Հայկական Կարմիր. 1955



1955 թվականին Ուինսթոն Չերչիլը հրաժարական է տալիս Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից, Գեորգի Ժուկովը նշանակվում է ԽՍՀՄ պաշտպանության նախարար, ԱՄՆ-ում մահանում է Ալբերտ Էյնշտեյնը, Իրաքն ու Թուրքիան ստորագրում են ռազմական գործակցության մասին «Բաղդադյան պակտը», որին մի քանի ամիս անց միանում է նաեւ Իրանը, ԽՍՀՄ-ը, Ալբանիան, Բուլղարիան, Հունգարիան, ԳԴՀ-ն, Լեհաստանը, Ռումինիան եւ Չեխոսլովակիան հիմնում են Վարշավյան պայմանագրի ռազմաքաղաքական կազմակերպությունը, իսկ Արեւմտյան Գերմանիան անդամակցում է ՆԱՏՕ-ին:

 

Վազգեն Առաջինի ընտրությունը


1955թ. սեպտեմբերի 29-ին Էջմիածնում բացվում է Հայ եկեղեցու Ազգային-եկեղեցական ժողովը, որը հրավիրվել էր Ամենայն հայոց նորընծա կաթողիկոսի ընտրության կապակցությամբ։ Ժողովին մասնակցելու համար ժամանել էին պատգամավորներ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի պատրիարքությունից, Հայ եկեղեցու արտասահմանյան եւ ներքին թեմերից։ Էջմիածին էին ժամանել հյուրեր եւ ուխտավորներ ԱՄՆ-ից, Հարավային Ամերիկայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Եգիպտոսից, Լիբանանից, Սիրիայից, Հնդկաստանից, Ռումինիայից եւ այլ երկրներից։

Սեպտեմբերի 30-ին ժողովը գաղտնի քվեարկությամբ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոս ընտրեց Վազգեն եպիսկոպոս Պալճյանին։

 

 

Հոկտեմբերի 2-ին Էջմիածնի Մայր տաճարում տեղի ունեցավ Ծայրագույն պատրիարք Ամենայն հայոց նորընծա կաթողիկոս Վազգեն Ա-ի օծումը։ Օծման արարողությունը կատարեցին Եգիպտոսի թեմի առաջնորդ Մամբրե արքեպիսկոպոս Սիրունյանը, Հյուսիսային Ամերիկայի թեմի առաջնորդ Մամբրե արքեպիսկոպոս Գալֆայանը, Հարավային Ամերիկայի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Մանուկյանը, Վարդան արքեպիսկոպոս Գասպարյանը (Կալիֆոռնիա), Կիլիկիայի կաթողիկոսության ներկայացուցիչ Դերենիկ եպիսկոպոս Փոլադյանը, ներքին թեմերից՝ Վահան արքեպիսկոպոս Կոստանյանը, եպիսկոպոսներ Սուրեն Թորոսյանը եւ Սահակ Տեր-Հովհաննիսյանը։

Օծման ժամանակ Ծայրագույն պատրիարք Ամենայն հայոց նորընծա կաթողիկոս Վազգեն Ա-ին մատուցվեց հայրապետական գավազանը։ Օծման առթիվ մատուցվեց հանդիսավոր պատարագ, որը կատարեց կաթողիկոս Վազգեն Ա-ն։

 

 

Վազգեն Ա-ն պաշտոնավարում է գրեթե 40 տարի՝ մինչեւ 1995 թվականի օգոստոսի 18-ը, երբ 85 տարեկանում հեռանում է կյանքից:


Մահանում է Նժդեհը


1955 թվականի դեկտեմբերի 21-ին Վլադիմիրի բանտում մահանում է Գարեգին Նժդեհը:

 

 

1944 թվականի հոկտեմբերին նրան Բուլղարիայում ձերբակալել էին Խորհրդային բանակային հակահետախուզության աշխատակիցները:

1946 թվականին Նժդեհին Մոսկվայից տեղափոխում են Երեւան: 1948 թվականին նրան դատապարտում են 25 տարվա բանտարկության:

 

 

Նժդեհին հուղարկավորում են Վլադիմիրի բանտի պարսպի հարեւանությամբ:

1980-ականների սկզբին Նժդեհի ազգականները մասունքների մի մասը գաղտնի տեղափոխում են Հայաստան եւ հուղարկավորում Գլաձորի Սպիտակավոր եկեղեցում: 2005-ին մասունքների մի մասը հուղարկավորում են Կապանում:

 

 

Րաֆֆու, Պատկանյանի եւ Պարոնյանի «արդարացումը»

1955 թվականը սկսվել էր ԽՍՀՄ գրողների միության հերթական համագումարով, որտեղ քննարկվել էին գրական ստեղծագործությունների, «բուրժուական գաղափարների դեմ պայքարի», գրաքննադատության եւ այլ հարցեր: Հայաստանի սովետական գրողների միության նախագահ Էդուարդ Թոփչյանը համագումարում ներկայացրել էր այն ժամանակվա համար մի շարք կարեւոր դրույթներ:

Նրա ելույթի թերեւս ամենաուշագրավ հատվածը վերաբերում էր անցյալի մշակութային ժառանգությանն ու նախկինում արգելված հայ գրողներին: Խորհրդային միության այդ շրջանը հայտնի է «Խրուշչովյան ձնհալ» անունով, երբ վերանայվում էին Ստալինյան ժամանակաշրջանի սահմանափակումները, բանտերից ու աքսորից վերադառնում էին բազմաթիվ բռնադատվածներ:

 

 

«Երկար տարիներ Հայաստանում ճիշտ չէին գնահատվում անցյալի կուլտուրայի արժեքները: Դրանց նկատմամբ առաջացել էր նիհիլիստական վերաբերմունք, որն իր հետ բերում էր գրական ամբողջ պրոցեսի պատմության աղավաղում, բացասաբար էր անդրադառնում գրողների, գրականագետների ու քննադատների աշխատանքի վրա: Հայ կլասիկ գրականության նավից դուրս նետելով այնպիսի հեղինակների, ինչպիսիք են Րաֆֆին, Ռաֆայել Պատկանյանը, Հակոբ Պարոնյանը, որոշ վայ-քննադատներ դրանով իսկ մոռացության էին տալիս լենինյան դրույթը՝ հոգատարությամբ վերաբերվել անցյալի կուլտուրական ժառանգությանը: Սովետական Միության Կոմկուսի Կենտրոնական կոմիտեն օգնեց մեզ ուղղելու այն կոպիտ սխալներն ու գաղափարական աղավաղումները, որ թույլ էին տրված հայ կլասիկ գրականության մեծ վարպետների նկատմամբ»,- ասել է Թոփչյանը:


Տերյանի 70-ամյակը


1955 թվականին լրանում է Վահան Տերյանի ծննդյան 70-ամյակը եւ մահվան 35-րդ տարելիցը:

«Վահան Տերյանի կորուստը հայ գրականության համար չգոցված վերք է: Այնքա՜ն թարմ ու այնքա՜ն կսկծալի է նրա թանկագին կյանքի վաղահաս բեկումը: Նրա քնարը փշրվեց երգչի ամենափթթուն հասակում, բայց չնայելով դրան, նա մեծ ու մնայուն գործ կատարեց հայ պոեզիայի զարգացման համար»,- գրել էր Ավետիք Իսահակյանը:

Իսկ բանաստեղծ Գեղամ Սարյանը «Գրական թերթում» տպագրված ակնարկում գրում էր, որ Տերյանի ստեղծագործական կյանքը սկսվել է 1905թ. հեղափոխությունից հետո՝ թերեւս փորձելով անդրադարձ կատարել նաեւ խորհրդային իշխանությունների կողմից խիստ կարեւորվող այդ իրադարձության 50-ամյակին:

 

 

«Վահան Տերյանն իբրեւ բանաստեղծ հանդես եկավ 1905 թվականի ռեւոլյուցիայի պարտությունից անմիջապես հետո, երբ մոլեգնում էր ստոլիպինյան դաժան ռեակցիան: Մի կողմից իրականության մղձավանջային դրությունը, մյուս կողմից իր անձնական անառողջ վիճակը բանաստեղծի հոգու մեջ լցրել էին մի «անանց տխրություն» եւ այդ անանց տխրությունն էր, որ նա արտահայտեց իր «Մթնշաղի անուրջներ», «Գիշեր եւ հուշեր» ցիկլերի մեջ»:


Հանրապետական մարզադաշտի վերակառուցումը

1955 թվականին ավարտվում է Երեւանի հանրապետական մարզադաշտի վերակառուցման եւ ընդլայնման աշխատանքը: Մարզադաշտը կառուցվել էր 1930-ական թվականներին եւ ամբողջովին վերափոխվել էր 1953-1955 թվականներին ճարտարապետ Կորյուն Հակոբյանի նախագծով:

«Երեւանի Ռեսպուբլիկական նորակառույց ստադիոնը լիարժեք սպորտային կառույց է: Նա լայն հնարավորություններ է ստեղծում բազմազան տեսակի սպորտային խաղերի ու մրցումների կազմակերպման համար: Նոր տրիբունաներում տեղավորվում է 25 հազար հանդիսատես:

 

 

Միջազգային չափեր ունեցող կանաչապատ խաղադաշտը շրջապատված է 400 մետր երկարությամբ վազքի ճանապարհով: Խաղադաշտի հարավային եւ հյուսիսային ծայրերի կիսաշրջանաձեւ հատվածներում, տրիբունաների առջեւ, տեղավորված են վոլեյբոլի եւ բասկետբոլի խաղադաշտերը, բարձրության, երկարության եւ ձողով թռիչքներ կատարելու, ինչպես եւ գունդ, սկավառակ ու նիզակ նետելու տեղերը»,- գրում էր մամուլը:

 

 

Վազգեն Սարգսյանի անունը կրող Հանրապետականն այսօր էլ Հայաստանի գլխավոր ֆուտբոլային մարզադաշատն է, քանի որ «Հրազդանը», ցավոք, չի համապատասխանում միջազգային չափանիշներին:


Բաղրամյանը՝ մարշալ եւ ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար

1955թ. մարտի 11-ին ԽՍՀՄ գերագույն խորհուրդը Խորհրդային միության մարշալի կոչում է շնորհում Հովհաննես Բաղրամյանին: Նա նաեւ նշանակվում է ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար։

 

 

Հենց այդ կարգավիճակում է Բաղրամյանը կարեւոր դերակատարություն ունենում 1962 թվականին «Անադիր» օպերացիայի նախագծման եւ իրականացման գործում. Խորհրդային միությունը Կուբա է տեղափոխում 51 հազար զինծառայող եւ հրթիռային զորքերի մի քանի գունդ: Այս գործողության հետեւանքով սկսվում է «Կարիբյան ճգնաժամը»:


Գոհար Գասպարյանի համերգները Լեհաստանում


1955 թվականի ապրիլին համերգային ծրագրով Լեհաստանում էր Գոհար Գասպարյանը։

«Ապրիլի 23-ին իմ առաջին անհատական համերգն էր... Կատարեցի 17 համար եւ մոտ մեկ տասնյակ երգ էլ կրկնեցի։ Վարշավայում եւ մյուս քաղաքներում ես երգեցի Կոմիտաս, Ռոմանոս Մելիքյան, Ռախմանինով, Վառլամով, Բախ, Մոցարտ, Շուբերտ... Երաժշտագետ Կարլ Բորովսկին խնդրեց կատարել Կոմիտասի «Քելե, քելեն»։ Դահլիճը ջերմորեն ընդունեց։ Ծաղիկներ, շատ ծաղիկներ ստացավ մեր մեծ Կոմիտասը»,- պատմում էր երգչուհին։

 

 

Լեհական մամուլը գրում էր.

«Սովետական Հայաստանում է լիովին դրսեւորվել նրա մեծ տաղանդը, այնտեղ է երգչուհին ձեռք բերել կատարողական մեծ վարպետությունը։ Նրա առջեւ բաց են Սովետական Միության բոլոր համերգային դահլիճների ու էստրադաների դռները»։


Գերմանացի ճարտարապետների այցը

1955 թվականի օգոստոսին Հայաստան է այցելում Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության ճարտարապետների պատվիրակությունը:

Հյուրերն էին Արեւմտյան Գերմանիայի ճարտարապետների միության փոխնախագահ Օտտո Գրալկը, Հանովեր քաղաքի գլխավոր ճարտարապետ պրոֆեսոր Ռուդոլֆ Հիլլեբրեխտը, «Շինարարություն եւ կյանք» ճարտարապետական ամսագրի գլխավոր խմբագիր Ֆրիդրիխ Պյուտցը։

 

 

Նրանք Հայաստանի տարբեր վայրերում այցելում են ճարտարապետական նոր կառույցներն ու պատմական հուշարձանները։


Սարյանի 75-ամյակը

 

1955 թվականի փետրվարին լրանում է Խորհրդային Հայաստանի ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստական ակադեմիայի իսկական անդամ Մարտիրոս Սարյանի ծննդյան 75-ամյակը:

 

 

«Մինչեւ սովետական կարգերի հաստատումը նրա ստեղծագործությունների մեջ տեղ են գտել երկու տենդենցներ - մի կողմից՝ արեւմտյան ժամանակակից արվեստի հոսանքները, մյուս կողմից՝ զորեղ ձգտումը դեպի արեւելք: Սարյանի արեւելքը խաների եւ փադիշահների հարեմների շքեղ եւ շռայլորեն զարդարված արեւելքը չէ, այլ պարզ տնակը, գյուղի կամ քաղաքի ծայրամասի փողոցը, աշխատավորի խուղը, կանաչեղեն վաճառողի սայլը, ջուր կրող կանայք, մրգեղենի խանութը»,- գրում էր «Սովետական Հայաստանը»:


Երգի տոն Կիրովականում


1955թ. սեպտեմբերին Հայաստանում առաջին անգամ երգի տոն է անցկացվում։ Սեպտեմբերի 18-ին՝ առավոտյան ժամը 10-ից, Կիրովականով անցնում էին տարբեր աշխատավորական խմբեր, որոնք երգում էին նախապես սովորած երգերը։ Այս միջոցառման համար ստեղծվել էր հատուկ կազմկոմիտե, որը տպագրել էր երգերի բառերն ու ուսուցողական ձեռնարկները։

Երգի տոնի բոլոր մասնակիցները պետք է կարողանային երգել Խորհրդային Հայաստանի հիմնը, «Քաղաք Երեւան», «Կիրովական» եւ ժողովրդական «Մանր-մանր ման արի, յար-յար» երգերը։

«Ժամը 11-ից քիչ անց, բացատ-ամֆիթատրոնը, որտեղ կարող է տեղավորվել 16 հազարից ոչ պակաս մարդ, լեփ-լեցուն էր։ Ժամը 12-ին միկրոֆոնին մոտեցավ Կիրովականի աշխատավորների դեպուտատների քաղաքային Սովետի նախագահ Վ. Ավչյանը եւ հակիրճ խոսքով բացեց առաջին երգի տոնը Հայաստանում։

 

 

Համաքաղաքային երգեցիկ խումբը կատարեց Հայկական ԽՍՀ պետական հիմնը։ Այդ համարը հանձնարարված էր ղեկավարել քաղաքի ավագագույն խմբավար, արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Կզարթմյանին։

Վերջում այդ հոծ բազմությունը երգեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից «Ամպի տակից ջուր է գալիս» խմբերգը»,- գրում էր մամուլը:


Կոմիտասի մահարձանը

1955 թվականին՝ Կոմիտասի մահվան 20-րդ տարելիցի առիթով, Կոմիտասի անվան պանթեոնում կանգնեցվում է նրա մահարձանը:

 

 

Կոմիտասի մահարձանը երիտասարդ քանդակագործ Արա Հարությունյանի դիպլոմային աշխատանքն էր: Ճարտարապետը Գրիգոր Աղաբաբյանն էր։

Կոմիտասի աճյունը Փարիզից Երեւան էին տեղափոխվել 1936 թվականին:

Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են լուսանկարներ Sputnik-ի եւ Zebra-tv.ru կայքի արխիվներից:

 

«Հայկական Կարմիրը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Հայկական Կարմիր»-ը պատմում է Խորհրդային Հայաստանի (1921-1991թթ.) մասին:

«Հայկական Կարմիր»-ի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում խորհրդային շրջանի մեկ տարվա նշանակալի քաղաքական, տնտեսական եւ մշակութային իրադարձությունները: