Հայկական Կարմիր. 1956



1956 թվականին Թբիլիսիում տեղի են ունենում ցույցեր՝ ի պաշտպանություն Ստալինի, որոնք ճնշվում են բանակի կողմից, ԽՍՀՄ-ը երկու անգամ զորքեր է մտցնում Հունգարիա, Վյաչեսլավ Մոլոտովն ազատվում է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարի պաշտոնից, Դուայթ Էյզենհաուերը վերընտրվում է ԱՄՆ նախագահի պաշտոնում, Իրանի շահ Մոհամեդ Ռեզա Փեհլեւին կատարում է առաջին այցը Խորհրդային միություն, շվեյցարական Լուգանոյում անցկացվում է առաջին «Եվրատեսիլ» մրցույթը, Մելբուռնը հյուրընկալում է XVI ամառային Օլիմպիական խաղերը։


ԽՄԿԿ 20-րդ համագումարը


1956 թվականի ամենակարեւոր իրադարձություններից մեկը փետրվարի 14-25-ը անցկացված ԽՄԿԿ 20-րդ համագումարն էր, որը մշակեց եւ հաստատեց 6-րդ հնգամյակի (1956-60) տնտեսական զարգացման հիմնական ուղենիշները։

 

 

Բոլոր հանրապետությունների համար սահմանվում էին առանձին ուղենիշներ, որոնք պետք է վերածվեին գործողությունների ծրագրերի եւ իրականացվեին։ Մինչեւ 1960թ. Խորհրդային Հայաստանը արդյունաբերական համախառն արտադրանքը պետք է ավելացներ 1.7, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 1.3, հանքային պարարտանյութերը՝ 1.6, ցեմենտինը՝ 2, գինունը՝ 1.4 անգամ։

«Ավանգարդ» թերթը ներկայացնում էր անելիքների ցանկը․

«Ավարտել Սեւան-Հրազդան կասկադի հիդրոէլեկտրակայանների շինարարությունը եւ սկսել 100 հազար ԿՎտ կարողությամբ Տաթեւի հիդրոէլեկտրակայանի կառուցումը։ Կառուցել ացետատային մետաքսի գործարան, գործիքաշինական եւ պահածոյի գործարաններ, ավարտել Թալինի եւ Արզնի-Շամիրամ ոռոգման համակարգի շինարարության առաջին մասը»։

Համագումարում ելույթ է ունենում ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Թովմասյանը։ Բացի տնտեսական խնդիրներից ու լենինյան գաղափարներն իրականացնելու վճռականությունից, նա անդրադառնում է նաեւ Ամերիկային՝ նշելով, թե «ամերիկյան որոշ շրջանակներ առանձնահատուկ հետաքրքրությամբ զբաղվում են հայկական պրոբլեմով»։

««Նյու Յորք Թայմս» թերթը վերջերս պնդում էր, թե իբր դաշնակների կառավարության շրջանում Հայաստանն ավելի լավ էր ապրում, քան այժմ։ ...Բայց հայ ժողովուրդը լավ է հիշում ամերիկյան գաղութարարներին, թուրքական սուլթանական դահիճներին եւ դաշնակցական ավանտյուրիստներին, որոնք ժամանակին Հայաստանը դարձրել էին որբերի երկիր, արցունքի եւ կամայականության երկիր»,- ասել էր Թովմասյանը։

 

 

ԽՄԿԿ 20-րդ համագումարը միայն տնտեսական զարգացման ծրագրերը քննարկելու չէր գումարվել։ ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը եւ քաղբյուրոյի մի քանի անդամ, այդ թվում՝ Անաստաս Միկոյանը, որոշել էին քաղաքական գնահատական տալ Ստալինի գործունեությանը։

Փետրվարի 24-ին եւ 25-ին Խրուշչովը ելույթ է ունենում 20-րդ համագումարի փակ նիստում եւ խստորեն քննադատում 30-ական թվականների բռնությունները, կուսակցական ընկերների աքսորն ու սպանությունները։ Նիստի մասնակիցներին բաժանվում է դեռեւս 1922-23 թվականներին Լենինի գրած նամակները, որտեղ նա հորդորում էր կուսակիցներին իշխանությունը ոչ մի դեպքում Ստալինին չհանձնել։ 20-րդ համագումարում անդրադառնում են նաեւ 1953-ի դեկտեմբերին գնդակահարված Լավրենտի Բերիային։

Թովմասյանն իր ելույթում նշել էր․

«Միջազգային իմպերիալիզմի գործակալ Բերիան եւ նրա բանդան փորձում էին բարոյալքել մեր ռեսպուբլիկայի պարտիական կազմակերպությունը։ Նրանք մեծ վնաս հասցրին Հայաստանի Կոմունիստական պարտիայի ղեկավար կադրերին եւ հայ ժողովրդին։ ՍՄԿԿ կենտկոմը ժամանակին մերկացրեց ժողովրդի թշնամի Բերիայի նողկալի շայկային։ Կենտրոնական կոմիտեի անմիջական ղեկավարությամբ եւ օգնությամբ ռեսպուբլիկայում մեծ աշխատանք կատարվեց պարտիայի եւ սովետական ժողովրդի արգահատելի թշնամու նողկալի գործունեության հետեւանքները վերացնելու ուղղությամբ»։


«Անիմաստ զարդարության» դեմ


1950-ականները ԽՍՀՄ-ում հսկայածավալ շինարարության ժամանակաշրջան էր։ Խորհրդային մեծ երկիրը պետք է կարողանար բնակարանով ապահովել միլիոնավոր մարդկանց։ Որքան շատ էին շենքի արտաքին ձեւավորման դետալները՝ պատշգամբներ, սյուներ, զարդաքանդակներ, այնքան ավելի թանկանում էր շինարարությունը, եւ ԽՍՀՄ ղեկավարները սկսում են ավելի վճռականորեն խոսել խնայողության մասին։

20-րդ համագումարում Խրուշչովն անդրադառնում է այս հարցին՝ ասելով, որ «Մենք չենք կարող թույլ տալ, որ միլիոնավոր ռուբլիներ ծախսվեն անիմաստ զարդարության վրա»։

1956թ. փետրվարին «Պարտիական կյանք» ամսագրում կոնկրետ օրինակներով նշված էր, թե Երեւան քաղաքի որ շենքերն են «զարդարված ավելորդ ցուցամոլությամբ»։

«Բաղրամյան փողոցի վրա «Կանազ» գործարանի, Մոսկովյան փողոցի Մինիստրների սովետի եւ մի շարք ուրիշ բնակելի շենքերի կառուցման ընթացքում տուրք է տրվել ցուցամոլության, օգտագործված են բազմաթիվ սյունաշարքեր, սյունասրահներ, բարդ ու անհարմար խոյակներ, լոջիաներ, զարդաքանդակներ, որոնք արխայիկ տեսք են տալիս տներին եւ միաժամանակ կորցնում են բնակելի շենքի արտահայտչությունը»։

Անդրադարձ կար նաեւ ճարտարապետ Զավեն Բախշինյանի Գոլովինոյում (Դիլիջան) կառուցված առողջարանի արտաքին տեսքին։ «Շենքի բոլոր կողմերի կամարապատ սրահները, ինչպես նաեւ լոջիաները ներսի կողմերից երեսպատվում են զանազան գույնի թանկարժեք ֆելզիտներով։ Այս շինանյութն իր հատկություններով հարմար չէ եւ չի թույլատրվում օգտագործել խոնավ վայրերի կառույցներում, բայց ընկ. Բախշինյանը, «հեղինակի իրավունքները պաշտպանելու» լոզունգի տակ, կանգ չառնելով պետական հսկա գումարները շռայլելու առջեւ, արդեն շենքի հիմնական մասը կառուցել է այդ արատավոր ոճով»,- գրում էր «Պարտիական կյանքը»։

 

 

1956-ին Երեւան քաղաքում 1 մ2 բնակելի տարածքի արժեքը 1500-1600 ռուբլի էր, իսկ սյուների ու զարդաքանդակների դեպքում այդ արժեքը հասնում էր 2600, անգամ՝ 3000 ռուբլու։ Այս քննարկումներին շուտով հաջորդում են խորհրդային տիպային շենքերը, որոնք ժողովրդի շրջանում ստանում են «խրուշչովկա» անվանումը։ Դրանք երկաթբետոնե պատրաստի կոնստրուկցիաներով եւ նվազագույն հարմարավետությամբ շենքեր էին, որոնցով կարճ ժամանակ անց հեղեղվում են խորհրդային հանրապետությունների գրեթե բոլոր քաղաքները։


Կայարանի «գլխատված» շենքի բացումը


1956 թվականին բացվում է ճարտարապետ Էդմոն Տիգրանյանի նախագծած Երեւանի երկաթուղային կայարանի նոր շենքը:

 

 

Շենքը պետք է այլ տեսք ունենար, սակայն 1955 թվականից Խորհրդային միության ղեկավարները որոշել էին, որ արտաքին ձեւավորումներն ու զարդաքանդակները «ավելորդ ճոխություն» էին:

 

 

Չնայած Երեւանը որոշման մեջ չէր հիշատակվում, այն չէր կարող անհետեւանք մնալ Հայաստանի համար: Մի շարք կառույցների նախագծեր, անգամ նրանք, որոնք գտնվում էին շինարարության ավարտական փուլում, վերանայվեցին ու «գլխատվեցին»: Այդպես եղավ նաեւ կայարանի շենքի հետ. 1956 թվականին այն բացվեց առանց հայտնի գմբեթի, որը կառուցվեց տարիներ անց` շենքին տալով այն ավարտուն տեսքը, որը նախատեսել էր ճարտարապետը:

 

 

Կայարանի շենքի պատմության մասին կարդացեք Մեդիամաքսի «Երեւան. XX դար» նախագծում:


Քրիստիան Պինոյի այցը եւ հայրենադարձների հուսահատությունը


1956 թվականին Հայաստան է այցելում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քրիստիան Պինոն։

Մի քանի տարի առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) մի շարք փաստաթղթեր գաղտնազերծեց․ 1958 թվականի հունիսի 12-ին կազմված տեղեկանքում կարդում ենք․

«1947-48թթ-ին՝ հետպատերազմյան շրջանում մոտ 8 000-10.000 հայեր Ֆրանսիայից, Հունաստանից եւ ԱՄՆ-ից հայրենադարձվել են ՀԽՍՀ: Կոմունիստական ռեժիմում անբարենպաստ կենսապայմաններում ապրելուց հետո նրանց ճնշող մեծամասնությունը կվերադառնային իրենց բնակության նախկին վայրերը, եթե կոմունիստական ղեկավարությունը թույլ տար նրանց:

 

 

Երբ 1956թ-ին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քրիստիան Պինոն այցելեց Հայաստան, Ֆրանսիայից շատ նախկին հայրենադարձներ նրա հետ քննարկեցին Ֆրանսիա վերադառնալու հնարավորությունները:

Որպես այս քննարկումների արդյունք՝ Պինոն խոստացավ նրանց պահանջները բարձրացնել Մոսկվայում: Հաջողության հույս ունենալով՝ շատ հայրենադարձներ վաճառեցին իրենց տներն ու անձնական իրերը՝ նախապատրաստվելով Խորհրդային Միությունից մեկնելուն: Երբ հետագայում պարզվեց, որ Պինոյի պահանջը Սովետական Միության կողմից կտրականապես մերժվել է, այդ հայերը կանգնեցին երկընտրանքի առաջ: Շատերը զգուշանում էին՝ վախենալով, որ խորհրդային իշխանությունները կտրուկ գործողությունների կդիմեն նրանց դեմ՝ Հայաստանը լքելու ցանկության համար: Նրանք, ովքեր վաճառել էին իրենց տներն ու անձնական իրերը, կանգնեցին բնակվելու համար այլ թաղամասեր փնտրելու խնդրի առաջ: Երբ կոմունիստական իշխանություններն այս հայերի դեմ որեւէ գործողություններ չձեռնարկեցին, շատերն անցան իրենց նախկին կարգավիճակին` իրադարձությունների շրջադարձից լիովին հուսահատված եւ զայրացած»:


Գուսանի հոբելյանը


1956 թվականի հունվարի 29-ին Արվեստի աշխատողների տանը նշվում է անվանի գուսան Հավասու (Արմենակ Մարկոսյան) ծննդյան 60-ամյակը։

Հանդիսավոր նիստը բացում է ժողովրդական արտիստ Շարա Տալյանը։ «Հավասու երգերը վայելում են մեծ ժողովրդականություն, որովհետեւ նրա երգային արվեստը, իր բնույթով գուսանական լինելով, պարունակում է բուն ժողովրդական երգի բնորոշ կողմերը»,- միջոցառման ժամանակ ասում է արվեստագետ Մաթեւոս Մուրադյանը։

 

«Գուսանի անունով ստացվել էին հարյուրից ավելի հեռագրեր՝ Մոսկվայից, Լենինգրադից եւ գրեթե բոլոր հանրապետությունների ժողովրդական ստեղծագործության տներից։ Սրտառուչ հեռագրեր էին ստացվել գուսանի ծննդավայր Ախալքալակի Ծալկա գյուղից։ Գյուղի դպրոցը նրան նվիրել է «Միր» ռադիոընդունիչ եւ ցանկություն հայտնել, որ գուսանը միշտ երգի խաղաղության երգեր»,- գրում էր «Սովետական արվեստ» ամսագիրը։



Հայ արվեստի ու գրականության տասնօրյակը Մոսկվայում


1956 թվականի հունիսին Մոսկվայում անցկացվում է հայ արվեստի ու գրականության տասնօրյակը, որի շրջանակում ներկայանում են հայկական կինոն, նկարչությունը, թատրոնը, գրականությունը։

 

 

Միջոցառման մեկնարկից առաջ Ավետիք Իսահակյանը բարեմաղթանքի իր խոսքն է հղում հայ արվեստագետներին՝ կոչ անելով նրանց աշխարհին ցույց տալ հայ ժողովրդի հինավուրց մշակույթը։

«Լավ գիտցեք, որ ձեր հանդիսատեսը պիտի լինեն ոչ միայն Մոսկվան ու մոսկվացին, այլեւ մեր Հայրենիքի բոլոր ժողովուրդները, այլեւ աշխարհի մյուս ժողովուրդները, այլեւ երկրագնդի վրա սփռված հայ ժողովրդի զավակները։ ...Ամեն մի հայրենասեր հայ, կրելով իր մեծագիծ գանձը՝ հայրենասիրական ոգին, ուր էլ որ լինի, կարոտ աչքերով նայում է իր հայրենիքին՝ Խորհրդային Հայաստանին»,- գրում էր Վարպետը։

Տասնօրյակում մեծ հաջողություններ է արձանագրում հայկական թատրոնը. ցուցադրվում են բազմաթիվ ներկայացումներ՝ արժանանալով հանդիսատեսի գովասանքին։

 

 

«Մոսկվացիները մեծ զգացմունքների եւ ուժեղ բնավորությունների թատրոն անունը տվեցին Սունդուկյանի անվան թատրոնին։ ...Նա, ով տեսել է Հրաչյա Ներսիսյանի պես վարպետ, խորունկ զգացմունքների տեր դերասանի խաղը, Գուրգեն Ջանիբեկյանին, որ արտասովոր ուժով կերտել է Գրիգոր աղայի կերպարը, տեսել է Օլգա Գուլազյանին՝ Սունդուկյանի կանացի կերպարների աննման դերակատարուհուն, Ավետ Ավետիսյանի ինքնատիպ, վիրտուոզ խաղը, նա գեղագիտական մեծ հաճույք է վայելել։ Ընդհանուր հիացմունքի արժանացավ ռեժիսոր Վարդան Աճեմյանի ռեժիսորական արվեստը։ Զուր չէր, որ սովետական թատերական արվեստի այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Յու. Զավադսկին եւ Ռ. Սիմոնովը, հայ ռեժիսորին հրավիրեցին իրենց՝ Մոսսովետի եւ Վախթանգովի անվան թատրոնները՝ բեմադրություններ տալու»,- գրում էր «Սովետական արվեստ» ամսագիրը։

 

 

10-օրյակում 100-ից ավելի ելույթներ են ունենում Հայֆիլհարմոնիայի կոլեկտիվները։ Ամենաբարձր ընդունելության են արժանանում Հայֆիլհարմոնիայի Սիմֆոնիկ նվագախումբը, Պետական երգչախումբը եւ Երգի-պարի վաստակավոր անսամբլը։

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան թատրոնը Մոսկվայում առաջին անգամ ներկայացնում է Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերան, որի մասին դրական էին արտահայտվում նաեւ Մոսկվայի թատերական արվեստի մասնագետները։

«Դավիթ-Բեկ»-ի պարային դրվագները, խորեոգրաֆիկ մաքրությունից ու գեղեցկությունից բացի, աչքի են ընկնում իրենց գեղանկարային մտահղացումներով։ Մեծ թատրոնի աուդիտորիան ծափերով ընդունեց երկրորդ գործողության տղամարդկանց կրակոտ վրացական պարը, երրորդ գործողության աղջիկների պոետական հայկական պարը։ «Դավիթ Բեկ»-ի դեկորներն ու տարազները, ըստ էության, օպերային, բեմադրության սոսկ արտաքին սարքավորումներ չեն, այլ գեղարվեստական բարձրարժեք նմուշներ»,- գրել էր Մարինա Սաբինինան «Սովետական արվեստ» ամսագրում։

 

 

Դրական արձագանքների է արժանանում նաեւ Տիգրան Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերան, որտեղ Արշակի դերակատարը Միհրան Երկաթն էր։ Օլիմպիայի դերը կատարում էր Գոհար Գասպարյանը, իսկ Փառանձեմինը՝ Տաթեւիկ Սազանդարյանը։

 

 

Հայկական արվեստի եւ գրականության տասնօրյակի միջոցառումների ավարտին ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահությունը ԽՍՀՄ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում է շնորհում Գոհար Գասպարյանին, Միքայել Թավրիզյանին, Հրաչյա Ներսիսյանին, Վահրամ Փափազյանին, Տաթեւիկ Սազանդարյանին: 157 գործիչ պարգեւատրվում է «Լենինի», «Աշխատանքային Կարմիր դրոշի» եւ «Պատվո նշան» շքանշաններով, 260 հոգի՝ «Աշխատանքային գերազանցության համար» մեդալով:


Կիեւյան կամուրջը


1956 թվականին բացվում է Հրազդան գետի Մեծ կամուրջը, որին ժողովրդական լեզվով ասում են «Կիեւյան կամուրջ»։ Կամրջի ճարտարապետը 1950-1959 թվականներին Երեւանի գլխավոր ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանն էր:

 

 

Կամրջի բարձրությունը 60.5 մետր է, երկարությունը՝ 375 մետր:


Մրցանակ Վախթանգ Անանյանին


1956 թվականին ԽՍՀՄ գրողների միությունը մանկապատանեկան լավագույն գրքի մրցույթում երկրորդ մրցանակ է շնորհում Վախթանգ Անանյանին «Հովազաձորի գերիները» վիպակի համար: Հեղինակը պարգեւատրվում է 10 հազար ռուբլով:

Նույն տարվա վերջին վավերագրական ֆիլմերի «Երեւան» ստուդիան նկարահանում է «Հովազաձորի գերիները» ֆիլմը, որի ռեժիսորը Յուրի Երզնկյանն էր, սցենարի հեղինակները՝ Վախթանգ Անանյանը եւ Միքայել Շաթիրյանը:


Մահանում է Դերենիկ Դեմիրճյանը


1956 թվականի դեկտեմբերի 6-ին Երեւանում մահանում է գրող, դրամատուրգ, հրապարակախոս Դերենիկ Դեմիրճյանը:

1877 թվականին Ախալքալաքում ծնված Դեմիրճյանը մասնակցել էր Հովհաննես Թումանյանի «Վերնատուն» գրական ընկերության աշխատանքներին։

 

 

Հայ գրականությանը Դեմիրճյանը պարգեւել է «Վարդանանք», «Քաջ Նազար», «Լենկթեմուր», «Երկիր հայրենի» եւ այլ արժեքավոր ստեղծագործություններ։

1977 թվականին Երեւանում հիմնադրվել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը:


Կրիշան Չանդրի այցը


1956 թվականի հունվարին Երեւան է ժամանում հասարակական գործիչ, խաղաղության շարժման մարտիկ, հնդիկ գրող Կրիշան Չանդրը։

Հայաստանում անցկացրած օրերի մասին Կրիշան Չանդրը գրում էր.

 

 

«Սովետական Հայաստանում կատարած իմ շրջագայության ընթացքում ես տեսա գունագեղ նախշեր եկեղեցիներում, լսեցի ժողովրդական երգեր, դիտեցի բազմաթիվ պարեր, եւ բոլորն էլ մոտիկ էին մեր գունագեղ նախշերին, մեր երաժշտությանը, երգերին ու պարերին: Երեւանում, հին ձեռագրերի Մատենադարանը դիտելիս, ես նկատեցի մի հին գիրք, որի ներսի կողմում, կոպիտ հյուսվածքի մի կտորի վրա նկարված էին փիղ եւ ձին հեծած որսի գնացող ռաջ Պութանը: Եվ ես անմիջապես մտքով փոխադրվեցի մի քանի հարյուր տարի առաջ, ինձ պարուրեց հնության բույրը, կարծես այդ բույրը գալիս էր ծաղիկներից»:

 


Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են լուսանկարներ Ա. Խանոյանի, Հ. Մարությանի, Հ. Չարխչյանի արխիվներից:

 

«Հայկական Կարմիրը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Հայկական Կարմիր»-ը պատմում է Խորհրդային Հայաստանի (1921-1991թթ.) մասին:

«Հայկական Կարմիր»-ի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում խորհրդային շրջանի մեկ տարվա նշանակալի քաղաքական, տնտեսական եւ մշակութային իրադարձությունները: