է Սայաթ-Նովայի հուշարձանը, որի ճարտարապետը Էդուարդ Սարապյանն է, քանդակագործը՝ Արա Հարությունյանը։
«Նավը լեռան վրա»
1963 թվականին Երեւանում լույս է տեսնում Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» վեպը, որը նա ավարտել էր 1943 թվականին Բոստոնում:
Վեպը լույս էր տեսել փոփոխություններով եւ աղճատումներով:
«Փրինթինֆո» հրատարակչության տնօրեն Արամ Մեհրաբյանը, 2015 թվականին խոսելով «Նավը լեռան վրա» վեպի նոր հրատարակության մասին, ասել էր.
«Երբ կրճատում եւ արհեստականորեն աղճատում են երկխոսությունների, մտքերի ու մտորումների խճանկարը, ասելիքը չի հասկացվում: Զարյանն այդ հրատարակության վերաբերյալ ասել էր. «Ես ուզում եմ իմացվի, որ «Նավի» երկրորդ հրատարակությունը լույս է տեսել ճնշման, խաբեության եւ սպառնալիքի տակ: Երկրորդ հրատարակության վերջին մասը բոլորովին ավելորդ է, ինչպես նաեւ շատ փոփոխություններ վեպի ներսում....»»:
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բացումը
1963 թվականի հոկտեմբերի 31-ին Երեւանի Զարոբյան (նախկին Պլեխանով) փողոցում բացվում է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը:
Այդ շենքում Վարպետը ապրել էր իր կյանքի վերջին տասը տարին (1948-1957):
Այս հղումով կարող եք ծանոթանալ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տասը ցուցանմուշին:
Կարապի լիճը
1963 թվականի հոկտեմբերին Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարեւանությամբ կառուցվում է Կարապի լիճը, որի հեղինակը ճարտարապետ Գեւորգ Մուշեղյանն էր:
1963 թվականի հոկտեմբերի 5-ի «Երեւան» թերթում լույս է տեսնում ««Կարապի լիճը» լավ նվեր է» hոդվածը, որտեղ, մասնավորապես, ասվում էր.
«Հինգ ամիս առաջ էր, ապրիլի 7-ի երեւանյան համաքաղաքային շաբաթօրյակի օրը, երբ երեւանցիները գրոհ սկսեցին, եւ կատարելով մի շատ «ուժեղ քայլ», «շախ» հայտարարեցին հին քաղաքի վերջին ամրություններից մեկին, որն ընկնում էր օպերային թատրոնի հրապարակում՝ Լերմոնտով, Տերյան եւ Թումանյան փողոցների միջեւ: Հնության այս վերջին ամրոցի դեմ շաբաթօրյակի ժամանակ գրոհ քաղաքի էլեկտրատեխնիկումի ուսանողները, մոտ 360 հոգի, իրենց 23 դասատուների հետ միասին:
Նրանց «ակտիվ գործողություններին» մասնակցում էին շինարարության մինիստրության եւ «Հայհիդրոշին»-ի 4 էքսկավատոր եւ նույնքան բուլդոզեր, 53 ավտոմեքենա «մարտի դաշտից» հեռացնում էին ավերածության մնացորդները՝ «հին բերդի» փլատակները: Դա նոր Երեւանի «համոզիչ հաղթանակն էր» հնի դեմ»:
Կարապի լճի ստեղծման մանրամասն պատմությունը կարդացեք Մեդիամաքսի «Երեւան. XX դար» նախագծում:
Ժան-Պոլ Սարտրը եւ Սիմոնա դե Բովուարը այցելում են Հայաստան
1963 թվականի սեպտեմբերին Հայաստան են գալիս ֆրանսիացի նշանավոր գրող, էքզիստենցիալիզմի «հայր» Ժան-Պոլ Սարտրը կնոջ՝ գրող Սիմոնա դե Բովուարի հետ:
Նրանք Հայաստան են գալիս Վրաստանից, ուստի այցելությունը սկսվում է Սեւանից, որտեղ նրանց իջեցնում է Թբիլիսիից ժամանած ավտոմեքենան:
Սարտրի եւ Բովուարի այցի մասին հետաքրքիր մանրամասներ է հայտնում Ալեքսանդր Թոփչյանը, ում հայրը՝ Էդուարդ Թոփչյանը, 1960-ականներին Հայաստանի գրողների միության նախագահն էր:
Ալեքսանդր Թոփչյանը գրում է, որ հյուրերի պատվին Սեւանի «Մինուտկա» ռեստորանում սեղան էին գցել: Նրանց մի փոքր զարմացնում է, որ տանտերերը իշխան ձկան հետ կոնյակ են խմում: Մի քանի տեսակի սպիտակ գինի են պատվիրում, եւ Սարտրը հավանում է «Բերդը»: Զրույցի ընթացքում Սարտրը հիշում է, որ «Ծովի մշակները» վեպում Վիկտոր Հյուգոն պատմում է Հայաստանում Սբ Բարդուղումեոսի չարչարանքների մասին:
Ալեքսանդր Թոփչյանը պատմում է, որ Սեւանից հյուրերին տանում են Լուսակերտ, որտեղ գրող Վախթանգ Անանյանը նոր ամառանոց էր կառուցել եւ այդ առիթով մեծ խնջույք էր կազմակերպել:
Սարտրի եւ Բովուարի ներկայությունը ներկաների մոտ առանձնակի ոգեւորության պատճառ չի դառնում. նրանց գրեթե չէին ճանաչում: Ինչ-որ պահի հյուրերը մենակ են մնում: Երբ ժամանում է Հայաստանի մինիստրների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանը, հայ գրողները շրջապատում են նրան, իսկ Քոչինյանն ասում է.
– Մեզ միշտ էլ կարող եք հանդիպել, գնացեք հյուրերի մոտ, անհարմար է, մենակ եք թողել նրանց:
Ալեքսանդր Թոփչյանի հոդվածն ամբողջությամբ (ռուսերեն թարգմանությամբ) կարդացեք այս հղումով:
Ջոն Ստեյնբեքի այցը
1963 թվականի նոյեմբերին Հայաստան է գալիս եւս մեկ համաշխարհային մեծության գրող՝ ամերիկացի Ջոն Ստեյնբեքը կնոջ՝ Հելենի հետ։
Այցելության մասին պատմող ամենահայտնի վկայությունը գրող Ռաֆայել Արամյանի «Երեք օր Ջոն Ստեյնբեքի հետ» հոդվածն է:
Ներկայացնում ենք հոդվածի այն հատվածը, որում Արամյանը պատմում է, թե ինչպես էր Մարտիրոս Սարյանը նկարում Ստեյնբեքին.
«- Քո շրթունքների ծայրերին թեթեւ հումոր կա, եւ ես կնկարեմ այդ հումորը, այո՛, այո՛, կնկարեմ, այսպես, այս գույնով կնկարեմ,- ասում է նա ու վրձինը թափով իջեցնում է կտավին:
Ջոնը անհանգստացած է, Վարպետը խախտել է լռության պայմանը, խոսում է, իսկ ինքը չի կարողանում պատասխանել: Ասում եմ, որ Վարպետը նկարելիս միշտ ինքն իր հետ այդպես խոսում է, Ջոնը ցատկում է տեղից, հիացած բացականչում է ու ասում.
- Ինչ մեծ զրույց է եղել, իսկ ես ոչինչ չեմ հասկանում, ափսոս, որ ես ոչինչ չեմ հասկանում:
Մնում ենք արվեստանոցում: Սարյանը աշխատում է երիտասարդական թափով, վրձնով թմբկահարում, թրատում է կտավը, եւ Ջոնը ասում է.
- Կարծես սրահարում են ինձ, այդպես Տոսկանինին է միայն ղեկավարում օրկեստրը եւ մեկ էլ Մարտիրոս Սարյանը:
- Ուզում եմ ջահել երեւալ,- պատասխանում է Վարպետը,- ուզում եմ դուր գալ:
- Իսկ ես մի՞թե նույնը չեմ անում,- խոսում է Ջոնը,- նստել եմ այնպես, կարծես իռլանդական թագավորների սերնդից սերած լինեմ, երբ իռլանդական ավազակներից եմ սերած:
Լռություն: Մարտիրոս Սարյանը խոսում է ինքն իր հետ, ոգեւորվում ու գույների սիմֆոնիա է փոթորկում:
- Այսպես, այսպես, դու մեծ գրող ես, Ջո՛ն, եւ քո աչքերը խորն են տեսնում, ես էլ քո աչքերը կնկարեմ, ուղղակի վրձինը կթաթախեմ կապույտի մեջ, որ երկնքի խորությունն ունի, եւ այն ժամանակ… նա վրձնահարվածներ է շպրտում կտավի վրա եւ ետ է թռչում:
- Իմ կյանքում երբեք հինգ րոպե անգամ հանգիստ չեմ նստել, բայց, արի ու տես, մի ժամ է` հնազանդ եմ,- խոսում է Ջոնը,- վարպետի ձեռքի շարժումները իմ մեջ երաժշտական պատկերներ են ծնում, ես երաժշտություն եմ լսում, կոմիտասյան եւ բեթհովենյան երաժշտություն:
Հետո Ջոնը պատմում է, որ ամերիկացի մի հայտնի քանդակագործ ուզում էր իրեն քանդակել, եւ ինքն իրեն ասաց, որ եթե այդ քանդակը խմորից լինի, կհամաձայնի, մարմարից քանդակ չի ուզում: Հետո նա պատմում է իր հին, 25 տարվա բարեկամի՝ Վիլյամ Սարոյանի մասին ու ավելացնում.
- Կգնամ Ամերիկա ու կասեմ, որ ինձ նկարել են, նա կհարցնի, թե ո՞վ, ես կասեմ՝ Սարյանը, առաջին բանը, որ նա կասի, դա անպայման կլինի այն, որ ես արժանի չեմ դրան, հետո ես նրան ցույց կտամ Վարպետի նվիրած Արարատը ու ես կասեմ, Վիլյա՛մ, ես էլ Արարատ ունեմ, ես արժանի եմ, եւ նա կասի, իհարկե, արժանի ես»:
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են Սերգեյ Կիվրինի/Sputnik-ի, Ֆոտոլուրի, Հայաստանի Ազգային արխիվի, Օ. Ղայֆաջյանի, Դ.Սմիրնովի, Տ. Բակմանի եւ Ա. Նատալինայի լուսանկարները, ինչպես նաեւ լուսանկարներ Լիլիթ Եփրեմյանի եւ Հովիկ Չարխչյանի արխիվներից: