1971 թվականին Շվեյցարիայում կայացած հանրաքվեի արդյունքում կանայք ընտրություններին մասնակցելու իրավունք են ստանում, Թուրքիայում բանակի ղեկավարությունը հրաժարական է պարտադրում Սուլեյման Դեմիրելի կառավարությանը, ԽՍՀՄ կոմկուսի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնեւը եռօրյա այցով ժամանում է Վրաստան, Խորհրդային միությունում նշում են Դոստոեւսկու 150-ամյակը:
Գործարկվում է Հրազդանի ՊՇԷԿ առաջին բլոկը
1971 թվականի հունվարին գործարկվում է Հրազդանի պետական շրջանային էլեկտրակայանի (ՊՇԷԿ) առաջին էներգաբլոկը, որն ուներ 200 հազար ԿՎտ հզորություն։
Այսպիսի հզորության էլեկտրակայան Անդրկովկասում չկար։
«Հրազդանի էլեկտրակայանն աչքի է ընկնում ոչ միայն հզորությամբ, այլեւ ինքնատիպ կառուցվածքով։ Սովետական Միությունում առաջին անգամ այստեղ իրականացվեց փակ ջրահովացման սիստեմը։ Դրա համար կառուցվել է 124 մետր բարձրությամբ աշտարակ, որտեղ եւ կատարվում է ջրի հովացումը՝ նվազեցնելով անտեղի կորուստը։ Ագրեգատի շահագործման գրեթե բոլոր պրոցեսները ավտոմատացված են, կառավարման վահանակները հագեցված են բարձր «զգայունության» եւ ճշգրիտ սարքերով»,- գրում էր «Սովետական Հայաստանը»։
Հանրագիտարանի փորձնական տարբերակը
1971 թվականին լույս է տեսնում Հայկական սովետական հանրագիտարանի առաջին փորձնական տարբերակը, որտեղ ներառված էր Ա տառով սկսվող շուրջ 1000 հոդված։
ՀՍՀ-ի տպագրության համար ստեղծվել էր հատուկ տառատեսակ, օգտագործվում էր հատուկ հանրագիտարանային թուղթ։ Տեխնիկական խնդիրներից բացի, մասնագիտական հատուկ քննարկում էին անցնում նաեւ հոդվածների կառուցվածքը, թեմաները, մատուցման ձեւը։
Հանրագիտարանում մեծ տեղ էին հատկացվում Հայաստանի եւ Սփյուռքի պատմությանն ու մշակույթին։
«Բազմաթիվ են գիտական դժվարությունները։ Հանրագիտարանում տեղ գտնող ամեն մի հայագիտական տերմին պետք է արտահայտի գիտության վերջին խոսքը տվյալ հարցի վերաբերյալ։ Մինչդեռ քիչ չեն դեպքերը, երբ գիտությունն ընդհանրապես չի ասել իր այդ խոսքը»,- գրում էր Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրի առաջին տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր Աբել Սիմոնյանը։
Բացվում է «Հրազդան» մարզադաշտը
1971 թ. մայիսի 19-ին Երեւանում պաշտոնապես բացվում է «Հրազդան» մարզադաշտը` «Արարատը» հյուրընկալում է Ալմա-Աթայի «Կայրատին» եւ հաղթում է 3:0 հաշվով:
Ցավոք, «Հրազդան»-ը. որը Երեւանի հպարտություններից մեկն է, վաղուց կիսալքված վիճակում է: Վերջին միջազգային հանդիպումը, որn այն հյուրընկալել էր, 2012 թվականի հոկտեմբերի 12-ի Հայաստանի եւ Իտալիայի ազգային հավաքականների խաղն էր:
«Հրազդան» մարզադաշտի պատմության մանրամասները կարդացեք Մեդիամաքսի «Երեւան. XX դար» նախագծում:
Հայ ճարտարապետների ցուցահանդեսը Մոսկվայում
1971 թվականի փետրվարին Մոսկվայի ճարտարապետների կենտրոնական տանը բացվում է Խորհրդային Հայաստանի ճարտարապետության նվաճումներին նվիրված ցուցահանդես։
Բացման արարողության ժամանակ Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Վարազդատ Հարությունյանն ասում է, որ Հայաստանում զարգանում է քաղաքաշինությունը, արդյունաբերական շինարարությունը եւ փոքր ձեւերի ճարտարապետությունը՝ հիմնականում գյուղական բնակավայրերում։
«Հերոսուհի մայրերը»
1971 թվականի փետրվարի 3-ին ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Խորհրդային Հայաստանի 27 կին ստանում է «Հերոսուհի մայր» պատվավոր կոչումը։
Ուշագրավ է, որ նրանցից 13-ն ազգությամբ ադրբեջանուհի էր։
Մահանում է Թումանյանի կինը
1971 թվականի փետրվարին Երեւանում մահանում է մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կինը՝ Օլգա Թումանյանը։ Նա ծնվել էր 1871 թվականին Թիֆլիսում։
«Թումանյանի վաղաժամ մահից հետո տիկին Օլգան ամբողջովին իր վրա է վերցնում բազմաթիվ զավակների, ապա եւ թոռների դաստիարակության եւ կրթության հոգսը՝ շարունակելով վառ պահել թումանյանական ընտանիքի սրբազան ավանդները։ 1939թ. տիկին Օլգան Հայաստանին է նվիրաբերում Թումանյանի բացառիկ արխիվը՝ ձեռագրերը, որ մեծագույն խնամքով եւ գուրգուրանքով պահել-պահպանել էր ամուսնու մահից հետո։ Զավակների հետ Երեւան տեղափոխվելով՝ տիկին Օլգան մեծապես նպաստեց Թումանյանի տուն-թանգարանի հիմնադրմանը՝ ոչինչ չխնայելով նրա վայելուչ կահավորման եւ հետագա բարեկարգման համար»,- ասված էր ՀԽՍՀ գրողների միության եւ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ցավակցական խոսքում։
Ձկան որսի արգելք Սեւանա լճում
1971 թվականի մարտին ՀԿԿ կենտկոմն ու ՀԽՍՀ մինիստրների խորհուրդն ընդունում են մի շարք որոշումներ՝ միտված Սեւանա լճի ձկան պաշարների ավելացմանը։ Երկու տարով՝ մինչեւ 1973 թվականի ապրիլը, արգելվում էր ցանկացած տեսակի ձկան որսը Սեւանա լճում։
«Այդ նույն ժամկետով արգելվել է սիրողական եւ մարզական ձկնորսությունը։ Գեղարքունիի, ամառային բախտակի եւ կողակի որսը կատարվելու է տարվա միայն մի որոշակի ժամանակ՝ միայն գետերում, այդ ձկների ձվադրության շրջանում»,- հայտնում էր «Սովետական Հայաստանը»։
Աղասի Խանջյանի 70-ամյակը
1971 թվականի մարտի 23-ին կուսակցական գործիչ, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի ծննդյան 70-ամյակի առթիվ Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում տեղի է ունենում հանդիսավոր երեկո։
Միջոցառման ժամանակ Խանջյանի կյանքին ու գործունեությանն է անդրադառնում ՀԿԿ կենտկոմի գիտության եւ ուսումնական հաստատությունների բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ջոն Կիրակոսյանը։
«Աղասի Խանջյանն այն մարդկանցից էր, որոնց վիճակվել է խորը հետք թողնել մեր ժողովրդի վերընթաց երթում, Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության մեջ։ Նա իր ավանդն ունի մեր հանրապետության էկոնոմիկայի, գիտության եւ կուլտուրայի այսօրվա մեծ նվաճումներում»,- ասում է նա։
Մահանում է Ավետ Ավետիսյանը
1971 թվականի մարտի 28-ին 74 տարեկանում մահանում է դերասան, ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ավետ Ավետիսյանը։
Հայկական թատրոնում եւ կինոյում Ավետիսյանը խաղացել է շուրջ վեց տասնյակ դեր։
«Ավետիսյանը բեմ էր բերում մի հմայիչ կենսականություն, հողի բույր, բնության բնականություն, մարդկային հստակ բնութագրություն, ցայտուն գծվածք, միս ու արյուն, որոնք թրծվելով հմայքի հնոցում՝ դառնում էին քանդակ, ամեն կողմից ավարտված, ամեն կողմից դիտվող քանդակ։
Մեծ մխիթարանք է, մեծ երջանկություն, որ էկրանի շնորհիվ, մենք հազար անգամ կարող ենք լսել Ավետիսյանի ձայնը, տեսնել նրան, որոնել եւ գտնել նրա արվեստի չհայտնաբերված հատկանիշները, արվեստի, որ կես դարի չափ իր վրա էր գամում մի քանի սերունդների ուշադրությունը»,- գրել էր «Էկրան» ամսագիրը մեր դերասանի մահախոսականում։
«Խաթաբալա» եւ «Հեղնար աղբյուր» ֆիլմերը
1971 թվականին Հայաստանի կինոթատրոններում ցուցադրվում են «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած «Խաթաբալա» եւ «Հեղնար աղբյուր» գեղարվեստական ֆիլմերը։
Առաջինը նկարահանվել էր Գաբրիել Սունդուկյանի համանուն կատակերգության, իսկ երկրորդը՝ Մկրտիչ Արմենի վիպակի հիման վրա։
Երկու ֆիլմն էլ մեծ հաջողություն են ունենում. Հայկինոպրոկատի տվյալներով՝ պրեմիերայից հետո շուրջ երկու ամսվա ընթացքում յուրաքանչյուր ֆիլմը դիտել էր 300 հազարից ավելի հանդիսատես։
«Հեղնար աղբյուրի» ռեժիսորը Արման Մանարյանն էր, ֆիլմում խաղում էին Սոս Սարգսյանը, Գեղամ Հարությունյանը, Գուժ Մանուկյանը, Գալյա Նովենցը, Ազատ Գասպարյանը։
Թատերագետ Ալեքսանդր Արաքսմանյանը գրում էր. «Գրական եւ կինո «Հեղնարները» նույնատիպ գործեր չեն՝ ռեժիսոր Մանարյանը կարողացել է ստեղծել մի կինոտարբերակ, որով, իմ խորին համոզմամբ, ժամանակակից հնչեղություն է հաղորդել արտաքնապես կենցաղային թվացող այս ողբերգական պատմությանը»։
«Խաթաբալայի» ռեժիսորը Յուրի Երզնկյանն է, գլխավոր դերերում խաղում էին Սոս Սարգսյանը, Մհեր Մկրտչյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Ազատ Շերենցը, Արմեն Խոստիկյանը եւ ուրիշներ։ «Ամեն ինչ սկսվում է վարձու լալկան կանանց փորձելու տեսարանով, որը էկրանում ծավալվելիք մռայլ ֆարսի յուրատեսակ զավեշտական նախաբանն է։ Այստեղ սգալու իրենց արհեստը աճուրդի հանած եղերամայրերի պնդերեսությունը եւ նրանց քստմնելի ծառայությունների արժեքը սակարկող Զանբախովի սառնասիրտ ցինիզմը միախառնվելով, ստեղծում են այն յուրատեսակ ահարկու-զվարճալի ինտոնացիան, որով սկսվում եւ ծավալվում է թաղման տեսարանը։ Այս պատկերը սցենարի հեղինակ Աղասի Այվազյանի ստեղծագործական գյուտն է, որին էկրանային համարժեք մարմնավորում են տվել բեմադրող ռեժիսոր Յուրի Երզնկյանը եւ օպերատոր Սերգեյ Իսրայելյանը»,- գրում էր «Սովետական արվեստը»:
Ռուբեն Մամուլյանի այցը Հայաստան
1971 թվականին առաջին անգամ Հայաստան է գալիս ամերիկահայ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանը։ Նա Երեւան էր եկել ԽՍՀՄ մայրաքաղաքից, որտեղ մասնակցում էր Մոսկվայի 7-րդ միջազգային կինոփառատոնին։
Երեւանում շրջելուց եւ դիտարժան վայրերն այցելելուց հետո Մամուլյանը ՀՀԳ-ի (Արմենպրես) թղթակցին ասել էր.
«Երջանիկ եմ, որ հնարավորություն ունեցա լինելու հայրենիքում, ծանոթանալու նրա կյանքին ու նվաճումներին։ Առաջին անգամ եմ այցելու այս հետաքրքիր երկիրը։ Հսկայական են 50 տարում Հայաստանի հաջողությունները։ Պատմության մեջ առաջին անգամ է հայ ժողովուրդն իր տանն ապրում խաղաղ պայմաններում, ազատորեն կերտում եւ ստեղծագործում։ Ես ցնցված եմ Երեւանից, որը, ի տարբերություն աշխարհի ուրիշ քաղաքների, աչքի է ընկնում իր ազգային կոլորիտով, ճարտարապետությամբ, իսկ հայկական տուֆը այն դարձնում է վարդագույն քաղաք, որին չի կարելի չսիրահարվել»։
Երեւանում Ռուբեն Մամուլյանին հարցնում են, թե կինոարվեստում ո՞ւմ է նա պարտական։ «Երեւի ինձ։ Անգլիայում, Ամերիկայում իրականացրած թատերական տասնյակ բեմադրություններից հետո ինձ հրավիրեցին կինո։ Մեծ համրին հրաժեշտ տալուց հետո համաշխարհային կինոյի պատմության մեջ առաջիններից էի, որ նկարահանեցի հնչյունային ֆիլմ եւ պիոները՝ գունավոր ֆիլմի։ Առաջին գունավոր ֆիլմը կոչվում է «Բեքքի Շարպ»։ 1930-ին էր։ Հիմա ո՞ւմ եմ պարտական»,- պատասխանում է Մամուլյանը։
Մահանում է Միքայել Մազմանյանը
1971 թվականի հոկտեմբերի 29-ին մահանում է անվանի ճարտարապետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Միքայել Մազմանյանը։
1930-35 թթ. Մազմանյանը Երեւանի շինարարական ինստիտուտի (ներկայում՝ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան) առաջին տնօրենն էր։
Մազմանյանը կազմել է Կապանի, Սիսիանի, Տաթեւի, Շինուհայրի, Վանաձորի, Ալավերդու եւ այլ բնակավայրերի գլխավոր հատակագծերը, Երեւանում հեղինակել եւ համահեղինակել է Մանկական երկաթուղու, Կենտրոնական հանրախանութի, Գրապալատի համալիրի եւ այլ նախագծեր։
1939 թվականին Միքայել Մազմանյանը աքսորվեց Նորիլսկ, որտեղ մնաց 18 տարի:
Միքայել Մազմանյանը եւ Գեւորգ Քոչարը ստեղծեցին Նորիլսկի եւ Դուդինկայի գլխավոր հատակագծերը: Աքսորի տարիների ընթացքում Մազմանյանին միայն մեկ անգամ հաջողվեց հանդիպել ընտանիքի հետ: Երկար սպասված հանդիպումը կայացավ 1951 թվականին, երբ նրա կնոջը՝ հանրապետության վաստակավոր արտիստուհի Վարդուշ Ստեփանյանին, կրտսեր աղջկա՝ Ռուզանի հետ վերջապես հաջողվեց Նորիլսկ ուղեւորվել:
Աքսորում ճարտարապետի կյանքի մասին կարդացեք Մեդիամաքսի Մազմանյանի նամակը Նորիլսկից հոդվածում:
Հայկական օպերայի եւ Սպենդիարյանի 100-ամյակները
1971 թվականին Հայաստանում նշում էին հայկական օպերայի 100-ամյակը։
«Արշակ Երկրորդ» անդրանիկ օպերան պատմում էր ժողովրդի ազատագրական պայքարի, ազգային ինքնագիտակցության մասին։ Օպերայի սյուժեն պատմության խորքերն էր թափանցում, բայց եւ խիստ հրատապ էր։ Ուստի եւ «Արշակի» հեղինակ Տիգրան Չուխաջյանի անունը պատմության մեջ հավերժ կներկայացնի ոչ միայն անզուգական երաժշտին, հայ երաժշտական թատրոնի մեծատաղանդ հիմնադրին, այլեւ հայրենասերին, իր ժողովրդի քաջակորով որդուն։ «Արշակ Երկրորդ» օպերան մինչեւ օրս էլ չի կորցրել իր ինքնատիպ հմայքը եւ շատ սիրված Հայաստանում»,- գրում էր Արամ Խաչատրյանը։
«Արշակ Երկրորդ» օպերան Խորհրդային Հայաստանում բեմադրվել էր 1945 եւ 1956 թվականներին։
Երրորդ անգամ բեմադրվում է 1971-ին. դիրիժորը Օհան Դուրյանն էր։ «Յուրաքանչյուր ժողովուրդ կհպարտանար, եթե հարյուր տարի առաջ նման ստեղծագործություն ունենար։ Այն փաստը, որ սրանից հարյուր տարի առաջ հայ կոմպոզիտորը գրել է ըստ ամենայնի պրոֆեսիոնալ, բարձր երաժշտական-գեղարվեստական արժանիքներով, իսկական օպերային դրամատուրգիայով օժտված երկ, այսօր պարտավորեցնում է մեր կոմպոզիտորներին ավելի արդյունավետ աշխատելու այդ ժանրի ասպարեզում»,- ասել էր Օհան Դուրյանը։
1971 թվականի հոկտեմբերի 20-ին Հայաստանում մեծ շուքով նշում են նաեւ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 100-ամյակը։
«Հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի սկզբնավորողներից էր նա՝ մեծ Կոմիտասի հետ մեկտեղ, եւ նրանց ստեղծագործությունը ամենաարժեքավորի ու ամենահեռանկարայինի հիմքը դրեց մեր երաժշտության մեջ՝ կանխորոշելով վերջինիս հետագա ճակատագիրը։ Սպենդիարյանը առաջիններից մեկն էր, որ կամուրջ գցեց «եվրոպական» եւ «արեւելյան» երաժշտության միջեւ, Արեւելքի ժողովուրդների երաժշտական մշակույթի մեջ տեսավ այն սկզբնաղբյուրը, որ կարող էր հարստացնել ու թարմացնել համաշխարհային երաժշտական արվեստը»,- գրել էր կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը։
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են լուսանկարներ Գուրգեն Մուշեղյանի եւ Լիլիթ Տեր-Մինասյանի արխիվներից: