Հայկական Կարմիր. 1975



1975 թվականին Թուրքիայում ավարտվում է 7 ամիս տեւած կառավարական ճգնաժամը, վարչապետ է դառնում Սուլեյման Դեմիրելը: Իսպանիայում բռնապետ Ֆրանսիսկո Ֆրանկոյի մահից հետո Խուան Կառլոսը պաշտոնապես թագավոր է հռչակվում: Բոբի Ֆիշերը հրաժարվում է խաղալ Անատոլի Կարպովի հետ, եւ վերջինս դառնում է շախմատի Աշխարհի չեմպիոն: Բիլ Գեյթսը եւ Փոլ Ալենը հիմնում են Microsoft ընկերությունը, Queen խումբը թողարկում է Bohemian Rhapsody-ն՝ ռոք երաժշտության մեծագույն հիթերից մեկը:


«Արարատ»-ը հաղթում է «Բավարիա»-ին

1975 թվականի մարտի 19-ին «Հրազդան» մարզադաշտում UEFA-ի Չեմպիոնների Լիգայի շրջանակում կայացավ Երեւանի «Արարատ»-ի եւ Մյունխենի «Բավարիա»-ի հանդիպումը:

 

 

«Արարատ»-ն այդ խաղում 1:0 հաշվով հաղթեց Եվրոպայի ամենաուժեղ ակումբային թիմին, որի կազմում խաղում էր աշխարհի մի քանի չեմպիոն՝ Ֆրանց Բեքենբաուերի գլխավորությամբ: Գնդակը գլխի հարվածով «Բավարիա»-ի դարպասն ուղարկեց Արկադի Անդրեասյանը:



Ցավոք, պատասխան խաղում «Արարատ»-ը պարտություն կրեց եւ դուրս մնաց հետագա պայքարից:


Քոչարի «Վարդան Մամիկոնյանը»

1975 թվականին Երեւանում բացվեց Երվանդ Քոչարի «Վարդան Մամիկոնյան» արձանը (ճարտարապետը Ստեփան Քյուրքչյանն էր):

«1500 տարի հետո, պարզ է, որ այդ պատերազմը կորցրել է իր ուժգնությունն ու դրամատիզմը, բայց հենց դրա համար Կարմիր Վարդանի հրաբորբոք կերպարից պետք է թափ տալ ժամանակի մոխիրն ու բորբոքել մեր ազգային ինքնագիտակցության եւ ազատության կրակը… Իմ Վարդանը՝ ձիու վրա նստած, թուրը բարձրացրած, արշավում է, բայց չի պաշտպանվում: Նրան պետք չէ վահան: Այս կռիվը զենքի զորության կռիվ չէ, այլ գաղափարի: Վարդանն իր մարտիրոսությամբ ուզում է ընկճել, կոտրել թշնամու այն սխալ համոզմունքը, թե զենքով կարելի է ջնջել ժողովրդի ազատատենչ ոգին…

 

 

Նրա դիրքն արդեն հաղթողի վսեմ դիրք է: Վարդանը նստած չէ ձիու վրա, այլ բարձրացել է մի փոքր, աջ ոտքով հենվել ասպանդակին, որպեսզի էլ ավելի հուժկու լինի թրի հարվածը: Նա ամբողջապես բաց է` մարմնի ոչ մի մասը չի պատսպարված, քանզի նա չի վախենում մահից, նա ընկճել է մահը: Իսկ ձին` իր հավատարիմ ձին, պետք է ներդաշնակ լիներ տիրոջ հետ, մարդը եւ կենդանին պետք է իրար լրացնեին: Ուստի ձին էլ տիրոջ նման պետք է բացված լիներ, առջեւի ոտքերը պետք է կրկնեին տիրոջ ձեռքերի շարժումը, իսկ հետեւի ոտքերը` օդում լինեին»,- իր հուշերում գրում էր քանդակագործը:


Չարենցի տուն-թանգարանը


1975 թվականի հունվարին Երեւանում բացվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, որը ՀԽՍՀ մինիստրների խորհրդի որոշմամբ հիմնադրվել էր 1964-ին։ Հավաքչական աշխատանքները տեւում են շուրջ 10 տարի։

 

 

«Բանաստեղծական մի յուրօրինակ աշխարհ է ստեղծվել բնակարանի սրահներում, որոնք ամփոփում են հեղափոխության մեծ երգչի բովանդակալից կյանքն ու նրա գրական հարուստ ժառանգությունը։ Առաջին սենյակը այցելուներին տեղափոխում է պոետի մանկության ու պատանեկության տարիները, ծանոթացնում նրա ստեղծագործական անդրանիկ քայլերին։ Այստեղ կարելի է տեսնել նրա ու հարազատների, ծննդավայր Կարսի լուսանկարները, բազմաթիվ վավերագրեր, ձեռագրերի պատճենահանված օրինակներ»,- գրում էր մամուլը:


Չարաշահումներ՝ Զոդի ոսկու կորզման ֆաբրիկայում


1975թ. հունվարի 14-ին «Սովետական Հայաստանը» գրում էր, որ Արարատ քաղաքի մոտ կառուցվող Զոդի կոմբինատի ոսկու կորզման ֆաբրիկայում աղմկահարույց խախտումներ ու չարաշահումներ էին հայտնաբերվել։ Մասնավորապես, շինարարությունում զգալի չափերի էր հասել գերածախսը եւ հավելագրումները։

«Պարզվում է, որ հողապատնեշում լցված է ոչ թե 1.4 միլիոն, այլ 726 հազար տոննա հող եւ ապար»,- գրում էր թերթը։ Բացի այդ, զգալիորեն ավելի շատ գումար էր «դուրս գրվել» հողային աշխատանքների համար։ Ըստ պայմանագրի՝ 348 հազար տոննա հողը տեղափոխելու համար ծախսվել էր 64 հազար ռուբլի, սակայն ստուգումները պարզել էին, որ տեղափոխվել է ընդամենը 22 հազար տոննա, իսկ մնացած գումարը յուրացվել էր։

Շատ էին նաեւ բարձր աշխատավարձ գրելու դեպքերը. «Շինվարչության մի շարք վարորդների, հող տեղափոխելու համար ամսական վճարվել է 540-600 ռուբլի, մինչդեռ, տեխնիկապես մեկ ամսում հնարավոր չէ այդքան գումարի աշխատանք կատարել»։


Ջիմ Թորոսյանը կանխատեսում է 2000 թվականի Երեւանը


1975 թվականի հունվարին Երեւանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանը կանխատեսում էր Երեւանի տեսքը 2000 թվականին։ Նա նշում էր, որ 21-րդ դարի սկզբին Լենինի պողոտան (այժմ՝ Մաշտոցի պողոտա) իր տեղը զիջելու է Գլխավոր պողոտային։ «Քաղաքի 90 մետր լայնությամբ կենտրոնական մայրուղին լինելու է մի եզակի ճարտարապետական կառույց։ Նրա անսամբլի մեջ ներդաշնակորեն զուգորդվելու են բարձրաբերձ շենքեր, կինոյի, համերգի ու թատրոնի բաց հրապարակներ, շատրվաններ, արձանախմբեր, կանաչապատում»,- ասել էր մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը։ Նոր Նորքի սկզբնամասում կառուցվելու էր 25-հարկանի բնակելի շենք, իսկ քաղաքի տարբեր հատվածները միանալու էին կամուրջներով, որոնցից մեկը Դավիթաշենի կամուրջն էր։

 

 

«Երեւանը կդառնա Սովետական Միության ամենականաչապատ քաղաքներից մեկը։ Ըստ նոր նախագծի, յուրաքանչյուր երեւանցուն կընկնի 31 մ2 կանաչազատ տարածություն։ 2000 թվականին Հայաստանի մայրաքաղաքը այլեւս զերծ կլինի հեռավորությունների կամ տրանսպորտային քաոսի պրոբլեմներից։ Քաղաքի ուզած կետից մի այլ կետ փոխադրվելու համար ամենաշատը կծախսվի 30-35 րոպե։ Այս կարեւոր պրոբլեմը մեծապես կլուծվի մետրոյի կառուցման շնորհիվ, ինչպես նաեւ այն ճեպուղիների շնորհիվ, որ կձգվեն հյուսիսից հարավ ու արեւմուտքից արեւելք եւ քաղաքի շուրջը»,- Երեւանի ապագան այսպես էր տեսնում Ջիմ Թորոսյանը։


Կանանց հոգսերն ու անհասանելի ռեստորանները


1975 թվականին շատ էր խոսվում կանանց տնային հոգսերը թեթեւացնելու մասին, եւ դրանցից մեկն էլ հանրային սննդի վայրերում ճաշելու հնարավորությունն էր:

Համաձայն կարգի՝ բոլոր ռեստորաններն ու ճաշարանները մինչեւ ժամը 18:00-ն պետք է ճաշելու հնարավորություն ստեղծեին, այսինքն՝ սնունդը պետք է լիներ մատչելի եւ որակյալ: Երեւանում դա մեծ խնդիր էր, քանի որ ճաշարաններում որակն ու սպասարկումը բավարար չէին, իսկ ռեստորանները դժկամությամբ էին ընդունում «պարզապես ճաշողներին»:

«Աշխատանքից գալիս ես՝ եփիր, լվա, վաղվա մասին մտածիր: Մանավանդ մեզ մոտ, ուր միշտ չէ, որ կիսաֆաբրիկատներ կկարողանաս ճարել: Այս առումով միշտ նախանձել եմ Մերձբալթյան հանրապետություններում ապրող եւ աշխատող կանանց: Սնվում են հիմնականում հասարակական սննդի օբյեկտներում՝ ճաշարաններում, ռեստորաններում: Դա մտել է նրանց կենցաղը: Իսկ մեզ մոտ... Փորձիր երկու օր անընդմեջ ռեստորանում ճաշել: Ռեստորանում ճաշելը շատ թանկ արժե: Բացի այդ, ոչ մեկին հաճելի չէ, երբ երբեմն մատուցողները սպասարկում են այնպես, ասես յուրաքանչյուր մոտենալիս դառը դեղահաբ են կուլ տվել»,- դժգոհում էին հայ կանայք «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրի հետ զրույցում:

 

 

«Կա՞ արդյոք Երեւանում մի սրճարան, ուր երաժշտություն լինի: Մտածելու կարիք չկա, երաժշտությունը մեզանում ռեստորանների մենաշնորհն է... Իսկ գուցե կա՞ն այնպիսինները, որտեղ առանց երգի էլ կարելի է հանգստանալ... թերեւս միայն «Հեքիաթում»: Մնացածները՝ «Անահիտ», «Արաքս», «Սանասար եւ Բաղդասար», «Երիտասարդական» երեկոյան ժամերին վերափոխվում են «քեֆարանի»: Եթե ուժեղ նյարդեր ունեք, կարելի է մի կերպ դիմանալ, իսկ եթե ձեր նյարդերը թույլ են... ուրեմն շրջանցեք նման վայրերը»,- գրում էր «Հայաստանի աշխատավորուհին»:


Ամսագիրը հիշեցնում է, որ ժամանակին դրանցից մեկում՝ «Երեւան» սրճարանում էին հանգստանում Երվանդ Քոչարը, Կոստան Զարյանը, Ազատ Շերենցը...

«Երրորդ սեղանի շուրջ ընկեր տղերքը խմել են ու անվայելուչ խոսքեր են շպրտում սրան-նրան: Այնքան բարձր ու ախորժակով են հայհոյում, որ նորեկ այցելուն անհարմար է զգում: Գինովցած սեղանակիցներից մեկը վիճում է եւ բռունցքով հարվածում լենինականցի հյուրի դեմքին... Գալիս է մի նոր ընկեր. - Հարյուր-հարյուր... Մի ուրիշը՝ - Հիսուն-հիսուն: Մեկ էլ հոպ՝ մի նոր շիշ: Եվ մարդիկ գնալով տուն՝ ասում են. «Էսօրն էլ անցկացրինք»:


Մինասի ողբերգական մահը


1975 թվականի փետրվարի 16-ին Երեւանում վրաերթի ենթարկվեց նկարիչ Մինաս Ավետիսյանը։ Մի քանի օր անց՝ փետրվարի 23-ին, նա հիվանդանոցում մահացավ։

 

 

«Անդառնալի կորուստ կրեց սովետական կերպարվեստը՝ ողբերգականորեն մեզնից հեռացավ Մինաս Ավետիսյանը։ Եվ տաղանդավոր նկարչի, սիրելի Մինասի արվեստը շատ բարձր գնահատող մարդիկ այսօր վերհիշում են նրա անցած ոչ երկար, բայց միշտ վերընթաց ուղին ցավի ու ափսոսանքի խորին զգացումով»,- գրել էր «Սովետական Հայաստանը» մեծ նկարչի մահվան առիթով։

«Նրան միայն ժամանակ էր հարկավոր, երկար ժամանակ էր հարկավոր՝ տեւական անընդհատությամբ, հայ գյուղացու ջանադիր անընդհատությամբ գործ դարձնելու իր մարմնին կաթեցված աստվածային տաղանդի ծանր կաթիլը։ Նա ծնվել էր Սարյանից հիսուն տարի հետո, մեռնելու էր Սարյանից հիսուն տարի հետո։

 

 

Նա գահաժառանգ էր ծնվել, նա բազմելու էր Մեծի թափուր գահին, նա արդեն այսօր արժանի էր տանտիրոջ ու Մեծի թափուր այդ գահին, բայց շատ գեղեցիկ է, երբ անառարկելի վաստակը լուսապսակվում է նաեւ պատկառելի ծերությամբ։ Նա ապրելու էր Սարյանի կյանքն ու փառքը, եւ սիրտն ու սերը իր հայրենիքին տված նրա թեթեւ մարմինը, բոժոժորեն փխրուն մարմինը, կյանքով լեցուն հին մարմնի այդ հուշը 2020 թվականին գեղեցիկ թախիծով կհանձնվեր հայրենի հողին...»,- գրում էր Հրանտ Մաթեւոսյանը:


Լենինականի «Մայր Հայաստան»-ը


1975 թվականին Լենինականում բացվեց «Մայր Հայաստան» հուշակոթողը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 30-ամյակին։ Հուշարձանի հեղինակը քանդակագործ Արա Սարգսյանն է, ճարտարապետը՝ Ռաֆայել Եղոյանը։

 

 

Հուշարձանի բարձրությունը 41 մետր է, միայն արձանինը՝ 20 մետր։ Կռած պղնձից պատրաստված հուշարձանը պատկերում է երիտասարդ կնոջ, որի ձեռքին Զվարթնոցի տաճարի խոյակն է։

Արձանի պատմության մանրամասները կարդացեք Երեւանի համար նախատեսված, բայց Գյումրի եկած Մայրը հոդվածում:


Ցեղասպանության 60-ամյակը


1975 թվականի ապրիլի 24-ին Հայաստանում նշում են Հայոց ցեղասպանության 60-ամյակը: Վաղ առավոտից Խորհրդային Հայաստանի ղեկավարները ժամանում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհում Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Ժամը 11-ին հուշահամալիր է գալիս Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն, ՀԽՍՀ մինիստրների խորհրդին առընթեր հայ եկեղեցու գործերի խորհրդի նախագահ Սարգիս Գասպարյանը:

 

 

«Հայ եկեղեցու եւ Մայր Աթոռի ներկայացուցիչները, Հայոց Հայրապետի գլխավորությամբ, իջնում եւ բոլորվում են նահատակաց հիշատակին վառվող կրակի շուրջ, որը խորհրդանշում է «մեր անցյալ ցավի, մեր ողբերգական հուշերի անշեջ կրակը» եւ ուր տեղի է ունենում հոգեհանգստյան մասնավոր արարողություն: Հայոց Հայրապետը հուզմունքից դողացող շրթունքներով «Հոգւոց» է արտասանում մեր նահատակների անմահ հիշատակին, նահատակներ, «որք ընկան յընթացս համաշխարհային առաջին պատերազմի, վասն Յիսուսի եւ վասն հայրենեաց»»:


Արարողություն Կիրովաբադի հայկական եկեղեցում


1975 թվականի դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ Կիրովաբադի (Գանձակի) հայոց Ս. Գրիգոր Լուսավորիչ վերանորոգված եկեղեցու Ավագ սեղանի օծման արարողությունը:

 

 

Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի հանձնարարությամբ Գանձակ էր մեկնել Ադրբեջանի Հայոց թեմի առաջնորդ տեր Հուսիկ եպիսկոպոս Սանթուրյանը, որին ուղեկցում էին եկեղեցական երաժշտության դասախոս Հայկ Ֆրունջյանը եւ Հակոբ սարկավագ Խաչատրյանը: Դեկտեմբերի 21-ին տեր Հուսիկ եպս. Սանթուրյանը Սուրբ պատարագ է մատուցում Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որին մասնակցում էին բազմաթիվ հավատացյալներ:


Ավարտվում է Գառնու տաճարի վերականգնումը


1975 թվականին ավարտվեցին Գառնու հեթանոսական տաճարի վերականգնողական աշխատանքները: Մ.թ. I դարում կառուցված տաճարը կանգուն էր մնացել շուրջ 15 դար եւ քանդվել էր 1679 թվականի ավերիչ երկրաշարժից:

 

 

1960-ականներին սկսվում է մշակվել Գառնու տաճարը վերականգնելու նախագիծը, որն իրականացնում էր անվանի ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանը:

Նախագիծը հաստատվում է 1968 թվականի դեկտեմբերի 10-ին: Վերականգնելու համար մշակվել էր հատուկ մեթոդաբանություն, որը ստացել էր Գիտությունների ակադեմիայի գիտամեթոդական խորհրդի հավանությունը եւ հաստատվել Խորհրդային Հայաստանի մինիստրների խորհրդի շինարարության պետկոմի կողմից: Որոշվել էր Գառնու տաճարի վերակառուցման ժամանակ խստորեն պահպանել այն տեխնոլոգիաները, որոնք կիրառվել էին գրեթե 20 դար առաջ:

 

«...Պահպանել տաճարի սկզբնական կառուցվածքում կիրառված տեխնիկան՝ քարերը միացնել մետաղական կապերով (գամերով) եւ մետաղի ու քարի միացման հանգույցը լցնել կապարով: Կոնստրուկտիվ անհրաժեշտության դեպքում, առանձին մասերում թաքնված ձեւով օգտագործել նաեւ երկաթբետոն»,- գրված էր շինպետկոմի որոշման մեջ:

 

 

«Եվ ահա ավերակներից ելնո՜ւմ է տաճարը, ելնո՜ւմ Պետշինի հուշարձանների վերականգնման հատուկ արվեստանոցի հմուտ վարպետների ձեռքերով: Նրանք կառուցել են Երեւանում հոյակապ շենքեր, մասնակցել Եղեռնի հուշարձանի, «Հրազդան» մարզադաշտի շինարարությանը, քանդակներով զարդարել «Արմենիա» հյուրանոցը, Կառավարական տան նիստերի դահլիճը, մշակույթի պալատը... Նրանք են վերականգնել, շունչ ու հոգի տվել Գեղարդի, Օհանավանի, Գնդեվանքի, Հառիճի եւ այլ հուշարձաններին: Ու եկել են Գառնի: Ու նրանք սրբազան երկյուղածությամբ ահռելի ձորերից բարձրացրին հսկա սյուներ, խոյակներ, քանդակազարդ քարեր, որ այնտեղ էր շպրտել երկրաշարժը, բարձրացրեցին ու խնամքով հավաքեցին մի կողմ, որ հետո՝ նախնիների նման երկաթե գամերով ու կապարով ագուցեն իրար ու բարձրանա տաճարը»,- գրում էր «Հայաստանի աշխատավորուհին»:


Տիկնիկային թատրոնի նոր շենքը


1975 թվականին Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը տեղափոխվեց Սայաթ-Նովա 4 հասցեում կառուցված շենքը, որին ժողովուրդը տվել էր «բուբլիկներով շենք» անունը։ Շենքի եւ Տիկնիկային թատրոնի ճարտարապետներն էին Մարգարիտա Հայրապետյանը եւ Ֆելիքս Զարգարյանը:

Նոր շենքում թատրոնի առաջին բեմադրությունը «Շունն ու կատուն» էր։

 

 

«Շինությունն ունի տիկնիկային թատրոնին անհրաժեշտ բոլոր հարմարությունները՝ 350 տեղանոց դահլիճ, գեղեցիկ եւ ընդարձակ ճեմասրահ, փորձասենյակներ, նկարչական արվեստանոց, թանգարան, ուր ցուցանմուշները մանուկ այցելուներին պատմելու են թատրոնի անցած ուղու մասին։ Եվ այս ամենը ժամանակակից հարդարանքով, ժամանակակից տեխնիկայով արված»,- գրում էր «Սովետական Հայաստանը»:

Մինչ այդ թատրոնը գործում էր ներկայիս Խամաճիկների թատրոնի շենքում (Մաշտոցի պողոտայում):

Ժամանակին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը Մեդիամաքսին պատմել էր, որ 70-ականներին Խորհրդային միությունում առանձին թատրոն կառուցելու համար շատ բարձր մակարդակով թույլտվություն էր անհրաժեշտ: Ներկայիս Տիկնիկային թատրոնի շենքը կառուցվում էր որպես նորաձեւության տուն իր պոդիումով:

Երեխաների կողմից այդքան շատ սիրված Աքաղաղը, որն ազդարարում է ներկայացման սկզբի մասին, տեղադրվել է 1982 թվականին, երբ Երեւանում անցկացվում էր տիկնիկային թատրոնների առաջին Անդրկովկասյան փառատոնը:

 

 

1980-ական թվականներին Տիկնիկային թատրոնի առջեւի մասում կարելի էր հանդիպել Mercedez գրությամբ ռետրո-ավտոմեքենայի, որը «ռեկվիզիտ» էր ծառայում լուսանկարիչների համար: 80-ականների երեխաներից շատերն այդ մեքենայում արված լուսանկար ունեն:


«Աստղերը Հրազդանում»


1975 թվականին Երեւանի «Հրազդան» մարզադաշտում անցկացվում է «Աստղերը Հրազդանում» փառատոնը։ Մասշտաբային այս միջոցառումը կազմակերպել էր ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միությունը, խորհրդային կինոյի պրոպագանդայի բյուրոն եւ «Էկրան» ստեղծագործական միավորումը։

Միջոցառմանը մասնակցում էին ԽՍՀՄ բազմաթիվ դերասաններ, երգիչներ, երաժիշտներ, մշակույթի գործիչներ։ Եռօրյա միջոցառումն ուներ 3000 մասնակից, իսկ հանդիսատեսների ընդհանուր թիվը շուրջ 250 հազար էր։

 

 

«Այսքան աստղ, ու բոլորը միանգամից «Հրազդանում», բոլորը իրենց բարձր արվեստի նմուշներով, աշխատանքային ու մարտական զեկույցներով։ Թատրոն եւ կինո, երաժշտություն եւ կրկես, սպորտ եւ էստրադա, շքերթ ու պարահանդես»,- նշում էր «Սովետական Հայաստանը»:


«Հարսնացու հյուսիսից»


1975 թվականին հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայում նկարահանվում է Ներսես Հովհաննիսյանի «Հարսնացու հյուսիսից» կինոնկարը։

 

 

Ֆիլմի ցուցադրությունից հետո կինոքննադատները հիմնականում դրական են արձագանքում. «Էկրանի վրա անկրկնելի, հիշվող մարդկային անհատականության ստեղծումը միշտ էլ դժվար գործ է եղել։ «Հարսնացու հյուսիսից» ֆիլմի հեղինակներն առաջին իսկ կադրերից ամենայն որոշակիությամբ հայտարարում են, որ իրենց ստեղծագործության առաջնահերթ խնդիրներից մեկը հենց մարդկային դիմանկարների ստեղծումն է։ Ֆիլմն ասես մի յուրատեսակ խաղ լինի, որի ընթացքում մեզ ծանոթացնում են տարբեր մարդկանց հետ։ Եվ հանդիսատեսն այդ խաղն ընդունում է միանգամից...»։



Ֆիլմում հնչած բազմաթիվ արտահայտություններ, ինչպես օրինակ՝ «Մուրա՛դ, չկատաղե՛ս», «Ալամեզոն», «Կարո՞ղ է պատահի՝ մեզ հետեւում են» եւ այլն, դարձել են ժողովրդական բանահյուսության անբաժան մասնիկները։


Աղջիկներին ձնագնդով խփելու «ավանդույթը»


1975-ին մամուլը գրում էր, որ հարկ է պայքարել փողոցով քայլող կանանց ու աղջիկներին ձնագնդով խփելու «վատ, դաժան եւ անմիտ սովորույթի» դեմ:

«Աղջիկներն ու երիտասարդ կանայք իրավունք չունեն հանդարտ, նորմալ քայլքով անցնելու փողոցով, որովհետեւ որոշ երիտասարդներ սկսում են ձնագնդի «խաղալ» նրանց հետ... Մարդն իր մտքերի եւ հոգսերի հետ գնում է փողոցով, եւ շրխ՛կ, հարված թիկունքին, գլխին, նաեւ... աչքին: Գոնե փափուկ ձյունով հարվածեն, աստված իրենց հետ: Կարծրացնում են քարի պես: Մի կողմ թողնենք հոգեբանական անալիզի հնարավոր բացատրությունները, թե ինչո՞ւ են այդպիսի ամուր ձնագնդով, այդպես դաժանորեն հարվածում: ...Հասկացեք՝ որ ձնագնդին քարի պես ամուր է եւ ցավ է պատճառում մարդուն: Պատկառելի տղամարդիկ էլ անցնում են կողքով եւ մտքներով էլ չի անցնում սաստել դաժանությունից եւ հիմարությունից ոգեւորված «ուժեղ տղաներին»»,- վրդովվում էր «Հայաստանի աշխատավորուհին»:



Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են լուսանկարներ Երվանդ Քոչարի թանգարանի, «Արարատ» ֆուտբոլային ակումբի արխիվներից:

 

«Հայկական Կարմիրը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Հայկական Կարմիր»-ը պատմում է Խորհրդային Հայաստանի (1921-1991թթ.) մասին:

«Հայկական Կարմիր»-ի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում խորհրդային շրջանի մեկ տարվա նշանակալի քաղաքական, տնտեսական եւ մշակութային իրադարձությունները: