1962 թվականին Միացյալ Նահանգները տիեզերքում միջուկային պայթյունի անհաջող փորձ է կատարում, Ալժիրը եւ Ռուանդան անկախություն են հռչակում, տապալվում է Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլի դեմ մահափորձը, ԱՄՆ-ն ու ԽՍՀՄ-ն անցնում են «Կարիբյան ճգնաժամի» միջով:
Ստալինի արձանի ապամոնտաժումը
1962 թվականին Երեւան էր այցելել ԽՍՀՄ-ում ապագա ԱՄՆ դեսպան Ջեք Մեթլոքը. որպես երիտասարդ դիվանագետ՝ նա ուղեկցում էր ամերիկացի մի սենատորի:
«Հիշում եմ, տպավորված էինք Ստալինի հսկայական արձանով, որը վեր էր խոյանում քաղաքի վրա: Եվ պատկերացրեք մեր զարմանքը, երբ հաջորդ առավոտյան այդ արձանն արդեն չկար. գիշերվա ընթացքում այն ապամոնտաժվել էր»,- պատմել էր Մեթլոքը:
Հինգ տարի պատվանդանը դատարկ մնաց, իսկ 1967 թվականին տեղադրվեց Արա Հարությունյանի հեղինակած «Մայր Հայաստան» արձանը: 1970 թվականին հուշահամալիրի շենքում բացվեց Հայրենական մեծ պատերազմին Հայաստանի մասնակցությանը նվիրված թանգարանը: 1995թ. այն վերանվանվեց «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի եւ անցավ ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության ներքո:
«Սեր եւ հարգանք արժեքավոր կուլտուրաների նկատմամբ»
1962 թվականը ԽՍՀՄ ժողտնտեսության զարգացման 4-րդ տարին էր, որը, ինչպես գրեթե միշտ, արձանագրել էր հերթական թերությունները: Հիմնական խնդիրները վերաբերում էին գյուղատնտեսությանը. պլանով նախատեսված արդյունքները չէին ապահովվում: ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովը մարտին մանրամասն անդրադարձել էր այդ հարցին: Նրա նախաձեռնությամբ յոթամյա պլանում նախատեսվել էր մեծացնել եգիպտացորենի մշակությունն ամբողջ ԽՍՀՄ-ում, ինչը տեսականորեն պետք է ավելացներ անասնակերը, հետեւաբար նաեւ՝ անասունների գլխաքանակը, կաթը, կարագը:
1962թ. ապրիլի 3-ին ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը Կոմկուսի կենտկոմի պլենումում ներկայացրել էր Խորհրդային Հայաստանի գյուղատնտեսական արդյունքները, որոնք ոգեւորիչ չէին: Ահա մի քանի դրույթ, որոնք նա կարեւորում էր.
«Ցավոք սրտի, մեր ռեսպուբլիկայում միանգամայն անբավարար ուշադրություն է նվիրվում եգիպտացորենին եւ մյուս արժեքավոր կերի կուլտուրաներին:
Վճռականորեն վերջ տալ եգիպտացորենի, կերի շաքարի ճակնդեղի, ոլոռի եւ մյուս արժեքավոր կերակուլտուրաների թերագնահատմանը եւ լայն ճանապահ բացել դրանց համար:
Մենք պետք է սեր եւ հարգանք պատվաստենք կերի այդ արժեքավոր կուլտուրաների նկատմամբ եւ առաջավորների փորձով մեր կադրերին սովորեցնենք ստանալ բարձր բերք: Դա... մսի, կաթի, բրդի ու ձվի արտադրությունը շեշտակիորեն ավելացնելու կարեւորագույն պայմաններից մեկն է»:
Զարոբյանն անդրադառնում էր նաեւ գիտությանը՝ նշելով, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել գիտաշխատողների որակավորման բարձրացմանը: Բացի այդ, գիտության նոր նվաճումները պետք է ծառայեին արդյունաբերության ու գյուղատնտեսության զարգացմանը, ինչը, կարելի է ենթադրել, միշտ չէր, որ ստացվում էր: «Հարկավոր է որքան կարելի է արագ հաղթահարել գյուղատնտեսական գիտահետազոտական հիմնարկների աշխատանքի լուրջ թերությունները»,- ասում էր նա:
Կաշառակերության դեմ պայքարը
1962թ. մայիսին ՀԽՍՀ գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով խստացվում է կաշառակերության դեմ պայքարը։ Օրենսդրական փոփոխությամբ՝ առաջին անգամ կաշառք վերցնելու համար պետական պաշտոնյան պատժվում էր 3-10 տարի ազատազրկմամբ։ Երկրորդ անգամ նույն հանցանքը գործած անձինք դատապարտվում էին 8-15 տարվա ազատազրկման, իսկ առանձնապես ծանրացուցիչ դեպքերում՝ գնդակահարությամբ եւ գույքի բռնագրավումով։
Երեւանյան լճի շինարարությունը
1962 թվականին սկսվում է Երեւանյան լճի շինարարությունը, որն այն ժամանակ կոչում էին «Երեւանյան ծով», իսկ գեղարվեստորեն՝ Սեւանի «կրտսեր քույր»։
«Երեւանյան ծով... Մեր ռեսպուբլիկայի քարտեզների վրա այն առայժմ նշված չէ։ Բայց հեռու չէ այն օրը, երբ քաղաքի հարավային մասում, Կիրովի անվան գործարանի բանվորական ավանի երրորդ թաղամասի եւ դեպի Էջմիածին տանող խճուղու միջեւ, կծփան արհեստական լճի ալիքները։ Բարձր ամբարտակը կփակի Հրազդանի հունը, նրա ջրերը դուրս կգան ափերից եւ կծածկեն 65 հեկտար տարածություն։ Լճի հյուսիսային մասում կստեղծվի բարեկարգ լողափ, իսկ շուրջը կտարածվի փարթամ կանաչով ծածկված զբոսայգին։ Մայրաքաղաքի հազարավոր աշխատավորներ իրենց հանգիստը կանցկացնեն այս վայրերում»,- գրում էր «Սովետական Հայաստան» թերթը։
Երեւանյան լճի մասին կարդացեք Մեդիամաքսի «Երեւան. XX դար» նախագծում:
Միկոյանի այցը
1962թ. մարտի 11-ին Հայաստան է գալիս ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, ԽՄԿԿ կենտկոմի նախագահության անդամ Անաստաս Միկոյանը։ Նա գալիս էր հանդիպելու ընտրողների հետ, ովքեր շուտով իրեն միաձայն ընտրելու էին ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր։
«Տեղական ժամանակով ուղիղ ժամը 18-ին «Իլ-18» օդանավը կանգ է առնում մարդկանցով լեցուն հրապարակի մոտ։ Հզոր, բազմաձայն «ուռան» է տարածվում շատ հեռվում, երբ ինքնաթիռի դռնակի մեջ երեւում է Անաստաս Իվանովիչ Միկոյանը»,- գրում էր «Գրական թերթը»։
Մինչեւ մարտի 16-ը Միկոյանը Հայաստանում էր եւ այցելում է շրջաններ, հանդիպում տարբեր գործարանների բանվորների, մտավորականների հետ, դիտում «Սպարտակ» բալետը։
Մի քանի ամիս անց՝ 1962 թվականի հոկտեմբերին, Միկոյանը դառնում է ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ ծավալված «Կարիբյան ճգնաժամի» հանգուցալուծման կարեւոր դերակատարներից մեկը: Խորհրդային միությունը իր հրթիռները հեռացնում է Կուբայից, իսկ Ամերիկան՝ Թուրքիայից:
Մաշտոցի 1600-ամյակը
1962 թվականին Հայաստանում մեծ շուքով նշվում է Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակը։
Մայիսի 27-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Լենինի շքանշանակիր օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում տեղի է ունենում հանդիսավոր նիստ, որին մասնակցում էին Խորհրդային Հայաստանի կուսակցական եւ կառավարական ղեկավարները, մշակույթի գործիչներ եւ բազմաթիվ հանդիսատեսներ։
Հոբելյանական կառավարական հանձնաժողովի նախագահ Անտոն Քոչինյանն իր ելույթում նշում էր, որ խորհրդային իշխանության հաստատումից հետո «մեսրոպատառ գրականությունը դարձավ ողջ ժողովրդի սեփականությունը»՝ նկատի ունենալով գրագիտության ու կրթության տարածումը խորհրդային տարիներին։ «Սովետական իշխանության տարիներին հայերեն լեզվով մեր ռեսպուբլիկայում գրվել եւ լույս է տեսել շատ ավելի գիրք, քան անցած 1500 տարիների ընթացքում։ Հայ աշխատավորը մայրենի լեզվով հին, նոր եւ նորագույն հեղինակների երկերի հետ միասին, կարդում է համաշխարհային գրականության եւ գիտության դասական գործերը, հաղորդակից դառնում մարդկության առաջավոր մտքին ու մշակույթին»,- ասում էր Անտոն Քոչինյանը։
Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակը տոնում են նաեւ Մոսկվայում եւ այլ հանրապետություններում։ ԽՍՀՄ գրողների միության վարչությունը Միությունների տան սյունազարդ դահլիճում տեղի ունեցած միջոցառման ժամանակ մեծարանքի խոսքեր է ասում հայոց լեզվի եւ հայ մշակույթի մասին։ Միջոցառմանը մասնակցում էին Մարիետա Շահինյանը, Նաիրի Զարյանը, Մկրտիչ Արմենը, Արմեն Գրաշին եւ այլոք։
1962թ. մայիսի 26-ին Մատենադարանի դիմաց բացվում է Մեսրոպ Մաշտոցի արձանը, որի հեղինակը Ղուկաս Չուբարյանն էր։
Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի առթիվ Օշականում բացվում է Հայոց այբուբենի հուշակոթողը, որի ճարտարապետը Ջիմ Թորոսյանն է։
«Կրոտիլինը»
1962թ. Երեւանի Կիրովի անվան գործարանում սկսվում է մոլախոտերը ոչնչացնող «Կրոտիլին» նյութի արտադրությունը եւ առաքումը գյուղական տնտեսություններին։ Այս նյութը ստացել էր ՀԽՍՀ գյուղատնտեսական ինստիտուտի դասախոս, քիմիական գիտությունների թեկնածու Վռամ Դովլաթյանը։
«Կրոտիլինի 700 գրամը բավական է մեկ հեկտար տարածության մոլախոտերը լիովին ոչնչացնելու համար։ Երեւանի Կիրովի անվան գործարանում ձեռնարկվել է այդ արժեքավոր պրեպարատի արտադրությունը, ստեղծվել է հատուկ բաժանմունք։ Նախատեսված էր այն շահագործման հանձնել այս տարվա երրորդ եռամսյակում։ Սակայն կիրովցիները, կարճ ժամանակում յուրացնելով պրեպարատի արտադրության տեխնոլոգիան, մայիսի կեսերից արդեն սկսեցին արտադրանք տալ»,- գրում էր «Սովետական Հայաստան» թերթը։
«Փառքի օղակներ»-ը՝ քննադատության թիրախում
1962 թվականին «Հայֆիլմը» նկարում է «Փառքի օղակներ» գեղարվեստական կինոնկարը հայտնի մարմնամարզիկ, օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի մասին։
Ռեժիսորը Յուրի Երզնկյանն էր, ֆիլմում նկարահանվել էին Խորեն Աբրահամյանը, Ցոլակ Ամերիկյանը, Ժակ Դուվալյանը, ինչպես նաեւ հենց ֆիլմի գլխավոր հերոսը՝ Ալբերտ Ազարյանը։
Ֆիլմի ցուցադրությունից հետո թատերագետ Լեւոն Հախվերդյանը «Սովետական արվեստ» ամսագրի 9-րդ համարում խիստ քննադատում է այն՝ նշելով, որ ֆիլմը չունի «առաջատար թեմա եւ ժանրային-ոճական կերպարանք»։
«Նշմարվում են եւ՛ հոգեբանական դրամայի, եւ՛ կոմեդիայի, եւ՛ դետեկտիվի, եւ՛ դոկումենտալ ֆիլմի հատկանիշներ: Բայց դրանցից ոչ մեկը գերիշխող չի դառնում, ուստի եւ չի պայմանավորում նկարի գեղարվեստական կերպարանքը։ Ավելի լավ չէ՞ր լինի, եթե հեղինակները մի կողմ դնեին բոլոր այս չզարգացած, նման ֆիլմերի համար ոչ պարտադիր, եւ վերջին հաշվով, իրարամերժ ժանրային հավակնությունները եւ պարզ ու համեստ նկարահանեին սպորտային գեղարվեստական ֆիլմ»,- գրել էր Լեւոն Հախվերդյանը։
Ռոքուել Քենթը կրկին Հայաստանում է
1962-ի օգոստոսին երկրորդ անգամ Հայաստան է այցելում ամերիկացի նկարիչ Ռոքուել Քենթը։
Նա Մոսկվայում մասնակցում էր խաղաղության համաշխարհային կոնգրեսին, որից հետո շտապել էր Երեւան՝ «հայ բարեկամների հետ նշելու ծննդյան 80-ամյակը»։ Քենթն ու կինը՝ Սալին, այցելում են Դիլիջան, Սեւան, Գառնի, Բյուրական։ Քենթը հանդիպում է հայ նկարիչների եւ մշակույթի գործիչների հետ, ցուցադրում վերջին տարիների իր գործերը։
Հայկական կինոյի հիմնախնդիրները
1962թ. հոկտեմբերի վերջին Երեւանում տեղի է ունենում հայ կինեմատոգրաֆիստների հիմնադիր համագումարը, որտեղ քննարկվում են հայկական կինոյի հիմնախնդիրները։
«Սովետական արվեստ» ամսագիրը նշում էր, որ համագումարի հրավիրման պահին հայկական կինոն անգույն էր եւ աղքատիկ.
«Անգույն, մեր կյանքն ու մարդուն աղքատիկ ձեւով ներկայացնող ֆիլմերի մեծ քանակ, սցենարական պորտֆելի պարտադրող աղքատություն, կինոաշխատողների մի մասի պրոֆեսիոնալ անպատրաստությունից էլ եկող ձախողումներ եւ, թվում է, մոտիկ ապագայի անորոշություն»։
Համագումարից անմիջապես հետո նույն ամսագրում ծավալուն հոդված է հրապարակում Հայկական ԽՍՀ մշակույթի նախարար Հրաչյա Մարգարյանը՝ հայկական կինոյին տալով անբավարար գնահատական։
«Վերհիշենք այն կինոնկարները, որոնք թողարկել է «Հայֆիլմ» ստուդիան վերջին տարիներին. «Ինչու է աղմկում գետը», «Իմ ընկերոջ մասին», «Փլուզում», «Նրա երազանքը», «Կոչված եմ ապրելու», «Տժվժիկ», «Թռիչք անդունդի վրայով», «Հյուսիսային ծիածան», «Փառքի օղակներ»։ Եվ կտեսնենք, որ թողարկված ֆիլմերի գերակշիռ մասը, իր գաղափարական եւ գեղարվեստական մակարդակով միջակից չի բարձրանում»։
Հրաչյա Մարգարյանն անդրադառնում էր կինոսցենարների որակին, սակայն նաեւ նշում էր, որ ռեժիսորներն ունեն մեղքի իրենց բաժինը։ Ֆիլմի բեմադրության ժամանակ նրանք խոստանում էին սցենարային բացթողումները շտկել նկարահանումներով, եւ «գրեթե միշտ անկատար են թողնում իրենց խոստումը»։
ՀԽՍՀ մշակույթի նախարարը նշում էր, որ «Հայֆիլմ»-ի աշխատողները ինքնաքննադատություն չունեն, «ստեղծագործական սկզբունքային հարցերում ինքնագոհություն են հանդես բերում» եւ գերադասում են աշխատել հեշտ ու պարզ ֆիլմերի վրա։ «Իհարկե, վատ չի լինի տեսնել հայկական կրկեսի վարպետների արվեստը, տեսնել Գոհար Գասպարյանին եւ լսել նրա անզուգական ձայնը։ Բայց չէ՞ որ այդ ամենի հետ մեկտեղ մեր կինոն խնդիր ունի վերարտադրել կյանքը, խոսել մեզ բոլորիս հուզող կենսական հարցերի, հասարակական պրոբլեմների մասին, ստեղծել ժամանակակից մարդու հարուստ կերպարը»,- գրում էր Հրաչյա Մարգարյանը։
Ամսագրի նույն համարում կինոգետ, թատերագետ Սաբիր Ռիզաեւը գրում էր, որ «Հայֆիլմ»-ի նկատմամբ ընդհանուր անտարբերություն կա. Հայաստանի կինոաշխատողների միությունը առանձնապես ջանք չի գործադրում, Մշակույթի նախարարությունը «ձեւականորեն է ղեկավարում ստուդիան, գրողների միությունը բոլորովին չի հետաքրքրվում մեր կինոարվեստի ճակատագրով»։
«Թող որ այս հոդվածում ինչ-որ բան չափազանցված լինի, թող որ նորից մեղադրեն քննադատությանը, թե նա, իբր, չի ուզում ոչ մի լավ բան տեսնել ստուդիայի աշխատանքներում։ Կարեւորն այն է, որ ստուդիան լավ աշխատի, որ հայկական ֆիլմերը միայն երրորդ կատեգորիայով չգնահատվեն, ինչպես գնահատվում են այժմ ԽՍՀՄ կուլտուրայի մինիստրության ֆիլմերի արտադրության գլխավոր վարչությունում»,- գրում էր Ռիզաեւը։
Հայրենադարձվում է Հակոբ Հակոբյանը
1962 թվականին ընտանիքի հետ Եգիպտոսից Հայաստան է ներգաղթում նկարիչ Հակոբ Հակոբյանը։
«Հայաստանից դուրս ծնված, օտարության մեջ հասակ առած ու կազմավորված մի արվեստագետ եւս վերադարձավ հայրենիք։ Ստեղծագործական ուրույն դեմք, գեղագիտական հասուն սկզբունքներ ունեցող արվեստագետ է Հակոբը։ Միաժամանակ՝ որոնող եւ անհանգիստ։
«Անցյալ տպավորություններես եւ ապրումներես անշուշտ անմիջապես չեմ կրնար հրաժարիլ,- ասում է նա,- ատիկա անբնական ու կեղծ պիտի ըլլար։ Նորը աստիճանաբար, բնականորեն պիտի արտահայտվի իմ գործերուս մեջ, եւ ատիկա ժամանակ կպահանջե»,- գրում էր նրա դասընկեր Կարպիս Սուրենյանը։
Կոմիտասի քառյակը Ճապոնիայում
1962թ. ապրիլին Տոկիոյի լավագույն համերգասրահներից մեկում մեծ հաջողությամբ անցավ Կոմիտասի անվան պետական քառյակի առաջին համերգը։
Կվարտետը համերգներ տվեց նաեւ Կոբեում, Նագասակիում, Իոկոհամայում, Օսակայում, Կիոտոյում։
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան