Հայկական Կարմիր. 1980



1980 թվականի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի արտակարգ հատուկ նստաշրջանում ընդունվում է խորհրդային զորքերի մուտքը Աֆղանստան դատապարտող բանաձեւ: ԱՄՆ նախագահ Ջիմի Քարտերը խզում է դիվանագիտական կապերը Իրանի հետ, որը շարունակում է պատանդության մեջ պահել ամերիկյան քաղաքացիներին: Իսրայելը ամբողջ Երուսաղեմը հռչակում է «Իսրայելի մշտական եւ անբաժանելի մայրաքաղաք»: Սկսվում է Իրանի եւ Իրաքի պատերազմը: Ռոնալդ Ռեյգանն ընտրվում է ԱՄՆ նախագահ, Նյու Յորքում սպանվում է Ջոն Լենոնը:


Միակցվում են Արփա-Սեւան թունելի վերջին հատվածները


1979թ. դեկտեմբերի 31-ին հորատանցողները միակցում են Արփա-Սեւան ստորերկրյա թունելի վերջին երկու հատվածը։

«Արփա-Սեւան թունելը կառուցվել է Վարդենիսի լեռնաշղթայի տակ, մեկուկես կիլոմետր խորության վրա։ 48-կիլոմետրանոց թունելը եզակի կառույց է ոչ միայն իր երկարությամբ, այլեւ հորատման մեթոդով։ Շինարարները հարկադրված եղան աշխատել հիդրոերկրաբանական դժվարին պայմաններում։ Թունելախորշերում ջերմությունը շատ տեղերում հասնում էր մինչեւ 40 աստիճանի։ Լուրջ արգելքներ էին ստեղծում ջերմուկները։ Բայց օգնության էր գալիս տեխնիկան, օգտագործվում էր եղբայրական հանրապետությունների մասնագետների մեծ փորձը։

 

 

Թունելը կլուծի ժողովրդատնտեսության եւ էկոլոգիական կարեւոր պրոբլեմ։ Կդադարի ջրի մակարդակի խիստ անկումը Սեւանա լճում։ Բնականին մոտիկ նիշի վրա ջրատարածքի պահպանումը տեղի կունենա Արփա գետի հաշվին։ Միակցումը զգալիորեն կարագացնի գլխավոր խնդրի լուծումը՝ Արփա գետի ջրի հոսքը դեպի Սեւանա լիճ»,- գրում էր «Սովետական Հայաստանը»:


Շահագործման է հանձնվում ատոմակայանի 2-րդ էներգաբլոկը


1980թ. հունվարին շահագործման է հանձնվում Հայաստանի ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկը։ Այդ իրադարձությունն այնքան նշանակալի էր, որ ատոմակայանի շինարարներին շնորհավորում էր անձամբ Լեոնիդ Բրեժնեւը։

Այդ իրադարձությունը, ըստ ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի, հատկապես արժեւորվում էր, քանի որ տեղի էր ունենում Լենինի ծննդյան 110-րդ տարեդարձի շեմին։ «Աշխատանքային այդ նվերը աշխատանքի, ստեղծագործական նախաձեռնության եւ ՍՄԿԿ 25-րդ համագումարի մշակած՝ ատոմային էներգետիկայի արագ զարգացման ծրագրի իրականացման բարձր պատասխանատվության արգասիքն է»,- նշում էր Խորհրդային միության ղեկավարը:

 

 

Ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի բացման հանդիսավոր արարողության ժամանակ շինարարության պետ Ա. Մելիքսեթյանը նշում էր.

«Կայանը առանձնահատուկ տեղ է գրավում երկրի մյուս ատոմային էլեկտրակայանների շարքում։ ...Առաջին անգամ կառուցվել է մի այնպիսի ատոմակայան, որը համապատասխանում է բարձր սեյսմայնության շրջաններում կայանի անվտանգ շահագործման բոլոր պահանջներին։ Երկրորդ էներգաբլոկի գործարկումը էներգետիկների մեծ հաղթանակն է, որոնք ռեկորդային կարճ ժամկետներում կատարեցին ռեակտորի հավաքումն ու փորձարկումը, ռեակտորը հասցրին առավելագույն մակարդակի եւ արդյունաբերական էլեկտրաէներգիա տվեցին»։


Սաֆարի՝ կանանց համար


1980-ին նորաձեւության վերջին ճիչը սաֆարին էր, որը ծագում էր աֆրիկյան մայրցամաքում որսորդների արտահագուստից։ Խորհրդային Հայաստանում խորհուրդ էին տալիս կանանց համարձակորեն օգտագործել սաֆարիի առավելությունները։

 

 

«Վերջին տարիներին նորաձեւության աշխարհում հաճախ կարելի է լսել այս արտահայտությունը։ Սաֆարի ոճի մոդելներն այսօր հաջողությամբ մրցակցություն են բռնում ջինսի մոդելների կողքին: Ժամանակակից սպորտային եւ միաժամանակ էլեգանտ այդ հագուստին հատուկ է շատ հարմար ձեւվածք՝ առանձին մասերի ինքնատիպ լրացումներով, ինչպես օրինակ, նորաոճ գրպանները, թեւքերի երկարությունը կարգավորող բազկապանները, կոկետկաները կամ գոտու համար արված փոքրիկ միջնորմերը, ընդգծված դեկորատիվ թաքալակարերը»,- գրում էր «Հայաստանի աշխատավորուհին»:


Երկարօրյա խմբերի հաջողությունը


1980 թվականին Հայկական ԽՍՀ լուսավորության մինիստր Սեմյոն Հախումյանը նշում էր, որ Հայաստանում երկարօրյա խմբերում գրանցված է արդեն ավելի քան 100 հազար դպրոցական։

1970-ական թվականներից դպրոցներում ներմուծվեցին երկարօրյա խմբերը, որոնք աստիճանաբար փոխարինում էին նախկինում գործող գիշերօթիկներին։

«Կյանքը ցույց է տվել, որ երկարօրյա խմբերն ավելի արդյունավետ ու հեռանկարային են, քան գիշերօթիկ դպրոցները։ Առաջինի դեպքում երեխան ամեն օր գալիս է տուն, եւ անպակաս է մայրական հոգատարությունը, որին չի կարող փոխարինել ոչ մի դայակ։ Դա ձեռնտու է նաեւ պետությանը։ Չէ՞ որ մեկ գիշերօթիկի միջոցներով կարող են գործել մի քանի երկարօրյա դպրոցներ։ Երկարօրյա դպրոցներն ու խմբերը մայրերին օգնելու, նրանց հոգսը թեթեւացնելու եւ հանգիստը կազմակերպելու լավագույն միջոցներն են»,- ասում էր Հախումյանը։


Վարդանյանի տրիումֆը


1980 թվականի հուլիսի 19-ին Մոսկվայում բացվեցին XXII ամառային օլիմպիադան։

Մասնակից 5180 մարզիկների թվում մեդալակիր դարձան Հայաստանի 7 ներկայացուցիչ:

Օլիմպիական խաղերի չեմպիոններ դարձան ծանրորդ Յուրի Վարդանյանն ու մարմնամարզիկ Էդուարդ Ազարյանը, արծաթե մեդալակիրներ՝ ջրացատկորդ Սիրվարդ Էմիրզյանը, ծանրորդ Յուրի Սարգսյանն ու սուսերամարտիկ Աշոտ Կարագյանը, որը նաեւ բրոնզե մեդալ է նվաճել: ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի կազմում Խորեն Հովհաննիսյանն ու ջրացատկորդ Դավիթ Համբարձումյանն էլ բրոնզե մեդալներ են ստացել:

1980 թվականի օգոստոսի 20-ին հայ մարզիկներին ընդունել էր ՀՍՍՀ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը եւ շնորհակալություն հայտնել Հայաստանի պատիվը բարձր պահելու համար:

 

 

Օլիմպիադայի գլխավոր հերոսը ծանրամարտիկ Յուրի Վարդանյանն էր։ 24-ամյա մարզիկը, հանդես գալով 82,5 կգ քաշային կարգում, նվաճեց ոսկե մեդալ եւ սահմանեց ռեկորդ` միջին քաշային կարգում բարձրացնելով 400 կգ։

Մոսկվայի 1980թ. Օլիմպիադայում հայ մարզիկների պատմություններին կարող եք ծանոթանալ Մեդիամաքսի Մոսկվա 1980 հատուկ նախագծում։


Սարյանի 100-ամյակը


1980 թվականին Հայաստանում նշում են Մարտիրոս Սարյանի ծննդյան 100-ամյակը։

 

 

Հեռավոր 1923 թվականին Կոստան Զարյանը գրել էր.

«Մարտիրոս Սարյանից դուրս ոչ ոք հայ արվեստագետների մեջ այնքան չի մոտեցել հայ արվեստի պրոբլեմին։ Անխոս եւ մեծատաղանդ այդ մարդը մեկնել է հյուսիսից, իջել է Կովկասյան լեռնաշղթան ու անհանգիստ նայվածքով կանգ է առել խորհրդավոր Արարատյան դաշտի առջեւ։ Նա կարող էր շատ մեծ տաղանդավոր նկարիչների ու գրականագետների նման ապրել օտարերկրյա ոստաններում՝ շահագործելով դժվար ձեռք բերված փառքը եւ պատիվը։ Նա կարող էր, անձնատուր լինելով իր բնածին տաղանդին, շարունակել արտադրել այն ոճով, որը արդեն իրենն էր եւ պսակվել էր հաջողությամբ։ Բայց Սարյանը, ինչպես ամեն մի իսկական արվեստագետ, գիտե կանգ չառնել, չբավականանալ։ Նա որոնումի եւ ցավի մարդ է»։

 

 

Ինքը՝ Սարյանը, այսպես էր խոսում արվեստի մասին.

«Բնության ամենահրաշալի ստեղծագործությունը մարդն է։ Բնությունը ստեղծում է մարդուն, որպեսզի մարդու միջոցով տեսնի իրեն, հմայվի իր հրաշք գեղեցկությամբ։ Մարդը բնություն է, բնությունը՝ մարդ։ Մահ չկա։ Գոյություն չունեիր եւ ահա բնության հրաշքով «ոչնչից» վերածնվում ես մարդու։ Գիտակցում ես քո եսը, բնությունը, հայրենիքը, տեսնում ես արեւը։ Զգում ես կյանքը, իսկ կյանքի զգացումը երջանկության զգացումն է։

 

 

Դեռ երիտասարդ տարիքիս ես համոզվեցի, որ արվեստագետը պետք է լինի հասարակության առաջադեմ անդամը՝ բարոյական իր բարձր արժանիքներով։ Էժան փառքը պետք է խորթ լինի նրան։ Նա պետք է նվիրվի ժողովրդին ծառայելու մեծ իդեալին եւ դառնա նրա սիրտն ու հոգին»:


Քաղաքաշինական խնդիրները


1980 թվականին Երեւանում տեղի է ունենում ԽՍՀՄ ճարտարապետների միության վարչության 10-րդ նիստը, որտեղ անդրադառնում են հասարակական շինությունների կառուցվածքին, համապատասխանությանը միջավայրին եւ բազմաթիվ այլ խնդիրների։

Նիստի ընթացքում հայ եւ միութենական ճարտարապետները Երեւանի կառուցապատման մասին քննադատական շատ խոսքեր են ասում։ 1980 թվականին Երեւանում արդեն գրեթե մեկ միլիոն մարդ էր ապրում, քաղաքը զգալիորեն ծանրաբեռնված էր։

ՀԽՍՀ ճարտարապետների միության վարչության անդամ Սպարտակ Խաչիկյանը նիստում անդրադառնում է հասարակական շենքերի կառուցման ժամանակ թույլ տրված սխալներին։ Բնակչության թվի աճի հետ ժամանակի ընթացքում բազմաթիվ հաստատություններ մեծացել էին, եւ շենքային պայմաններն այլեւս չէին բավարարում։ Օրինակ՝ Երեւանի բուհերն ու ուսումնարանները։ Եվ փոխանակ դրանք քաղաքից դուրս տեղափոխելու, ավելացվում էին նորանոր մասնաշենքեր կամ, ինչպես ճարտարապետն էր գրում, կցակառույցներ։

 

 

«Ուսումնական խոշոր հաստատությունները, քաղաքի սահմաններից դուրս բերելու եւ ժամանակակից տեխնոլոգիական, ֆունկցիոնալ եւ սոցիոլոգիական պահանջներին բավարարող ուսանողական լիարժեք թաղամաս ստեղծելու փոխարեն մենք մի կերպ, զոռով, Պետհամալսարանի, Պոլիտեխնիկական, Գյուղատնտեսական ինստիտուտների եւ ուսումնական այլ հաստատությունների տարածքներն ենք խցկում հարմարեցված ուսումնական նոր առանձնաշենքեր ու կցաշենքեր։ Նույնը վիճակվեց նաեւ Հանրային գրադարանին»,- գրում էր Սպարտակ Խաչիկյանը։

 

 

Նա նաեւ նշում էր, որ հասարակական շենքերը հաճախ կառուցվում են միջավայրին անհամապատասխան եւ խաթարում են ճարտարապետական ընդհանուր համադրությունը։ 1980 թվականին ճարտարապետական հայ հանրությունը հատկապես քննադատում էր հայկական պատկերասրահի եւ Գլխավոր պողոտայի վերջնամասում կառուցված փոստատան շենքերը։

«Անհեթեթ տպավորություն է թողնում Գլխավոր փոստատան շենքի տեղադրումը, որ մեն-մենակ թառել է Գլխավոր պողոտայի գլխին, ուր բացառվում է հասարակական շենքի անհրաժեշտությունը»,- ասում էր Խաչիկյանը։

 

 

ԽՍՀՄ ճարտարապետների միության վարչության քարտուղար Ալեքսանդր Ռոչեգովը զարմանում էր, թե ինչու են Երեւանում կառուցվում Մոսկվային եւ Լենինգրադին բնորոշ փոքր ու նեղ պատշգամբներ։ Երեւանում շոգ է, իսկ լայն պատշգամբները ստվեր են գցում նաեւ մայթերին։ Ռոչեգովն ասում էր, որ նախահեղափոխական Հայաստանում հենց այդ տրամաբանությամբ էին կառուցվում շենքերը, որոնցից անհասկանալի պատճառներով հրաժարվել էին։

Քաղաքաշինության խնդիրները միայն Երեւանում չէին։ Լենինականի գլխավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը պարզաբանում էր, թե որոնք են շինարարական թերությունների պատճառները։ Ըստ նրա՝ ճարտարապետների նույնիսկ ամենալավ ու բազմակողմանի նախագծերը կառուցման ժամանակ տարբեր պատճառներով փոխվում էին՝ համապատասխանեցնելով շինանյութի առկա տեսակներին, ֆինանսներին եւ աշխատանքային պլաններին։ Եվ այդ փոփոխություններն արվում էին առանց ճարտարապետի հետ համաձայնեցնելու։

 

 

«Շինարարության ողջ ընթացքում հեղինակը, լոցմանի պես, պետք է առաջնորդվի մի ցանկությամբ՝ ճարտարապետության նավը դուրս բերել բաց ծով, խուսափելով ստորջրյա խութերից։ Չլինի այդ լոցմանը, նավը, անկասկած, այնքան շատ քերծվածքներ ու վնասվածքներ կստանա, որ լողագիծ դուրս գալու պահին կնմանվի ծռմռված ու ծակոտված մի տաշտի»,- ասում էր Քալաշյանը։


Անահիտ Ներսիսյանի հաջողությունը


1980 թվականին Լայպցիգում տեղի է ունենում Յոհան Սեբաստիան Բախի անվան միջազգային երաժշտության 6-րդ մրցույթը, որտեղ առաջին մրցանակն ու ոսկե մեդալը շնորհվում է դաշնակահարուհի Անահիտ Ներսիսյանին։

 

 

Երբ ժյուրիի անդամ, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Տատյանա Նիկոլաեւային հարցնում են, թե ինչ կարծիքի է Անահիտի մասին, նա ասում է.

«Կարծի՞ք։ Ի՞նչ կարծիք։ Չէ՞ որ Անահիտին շնորհվել է առաջին մրցանակ։ Մի՞թե այդ իրողությունը բավականաչափ պերճախոս չէ։ Այդ մրցույթին մասնակցելը հեշտ բան չկարծեք։ Եվ ուրեմն այնտեղ մրցանակ շահելը լուրջ նվաճում է։ Ձեր հայրենակցուհին տաղանդավոր երաժիշտ է, փայլուն դաշնակահարուհի, նրա նվագը մասշտաբային է, արտակարգ հուզական։ Նա պարզապես կախարդեց ժյուրիի անդամներին»։

Ինքը՝ Անահիտ Ներսիսյանը, ասում էր, որ Բախն իր համար երաժշտության սկիզբն ու վերջն է.

«Բախ, Բախ եւ նորից Բախ։ Իմ խորին համոզմամբ, երաժշտության մեջ ամեն ինչի սկիզբն ու հիմքը Բախի ստեղծագործությունն է։ Ես հենց սկզբից եւ ընդմիշտ հափշտակվել եմ նրա վեհ ու խորիմաստ արվեստով։ Ինձ այդ ոգով են դաստիարակել Երեւանում, Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգի դասատուս, ներկայումս Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր պաշտոնակատար Էլեոնորա Ոսկանյանը եւ Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Վիկտոր Մերժանովը»։


Ջողազի ջրամբարի բացումը


1980 թվականի նոյեմբերի 22-ին տեղի է ունենում Ջողազի (Բերքաբերի) ջրամբարի բացման հանդիսավոր արարողությունը։ Հիմնականում ոռոգման նշանակություն ունեցող ջրամբարի կառուցումն արժեցել էր 40 մլն ռուբլի։

 

 

Ջողազ գետի հունը փակելու համար կառուցվել էր 1279 մետր երկարությամբ եւ 60 մետր բարձրությամբ պատվար։ Ջրամբարը կարող է կուտակել 45 մլն մ3 ջրի պաշար։

Ջրամբարը գտնվում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին:

 


Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

 

«Հայկական Կարմիրը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Հայկական Կարմիր»-ը պատմում է Խորհրդային Հայաստանի (1921-1991թթ.) մասին:

«Հայկական Կարմիր»-ի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում խորհրդային շրջանի մեկ տարվա նշանակալի քաղաքական, տնտեսական եւ մշակութային իրադարձությունները: