Հայկական Կարմիր. 1968



1968 թվականին Մեխիկոյում կայանում են XIX Ամառային օլիմպիական խաղերը, Փարիզում տեղի է ունենում ուսանողական հեղափոխությունը, իսկ Չեխոսլովակիայում՝ «Պրահայի գարունը»:


Երեւանի հիմնադրման 2750-ամյակը


1968 թվականին Հայաստանում տոնում են Երեւանի հիմնադրման 2750-ամյակը։

Պատմական այս իրադարձությունը նշելը միայն տոնական արարողությունները չէին. ամբողջ տարվա ընթացքում կազմակերպվում էին համերգներ, մշակութային միջոցառումներ, տպագրվում էին գրքեր, բուկլետներ, պատրաստվում հուշամեդալներ։

 

 

Հայաստանի իշխանությունները ցուցադրում էին, թե ինչ ձեռքբերումներ էին ունեցել Երեւանի խորհրդային կարգերի հաստատումից հետո։ Ամսագրերն ու թերթերը տպագրում էին քաղաքի նախահեղափոխական շրջանի լուսանկարները, վիճակագրական տվյալները՝ դրանք համեմատելով հետագա ձեռքբերումների ու նվաճումների հետ։

 

 

«Սովետական արվեստ» ամսագիրը Արգիշտի Ա արքայի՝ Էրեբունի ամրոցը հիմնադրելու արձանագրության սեպագրերի նմանությամբ փոքրիկ տեքստ էր տպագրել, որտեղ գովերգվում էր հետհեղափոխական Երեւանը.

«Հոկտեմբերյան ուժով ժողովուրդը հայոց
այս քաղաքը զորացրեց
հոյակապ կոչեց Երեւան նոր
մայրաքաղաք հայության որպես
Արարատյան երկրի հրաշք
աշխարհի երկրներին ի զարմանս»:

 

 

1968թ. հոկտեմբերի 19-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում տեղի է ունենում հանդիսավոր նիստ։

Նիստում ելույթ է ունենում ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը։ Նախքան ձեռքբերումներին անդրադառնալը, նա նշում էր, որ Երեւանի պատմությունը սկսվում է խորհրդային կարգերի հաստատումից հետո։ «Մեր սիրելի քաղաքի փառապանծ պատմությունը սկսվում է 1920 թվականի նոյեմբերից, երբ Հոկտեմբերով ոգեշնչված հայ ժողովուրդն ազատվեց հոգեվարքի ճիրաններից եւ ոտք դրեց վերածնության շեմին։ Անցյալում օտարների կողմից հալածված եւ բազմիցս ավերված Երեւանն այսօր ջերմացել է սովետական ժողովուրդների եղբայրական բարեկամությամբ եւ ապավինած այդ անխորտակ բարեկամությանը վստահորեն գնում է կոմունիստական գալիքին ընդառաջ»,- ասել էր Անտոն Քոչինյանը։

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 20-ին, տոնական միջոցառումներ են տեղի ունենում Էրեբունի ամրոցի մոտ, իսկ երեկոյան՝ մեծ համերգ Հանրապետական մարզադաշտում։

Ըստ Պարույր Սեւակի՝ Երեւանում կրկնակի տոն էր, որովհետեւ Հայաստանը երկրորդ անգամ պարգեւատրվել էր Լենինի շքանշանով։ «Մենք հպարտության օրինական զգացումով նշում ենք մեր հանրապետության մայրաքաղաքի՝ աշխարհի հնագույն քաղաքներից մեկի ծննդյան 2750-ամյակը։ Դարավոր, բայց նաեւ պատանի Երեւանն իր հոբելյանի նախօրյակին մեծարժեք պարգեւ է ստացել իր ավագ եղբայր Մոսկվայից, Հայաստանի հանրապետությունը՝ իր ծնողից՝ Սովետական Միությունից։ Ստացել է նվերներից ամենաթանկը՝ Լենինի շքանշան»,- ասել էր բանաստեղծը։

 

 

1968 թվականին Երեւանի կենտրոնում բացվում է «Էրեբունի-Երեւան 2750» շատրվանային համալիրը, որի պատմությանը կարող եք ծանոթանալ Մեդիամաքսի «Երեւան. XX դար» նախագծում:


Մոհամեդ Ռեզա Փեհլեւին այցելում է Երեւան


1968 թվականի հոկտեմբերի 1-ին Երեւան է այցելում Իրանի շահնշահ Մոհամեդ Ռեզա Փեհլեւին, որը պաշտոնական այցով Սովետական միությունում էր։

Շահնշահին օդանավակայանում դիմավորում են Հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի նախագահության նախագահ Նագուշ Հարությունյանը եւ մինիստրների սովետի նախագահ Բադալ Մուրադյանը։

 

 

«Իրանի շահնշահի հետ Երեւան ժամանեցին Իրանի արտաքին գործերի մինիստր Աբդեշիր Զահեդին, Սովետական Միությունում Իրանի դեսպան Ահմեդ Միրֆենդերեսկին, շահնշահի զինվորական համհարզները՝ գեներալ Մոհամադ Ֆազլին եւ ծովակալ Շամսեդդին Սաֆավին, շահնշահի պալատի մինիստրի տեղակալներ Աբոլֆատ Աթաբալին եւ Շոջաէդդին Շաֆան»,- գրում է «Ավանգարդը»։


Հոկտեմբերի 3-ին Մոհամեդ Ռեզա Փեհլեւին Երեւանից մեկնում է Թբիլիսի։


Սարդարապատի հուշահամալիրի բացումը


1968 թվականի մայիսին բացվում է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը։

«Հոկտեմբերյանից մի փոքր հեռու, այնտեղ, ուր հիսուն տարի առաջ ծավալվեց Սարդարապատի հերոսամարտը, ստեղծվեց զբոսայգի-հուշարձան։

Լայն ճանապարհը մոտենում է համակառույցին։ Մուտքը երկու կողմից հսկում են ֆանտաստիկ, թեւավոր ցուլեր։ Դիմացը բարձր զանգակատունն է։ Արտահայտիչ սիլուետ, ամփոփ կոմպոզիցիա։ Մտնում ենք, թեքվում ձախ։ Քարացած արծիվներ՝ լուռ, խոժոռ, էպիկական։ Առջեւում կիսակոր քանդակազարդ պատ է՝ թեւավոր երեք նժույգներ, որ սմբակների տակ ճզմում են իժերին։ Մայր հայրենիքի ալեգորիան՝ խաղողի ողկույզներով պատված տխրամած կնոջ դեմք։ Կենտրոնի կամարից այն կողմ ներքնատունն է, ճաշասրահը, հանգստի սենյակները, կառուցված տեղի կարմրաշեկ տուֆից։ Համակառույցը լրացվում է մեծ ջրավազանով, ծառուղիներով, կանաչ սիզամարգերով եւ ծաղիկներով»,- գրում էր «Սովետական արվեստը»:

 

 

Սարդարապատի հուշահամալիրի հեղինակներն են ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, կոնստրուկտոր Ավետիք Թեքնեջյանը, քանդակագործներ Արա Հարությունյանը, Սամվել Մանասյանը, Արշամ Շահինյանը, նկարիչներ Ցոլակ Ազիզյանը եւ Կարապետ Եղիազարյանը:


Մահանում է Փափազյանը


1968թ. հունիսի 5-ին մահանում է հայ նշանավոր դերասան Վահրամ Փափազյանը։ 1968-ի հունվարին լրացել էր մեծանուն վարպետի ծննդյան 80-ամյակը, որը Հայաստանը պատրաստվում էր բարձր մակարդակով նշելու. ստեղծվել էր հոբելյանական հանձնաժողով։ Փափազյանը խնդրել էր միջոցառումն անցկացնել մայիսի 27-ին, հետո՝ հունիսի 17-ին...

 

 

«Սովետական արվեստ» ամսագիրը 1968թ. 8-րդ համարում տպագրում է Ռուբեն Զարյանի զեկույցը՝ նվիրված տաղանդավոր դերասանին։ Զեկույց, որը չէր կարդացվել...

«Վարպետաց վարպետ.

Երկար մտածեցի, թե ինչ ասեմ եւ ինչպես ասեմ։ Այսօր առանձնահատուկ օր է, Դուք ոտք դրեցիք Ձեր կյանքի 80-րդ տարին։ Մտածեցի ու գտա, որ ամենապատշաճ ձեւը երեւի կլինի ժողովրդի անունից խոսք ասելը...

 

 

Բնությունը շատ բան կարող է տալ, միայն թե նրա տվածը պետք է մշակվի, պետք է զարգանա, հղկվի ու խորանա։ Մեծությունը ամայի տեղում չի ծնվում, ծնվում է ազգային հողի վրա, առանց, սակայն, սահմանափակելու իրեն հայրենականով։ Դու, սիրելի զավակս, հայոց պատմությունից գնացիր դեպի համաշխարհային պատմությունը, հայոց արվեստից գնացիր դեպի համաշխարհային արվեստը, ազգայինից՝ համամարդկայինը։ Եվ տուն դարձար՝ բազմապատիկ հարստացած, քան այն պահին, երբ ցուպը ձեռքիդ ճանապարհ էիր ընկնում դեպի օտար երկրներ»։


Քաղաքաշինական խնդիրները գյուղերում


Խորհրդային Հայաստանի քաղաքաշինության ու ճարտարապետության խնդիրները վերաբերում էին ոչ միայն քաղաքներին, այլեւ գյուղերին: Հայաստանում կային (հիմա էլ կան) բազմաթիվ գյուղեր, որոնք կառուցվել էին առանց նախագծման եւ ենթակառուցվածքների արդյունավետ համակարգի:

Այս խնդրին 1968 թվականին անդրադառնում էր ճարտարապետ Ռազմիկ Ալավերդյանը՝ գրելով, որ այս հարցում զգալի անելիքներ ունեին անելու նաեւ ճարտարապետները: Նա նշում էր, որ գյուղերում առանձնատները կառուցվում էին ըստ կառուցապատողի ցանկության, նրանք էին որոշում տան ձեւը, չափը, օգտագործվող շինանյութի քանակն ու տեսակը, քանի որ տիպային նախագծեր կամ չկային, իսկ եղածն էլ չէր բավարարում մարդկանց: «Կան հազվագյուտ շենքեր՝ անհատական նախագծերով: Այդպիսի տները նույն գյուղի համար տիպային նախագծի օրինակ են ծառայել: Նմանօրինակ կառուցումների մեջ շինարարական ավելորդությունները, անտեղի ծանրացումները, քարե ավելորդ պատերը, ցեմենտի անհաշիվ ծախսումները մեծ ծավալ են կազմում»,- գրում էր Ալավերդյանը:

Գյուղերում խնդրահարույց էր նաեւ դպրոցների կառուցումը: Այդ ժամանակ կար դպրոցի մի քանի տիպային նախագիծ՝ 964, 520 եւ 420 աշակերտների համար, որոնք հաճախ հնարավոր չէր լինում կառուցել գյուղերում: «Երբեմն խանգարում է հենց անհարթ տեղանքը: Ահա այստեղ է, որ անհրաժեշտ է ունենալ կամ բազմազան տիպային նախագծեր, կամ անցնել անհատական նախագծերի»,- գրում էր ճարտարապետը:

Ռազմիկ Ալավերդյանը կարեւորում էր նաեւ նախագծերի տնտեսական բաղադրիչը՝ նշելով, որ ամեն բնակավայրում պետք է օգտագործել այն շինանյութը, որով հարուստ է տվյալ բնակավայրը: «Գորիսի, Սիսիանի, Կապանի շրջանների համար նախագծեր պատրաստելիս ինչպե՞ս կարելի է հաշվի չառնել այդ շրջաններում դարավոր տրադիցիա դարձած պատի շարվածքի ուրույն, գեղեցիկ ձեւը, տեղական փոքր չափերի բազալտ քարից: Թե՛ գեղագիտական, թե՛ տնտեսական տեսակետից անթույլատրելի է Արթիկի տուֆաքարը տեղափոխել Կապան կամ Գորիս եւ կամ Եղեգնաձորի շրջանի հիանալի ֆելզիտները չկարողանալ ի հարկին օգտագործել: Ամեն գյուղ իր դեմքն ունի, նրա գեղեցկությունը եզակի լինելու մեջ է»:


«Ղազարը գնում է պատերազմ»


1968 թվականին Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրվում է «Ղազարը գնում է պատերազմ» ներկայացումը՝ Գեւորգ Հարությունյանի «Գլխի գինն է հիսուն միլիոն» պիեսի հիման վրա:

Բեմադրող ռեժիսորը Հրաչյա Ղափլանյանն էր, Ղազարի դերում՝ Մհեր Մկրտչյանը:

 

 

«Այս ներկայացումը հայ գեղջուկ Ղազարի մասին է: Իր արտ ու վարից, օջախից ու գյուղից այն կողմ ոչինչ չտեսնող ու չիմացող այդ «անշառ» մարդը չէր ուզում գնալ պատերազմ, բայց ահա պատահում է այնպես, որ գնում է: Կռիվն ու արյունը հեռու են նրա «մասնագիտությունից», բայց ստիպված է ձեռքը զենք վերցնել»,- գրում էին քննադատները:


Մեծերի արձանները՝ Մատենադարանի մուտքի մոտ


1968 թվականին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մուտքի աջ ու ձախ կողմերում տեղադրվում են հայ մշակույթի մեծանուն գործիչների արձանները։

 

 

Մովսես Խորենացու արձանը կերտել էր Երեմ Վարդանյանը, Մխիթար Գոշի արձանը՝ Ղուկաս Չուբարյանը, Ֆրիկի արձանը՝ Սուրեն Նազարյանը, Թորոս Ռոսլինի արձանը՝ Արշամ Շահինյանը, Գրիգոր Տաթեւացու արձանը՝ Ադիբեգ Գրիգորյանը, Անանիա Շիրակացու արձանը՝ Գրիգոր Բադալյանը:

 

 

Կոսիգինի եւ Սարյանի հանդիպումը


1968 թվականին Հայաստան է այցելում ԽՍՀՄ մինիստրների սովետի նախագահ Ալեքսեյ Կոսիգինը։

 

 

Խորհրդային կառավարության ղեկավարը ծանոթացավ Երեւանին, քաղաքի տեսարժան վայրերին ու մարդկանց։ Կոսիգինը այցելեց նաեւ Մարտիրոս Սարյանին, դիտեց նկարչի թանգարանը։


Ռայկինի եւ Ալիխանյանի բարեկամությունը


1968 թվականին Երեւան է այցելում խորհրդային հայտնի դերասան Արկադի Ռայկինը: Մի քանի երգիծական համերգ տալուց հետո նա մասնակցում է Հայաստանի հեռուստատեսության «Մեր հյուրերը» հաղորդմանը։

Խոսելով Հայաստանի մասին՝ Ռայկինն ասում է.

«Մենք այստեղ զարմանահրաշ բաներ տեսանք... Ահա ձեր ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչը, որը ղեկավարում է հիանալի մի գիտնական՝ Արտյոմ Ալիխանյանը։ Սա մի գործ է, որ արվել է ոչ միայն ձեր հանրապետության, այլեւ ամբողջ երկրի համար։ ...Ինչքան ուշադիր է, օրինակ, ինքը՝ Ալիխանյանը գրականության, արվեստի նկատմամբ։ Նա սիրում է կերպարվեստը, օգնում նկարիչներին։ Ինձ մոտ տանը կախված է Կալենցի երկու դիմանկար։ Եվ ծանոթացել եմ երեւանցի այդ հիանալի նկարչի հետ ո՞ւմ միջոցով։ Ֆիզիկոս Ալիխանյանի»,- ասում էր Ռայկինը։

 

 

Նա պատմում էր Դիլիջանի Կոմպոզիտորների միության տան, Մարտիրոս Սարյանի հետ հանդիպման, Սերգեյ Փարաջանյանի ֆիլմի եւ Հայաստանում հանդիպած ուրիշ հետաքրքիր մարդկանց ու դիտարժան վայրերի մասին։

«Մենք դիտեցինք Փարաջանյանի նկարը 19-րդ դարի ձեր հիանալի նկարչի՝ Հովնաթանյանի մասին։ Ինչքան լավ է արված այդ ֆիլմը»,- ասել էր Ռայկինը։


Հունգարական արվեստի փառատոնը


1968 թվականի հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 2-ը Երեւանում անցկացվում է հունգարական արվեստի փառատոն, որի շրջանակում ցուցադրվում են նաեւ հունգարական ֆիլմեր։

 

 

«Հունգարական կինոարվեստը ներկայացավ լայն ծրագրով։ «Արագած» կինոթատրոնում տեղի ունեցավ Սովետական Միության մեջ առաջին անգամ ցուցադրվող «Սիրո երեք գիշեր» ֆիլմի պրեմիերան։ Այնուհետեւ ցուցադրվեցին մի շարք գեղարվեստական եւ փաստավավերագրական ֆիլմեր։ Նոյեմբերի 1-ին Արագած կինոթատրոնում հանդիսականները հանդիպեցին հունգարական պատվիրակության անդամների հետ»,- գրում էր «Էկրան» ամսագիրը։


«Ապրում էր մարդը»


1968 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում Յուրի Երզնկյանը նկարում է «Ապրում էր մարդը» ֆիլմը։ Ֆիլմում խաղում էին Արմեն Ջիգարխանյանը, Զեմֆիրա Ցախիլովան, Հովակ Գալոյանը, Գուրգեն Թոնունցը, Օրի Բունբիաթյանը։

 

 

Ֆիլմի պրեմիերայից հետո բազմաթիվ մարդիկ նամակներ են գրում «Էկրան» ամսագրին. ոմանց խորապես հուզել էր ֆիլմը, ոմանք էլ գտնում էին, որ ֆիլմը չի ստացվել։ «...Նկարը բավական քչախոս է ու զուսպ, բայց ժլատ խոսքերի տակ, համարյա ոչինչ չկա, ոչ խորը մտքեր, ոչ վարակող հույզեր, միայն երկար ու լուռ անցումներ, բազմանշանակ ու սեւեռուն հայացքներ, ինչ-որ բան խորհրդանշող եկեղեցիներ։ Կարճ ասած՝ էկրանի վրա բաբախում է մի թույլ զարկերակ, որը չի աշխուժանում անգամ, երբ նրան մերթ ընդ մերթ ներարկում են մահեր՝ մեկը, երկրորդը, երրորդը...»,- գրում էր հանդիսատեսներից մեկը։

 

Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

 

«Հայկական Կարմիրը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Հայկական Կարմիր»-ը պատմում է Խորհրդային Հայաստանի (1921-1991թթ.) մասին:

«Հայկական Կարմիր»-ի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում խորհրդային շրջանի մեկ տարվա նշանակալի քաղաքական, տնտեսական եւ մշակութային իրադարձությունները: