1958 թվականին ընդունվում է Ֆրանսիայի նոր Սահմանադրությունը. ստեղծվում է Հինգերորդ Հանրապետությունը, Եգիպտոսը եւ Սիրիան ձեւավորում են Միավորված Արաբական Հանրապետությունը, Իրաքում գահընկեց է արվում եւ սպանվում թագավոր Ֆեյսալ II-ը, Բրազիլիայի հավաքականը ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում 5-2 հաշվով հաղթում է Շվեդիային:
Ամերիկյան հետախուզության տեղեկանքը
1958-ի հունիսի 12-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) ընդարձակ տեղեկանք է կազմում Խորհրդային Հայաստանի մասին:
Այնտեղ մասնավորապես ասված էր.
«Երեւանի բնակչությունը լրջորեն է ընդունել 1957թ.-ին Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ ռազմական գործողությունների անմիջական բռնկման հետ կապված Խրուշչովի հայտարարությունները: Խորհրդային Միությունն աջակցում էր Սիրիային, իսկ ԱՄՆ-ը՝ Թուրքիային: Շատ հայեր զգացին, որ այս երկու պետությունների միջեւ ռազմական գործողությունների սկսումը գերտերություններին կներքաշի հակամարտության մեջ: Շատերը գաղտնի ողջունում էին նման պատերազմի հեռանկարները, քանի որ կարծում էին, որ կոմունիստական լծից իրենց ազատագրման հույսը Սովետական Միության ու ԱՄՆ-ի միջեւ խոշոր պատերազմի մեջ է: Այս կարծիքը կիսում էր Խորհրդային Հայաստանում ապրողների մեծամասնությունը: Հակաթուրքական տրամադրություններ չեն եղել, չնայած այն փաստին, որ պատմականորեն հայերը շատ պատճառներ ունեն թուրքերին չսիրելու համար»:
Տեղեկանքի առավել ամբողջական տարբերակը կարող եք կարդալ այս հղումով:
«Առաջին սիրո երգը»
1958 թվականի ապրիլին Երեւանում տեղի է ունենում հայկական կինոյի ամենահայտնի ու ամենասիրված ֆիլմերից մեկի՝ «Առաջին սիրո երգի» պրեմիերան։
Օգոստոսին ֆիլմը ցուցադրվում է նաեւ Մոսկվայում։
Հաջողությունը միայն կինոնկարինը չէր. կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը ֆիլմի համար գրում է երեք երգ՝ «Երեւանի սիրուն աղջիկ», «Իմ Երեւան», «Դու իմ սիրո արեւ», որոնք կարճ ժամանակ անց դառնում են հայ ժողովրդի ամենասիրած երգերից։
«Առաջին սիրո երգը» ֆիլմի սցենարի հեղինակներն էին ռուս դրամատուրգ, սցենարիստ Յակով Վոլչեկը եւ թատերագետ, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ժիրայր Հակոբյանը։ Գլխավոր հերոսի՝ երգիչ Արսեն Վարունցի դերակատարը Խորեն Աբրահամյանն է։ Ֆիլմում խաղում են հայ կինոյի հայտնի դերասաններ Հրաչյա Ներսիսյանը, Օլգա Գուլազյանը, Վերջալույս Միրիջանյանը, Վաղարշ Վաղարշյանը, ռեժիսորներն են Յուրի Երզնկյանը եւ Լաերտ Վաղարշյանը։
Քննադատությունն անտարբեր չէր կարող անցնել ֆիլմի կողքով, եւ չնայած ընդհանուր դրական գնահատականներին, այնուամենայնիվ կային բաներ, որոնք համարվում էին ոչ լիարժեք։
««Առաջին սիրո երգը» ֆիլմի ջատագովներից ոմանք գտնում են, որ ֆինալը լարված ու դրամատիկական է։ Դա, իհարկե, ճիշտ է։ Կինեմատոգրաֆիական լուծմամբ ֆինալն իրոք սուր է եւ հուզող։ Բայց... բայց դրան կավելացնեինք. ֆինալը դրամատիզմով է հագեցած, սակայն հենց այնտեղ է, որ ֆիլմը կորցնում է իր փիլիսոփայությունը, իր կոնցեպցիան, նշանակելիությունը։ Կոնֆլիկտի թեթեւացումից նվազում է ֆիլմի գաղափարական-գեղարվեստական բեռը»,- գրում էր «Սովետական արվեստ» ամսագիրը։
Անկախ կինոքննադատների արձագանքներից՝ «Առաջին սիրո երգը» մեծ ժողովրդականություն է ստանում, եւ 1958 թվականին շուրջ 24 մլն հանդիսատես դիտում է այն։
1958 թվականին ցուցադրվում է նաեւ «Հայֆիլմ» կինոստուդիայի «Անձամբ ճանաչում եմ (Կամո)» գեղարվեստական կինոնկարը։
«Ֆիլմի հեղինակները կարողացել են հուզիչ անկեղծությամբ, ճշմարտացիորեն վերստեղծել հերոսի բնավորության գլխավոր գծերը՝ նրա անսահման, համարյա ֆանատիկական նվիրվածությունը ռեւոլյուցիայի գաղափարներին ու գործին, նրա հնարամտությունն ու կամային մեծ ուժը, միաժամանակ՝ կենսուրախությունն ու համեստությունը»,- գրում էր «Գրական թերթը»։
Կահիրեի կոնֆերանսի մասնակիցները Հայաստանում
1958 թվականի հունվարի 17-ին Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճում կազմակերպվում է հանդիպում Կահիրեի կոնֆերանսի մի քանի մասնակցի հետ։ Կոնֆերանսը տեղի էր ունեցել 1957թ. վերջին. այն գաղութային լծից ազատագրվող Ասիայի եւ Աֆրիկայի երկրների համերաշխության միջոցառում էր։
Կոնֆերանսից երկու շաբաթ անց Ճապոնիայի եւ Քենիայի ներկայացուցիչներ Տոկուո Ակիյաման եւ Հասան Վանին իրենց տպավորություններն էին պատմում Խորհրդային Հայաստանի քաղաքացիներին։ Ակիյաման մասնավորապես նշում էր, որ «Ճապոնական ժողովրդի ամենաառաջին խնդիրն ամերիկյան ռազմական բազաների վերացումն է»։
Հանդիպմանը ելույթ է ունենում գրող Գարեգին Սեւունցը, ով մասնավորապես ասում է.
«Աշխարհում մեծ իրադարձություն տեղի ունեցավ։ Դա քաջարի եւ ազատասեր եգիպտական ժողովրդի հինավուրց մայրաքաղաք Կահիրեում տեղի ունեցած կոնֆերանսն էր։ Այդ կոնֆերանսը քաղաքական եւ տնտեսական անկախության, ամբողջ աշխարհի խաղաղության համար մղվող պայքարում երկու մեծ մայրցամաքների ժողովուրդների սերտ միասնության եւ համերաշխության վառ ցույցն էր»։
Զինված ավազակախմբի դատավճիռը
1958 թվականի հունվարին Հայկական ԽՍՀ գերագույն դատարանն ավարտում է 4-հոգանոց զինված ավազակախմբի գործի քննությունը։ Հրազդանցի, երեւանցի եւ լենինականցի հանցագործներ Գերասիմ Գասպարյանը, Զավեն Հակոբյանը, Մնացական Պողոսյանը եւ Աղվան Զաքարյանը բազմաթիվ զինված հարձակումներ էին գործել Քանաքեռի կոշիկի, ապա նաեւ Լենինականի «Լենկոշ» ֆաբրիկաների վրա, կոտրել էին պահեստների դռները, մեծ քանակությամբ կաշվեղեն գողացել, որոնք վաճառել էին Սուխումում եւ Բաթումում։
«Հակոբյանը եւ Գասպարյանը մտնում են ֆաբրիկայի պահակատունը, զենքի սպառնալիքով նախ լռեցնում են պահակ Հակոբ Խաչատրյանին եւ ապա մուրճի ու երկաթի կտորի բազմաթիվ հարվածներով տանջալից եղանակով սպանում նրան»,- ասվում էր քննության նյութերում:
ՀԽՍՀ գերագույն դատարանը Զավեն Հակոբյանին եւ Գերասիմ Գասպարյանին դատապարտում է պատժի առավելագույն չափի՝ գնդակահարության, իսկ մյուսներին՝ 3-6 տարվա ազատազրկման։ ՀԽՍՀ գերագույն խորհուրդը չի բավարարում հանցագործների ներման խնդրանքը, եւ դատավճիռն ի կատար է ածվում։
Ժան Տեր-Մերկերյանի վերելքի սկիզբը
1958 թվականին Մոսկվայում անցկացվում է ջութակահարների եւ դաշնակահարների՝ Պյոտր Չայկովսկու անվան միջազգային մրցույթը, որի ժյուրիի անդամներից էր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը։
Մրցույթի մասնակիցներից էր Երեւանի կոնսերվատորիայի ուսանող, ջութակահար Ժան Տեր-Մերկերյանը, որն առաջին կարգի դիպլոմի է ստանում։
«Նա շատ լավ ջութակահար է։ Նրա նվագն աչքի է ընկնում գեղեցիկ հնչողությամբ եւ իմաստավորված դարձվածքներով։ Ինձ թվում է, որ հետագա համառ ու սիստեմատիկ աշխատանքով Ժան Տեր-Մերկերյանն իր արժանի տեղը կբռնի առաջնակարգ ջութակահարների շարքում»,- ասել էր Արամ Խաչատրյանը։
Մրցույթի մի քանի դափնեկիր շուտով այցելում են Հայաստան եւ համերգներ տալիս։ Չին դաշնակահար Լյու Շի-Կունը իր տպավորություններում գրել էր.
«Սքանչելի է Երեւանը, սքանչելի է Հայաստանի բնությունը, բայց ամենից սքանչելին հայ մարդիկ են - սրտագին, հյուրասեր, իսկական բարեկամներ։ Դեռեւս 1956-57 թվականներին ես բախտ ունեցա մոտիկից առնչվելու մի հայ երաժիշտի հետ։ Դա իմ ուսուցիչն էր՝ անվանի դաշնակահար Արամ Թաթուլյանը, որը մեծ դեր խաղաց իմ այժմյան հաջողություններում»։
Երեւանի շենքերի արտաքին պերճանքն ու բակերի թշվառությունը
1958 թվականի սեպտեմբերին Ռաֆայել Իսրայելյանն անդրադառնում է Երեւանի բնակելի թաղամասերի չերեւացող խնդիրներից մեկին՝ բակերին։
Նա նշում էր, որ քաղաքի շենքերն ունեն միակողմանի ճարտարապետություն, այսինքն՝ շենքի արտաքին՝ փողոցներին նայող տեսքը գեղեցիկ է, զարդաքանդակներով պատված, ճարտարապետական մեծ արժեք ներկայացնող, սակայն «ներսի» կողմից անշուք է ու խղճուկ։
Եվ իսկապես, այս առանձնահատկությունը կարող են արձանագրել գրեթե բոլոր երեւանցիները։ «Ամբողջ ուշադրությունը դարձնելով փողոցի կողմից ճակատների «արտաքին ձեւավորմանը», մեր ճարտարապետներից շատերն են աչքաթող արել շենքի օրգանական մասը կազմող «բակային ճակատները»։ Դրանք մեզ մոտ միշտ էլ արհամարհվել են, թողնվել անմշակ ու «առանձնակերտ»։ Որքան որ պճնված է որեւէ շենքի՝ փողոց դուրս եկող ճակատը, այնքան գորշ ու անհրապույր է նրա հետնակողմը։ Բակային ճակատները համարյա միշտ միանման ձեւով են կառուցվել, անկախ շենքի ճարտարապետական բնույթից եւ մշակումից»,- գրում էր ճարտարապետը։
Իսրայելյանը նշում էր, որ շենքերի բակային պատշգամբները, որոնք Հայաստանի կլիմայական պայմաններում կարեւոր նշանակություն ունեն, կառուցվում են միանման, նույն տեսքի ու չափի։ 1950-ական թվականների տիպային նախագծով պատշգամբներն ապակուց էին, սակայն հետագայում բնակիչները դրանք փակում էին փայտով, տախտակով կամ քարով հարեւաններից առանձնանալու համար։
«Այսպիսի ինքնագործունեությունը, որ առաջ է գալիս կյանքի պահանջներից, խայտաբղետ տեսք է տալիս շենքին։ Ըստ երեւույթին, Քաղսովետը, ինչպես եւ ճարտարապետները, կարեւոր են համարում փողոցների ճակատների «անձեռնմխելիությունը», իսկ բակի ճակատի հետ՝ ինչ կլինի, թող լինի։ Եվ ահա ձեզ արդյունքը՝ շենքը դառնում է կարկատաններից կազմված այլանդակ վանդակների անկանոն շարվածք։ Մտեք ձեր ցանկացած բակը, նույնիսկ նորակառույց շենքերինը, եւ օրինակը ձեր աչքին կզարնի»,- գրում էր ճարտարապետը։
Մեծ թատրոնի հյուրախաղերը
1958 թվականին Հայաստանում հյուրախաղերի է գալիս Մոսկվայի Մեծ թատրոնը։
Հետեւելով կուսակցության կոչին՝ թատրոնն այցելում է Հայաստանի հեռավոր շրջաններ։ «Թատրոնը դուրս եկավ հեռավոր գաստրոլների, եւ հաճելին այն է, որ նրա առաջին ուղեգրի վրա դրոշմվեց «Հայաստան» բառը։ Հայկական հողի վրա՝ Ալավերդիում, Մեծ թատրոնին հրճվանքով եւ անկեղծ ոգեւորությամբ դիմավորեցին պղնձի արտադրության հերոսները։ Ծաղիկներով եւ հայկական հողի առատ բերքով ողողեցին բազմաթիվ վագոններից կազմված գնացքը Հոկտեմբերյանի շրջանի աշխատավորները։ Էջմիածնի եւ Արտաշատի դաշտերի հերոսները խանդավառությամբ ծափահարեցին Մեծ թատրոնի արտիստներին իրենց բարձր արվեստի համար։
Լենինականի աշխատավորները քաղաքից շատ հեռու եկան դիմավորելու նրանց, ովքեր ռուսական մեծ արվեստը բերել-հասցրել էին Ավետիք Իսահակյանի գովերգած Ալագյազի եւ Մանթաշի փեշերը»,- գրում էր «Սովետական արվեստ» ամսագիրը։
Հայ գրողները միանում են Պաստեռնակի դեմ արշավին
1958 թվականի հոկտեմբերի 28-ին ԽՍՀՄ գրողների միության վարչության նախագահությունը ԽՍՀՄ գրողների միության շարքերից վտարում է գրող Բորիս Պաստեռնակին։ Պատճառը «Բժիշկ Ժիվագո» վեպն էր, որն արժանացել էր գրականության Նոբելյան մրցանակի եւ ԽՍՀՄ ղեկավարության ծայրահեղ բացասական գնահատականին:
Խորհրդային մամուլը, կուսակցական, մշակութային, գրական գրեթե բոլոր կազմակերպությունները ծավալուն հարձակում են սկսում Պաստեռնակի դեմ։ Հայկական գրական շրջանակները նույնպես արձագանքում են՝ բնականաբար հետեւելով կուսակցության հիմնական ուղեգծին։
1958 թվականի նոյեմբերի 5-ին «Գրական թերթը» անդրադառնում է Հայաստանի սովետական գրողների միության վարչության նիստին, որտեղ առանց բացառության բոլորը խստորեն դատապարտում էին Բորիս Պաստեռնակին։
Բացման խոսքում Գրողների միության նախագահ Էդուարդ Թոփչյանն ասում էր, որ Պաստեռնակի արարքը անհամատեղելի է սովետական գրողի կոչմանը։ «Ես արտահայտած կլինեմ Սովետական Հայաստանի բոլոր գրողների ցանկությունը, եթե ասեմ, որ սովետական գրողների ընտանիքում տեղ չկա Պաստեռնակի նման իր վրա սիրահարված ինդիվիդուալիստի համար, որին խորթ են սովետական ժողովուրդը, նրա հերոսական գործերը, Հոկտեմբերյան ռեւոլյուցիայի նվաճումները»,- ասել էր Թոփչյանը։
Հատկապես վրդովվել էր Սերո Խանզադյանը, որը համաձայն չէր Պաստեռնակի վեպում արտահայտված այն մտքին, թե հեղափոխությունը ոչնչացրեց ռուսական մտավորականությանը։ «Կույր պետք է լինել, չտեսնելու համար, թե ինչպիսի ինտելիգենցիա է աճել ոչ միայն Ռուսաստանում, այլեւ սովետական բոլոր ռեսպուբլիկաներում։ Ռուսաստանի, Ուկրաինայի, Անդրկովկասի, Միջին Ասիայի, Մերձբալթիկայի գիտության եւ կուլտուրայի գործիչները կանգնած են համաշխարհային գիտության եւ կուլտուրայի առաջին դիրքերում»,- ասել էր Խանզադյանը։
Հրաչյա Քոչարը Պաստեռնակի արարքը համարում էր դավաճանություն, որը մշակվել ու պատրաստվել էր երկար տարիների ընթացքում։ «Տարիներ շարունակ նա իր հոգում պահում էր ատելությունը սոցիալիստական ռեւոլյուցիայի նկատմամբ եւ վերջիվերջո ընկավ միջազգային ռեակցիայի ճահիճը, դարձավ նրա լակեյը։ Ես ամբողջ պատերազմը անցա եւ տեսա, թե ինչպիսի հերոսությամբ եւ ընկնում էին սովետական հայրենասերները՝ պաշտպանելու համար Հոկտեմբերյան ռեւոլյուցիայի նվաճումները։ Ինձ թվում է, որ Պաստեռնակը այդ ժամանակ ծիծաղում էր թափվող արյան հեղեղների վրա, չարությամբ լցվում, տեսնելով, թե ինչպես է մեր ժողովուրդը պաշտպանում սոցիալիստական հայրենիքը։ Այդպիսի մարդը, որը գովերգում է սպիտակգվարդիականությունը, որն ատում է ժողովրդին, վաղուց չպետք է լիներ սովետական գրողների շարքերում»,- նշել էր Հրաչյա Քոչարը։
Հանդիպում Սարոյանի հետ
1958 թվականի հոկտեմբերին Մոսկվայում էին մի խումբ հայ արվեստագետներ թատերական գործիչների, դրամատուրգների, թատերագետների համամիութենական կոնֆերանսին մասնակցելու համար։ Նրանք իմանում են, որ Մոսկվայում է Վիլյամ Սարոյանը, ով ցանկանում էր հանդիպել հայերի հետ։ Ուշ երեկոյան հյուրանոցում տեղի ունեցած հանդիպման մասին պատմել էր դերասան Գուրգեն Ջանիբեկյանը։
«Գիշերվա տասներկուսի մոտ սենյակի դուռը բախեցին։ Շեմքին երեւաց անբռնազբոս կեցվածքով, ամրակուռ կազմվածքով, անպաճույճ զգեստ հագած, փափուկ գլխարկը անփույթ թեքությամբ գլխին դրած միջահասակ մի մարդ։
- Կսիրե՛մ իմ ժողովուրդս, կսիրեմ,- գոչեց նա հայերեն ու ներս մտավ։ Վիլյամ Սարոյանն էր։
Խոսք բացվեց նրա պիեսների բեմադրության մասին։ Խնդրեցինք, որ իր լավագույն պիեսները տրամադրի մեր թատրոնին։ Նա հայտնեց, որ մի քանի պիես թողել է Մոսկվայի գրողների միությունում՝ թատրոնների համար, շատ ուրախ կլիներ, եթե իր պիեսները տեղ գտնեին Սունդուկյանի անվան թատրոնի խաղացանկում։
Մեր հյուրը գնալով բացվում էր։
- Գալ տարի անպայման կուգամ Հայաստան զավակներուս հետ։ Թող անոնք տեսնեն մեր հայրենիքը։ Կուգամ Արամիս, Լուսիիս հետ: Աղջիկիս անունը դրած եմ մեծ մայրիս անունը: Մայրիկիս շատ պարտական եմ։
Մի պահ լռեց, ապա կարծես ինչ-որ բան հիշելով՝ ասաց.
- Խնդալիք բան մը պատմեմ ձեզի։ Ես Ամերիկայի մեջ արդեն անուն հանած էի… Ծանոթ, անծանոթ մարդիկ եկած էին մայրիկիս քով… Անոնք ըսին մայրիկիս. քու տղադ մեծ մարդ է, գիտե՞ս… Մայրիկս խնդալեն ըսած է. անիկա խենթ է…- Նա բարձրաձայն ծիծաղեց։- Մայրիկիս համար ես խենթ մնացած եմ… Կսիրեմ…
Արդեն առավոտվա ժամը չորսն էր, հրաժեշտ պիտի տայինք:
Սարոյանը բարձրացավ տեղից, լուռ նայեց սեղանին, վերցրեց մի կտոր լավաշ հաց, երկու կտոր գաթա, խնամքով փաթաթեց թղթի մեջ ու ծոցագրպանը դնելով ասաց.
- Աս ալ զավակներուս»։
Երեւան-Հրազդան ապրանքատար գնացքը
1958 թվականի հունվարի 15-ին Երեւանից Հրազդան է ուղեւորվում առաջին ծանրաքարշ ապրանքային գնացքը։
«Ամենքի հպարտությունն է պողպատե նոր ուղին, որ ստեղծվել է հասարակ մարդկանց անձնվեր աշխատանքով։ Իսկ որքա՜ն ջանքեր են պետք եղել, որպեսզի գնացքը կարողանա ազատ սուրալ ծովից 1500-1700 մետր բարձր գտնվող լեռնային այս վայրերով։ Հարկ է եղել ժայռեր տապալել, լեռնաչափ հողաթմբեր կանգնեցնել, բազմաթիվ կամուրջներ կապել։ Եվ ահա նոր ուղին ձգվում է հարազատ երկրի ծանոթ տարածություններով՝ ռեսպուբլիկայի սիրտը՝ Երեւանը, կապելով Կոտայքի, Ախտայի շրջաններին»,- գրում էր «Սովետական Հայաստանը»:
«Արմենիա» հյուրանոցի բացումը
1958 թվականին Լենինի հրապարակում բացվում է «Արմենիա» հյուրանոցը, որի շինարարությունը տեւել էր ութ տարի:
Մարկ Գրիգորյանի եւ Էդուարդ Սարապյանի նախագծած շենքն իր արտաքին տեսքով կապված էր հրապարակի մյուս կառույցների հետ։
Խորհրդային տարիներին «Արմենիա»-ն մտնում էր «Ինտուրիստի» համակարգի մեջ եւ օտարերկրյա հյուրերին սպասարկող գլխավոր տուրիստական հյուրանոցն էր:
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան