1947 թվականին հակաֆաշիստական կոալիցիայի անդամները խաղաղության պայմանագիր են ստորագրում Իտալիայի հետ, ԱՄՆ նախագահ Հարի Թրումենը ներկայացնում է ԽՍՀՄ զսպման արտաքին քաղաքական հայեցակարգը, Թեհրանում ստորագրվում է Իրանին ամերիկյան ռազմական օգնության մասին համաձայնագիրը, ԱՄՆ պետքարտուղար Ջորջ Մարշալը առաջ է քաշում Եվրոպայի հետպատերազմական վերականգնման ծրագիրը, որը ստանում է «Մարշալի պլան» անվանումը:
Ընտրություններ
1947 թվականին Հայաստանում Գերագույն խորհրդի ընտրություններ էին: Տասնյակ ընտրատեղամասեր թեկնածուներ էին առաջադրում, եւ մեծագույն պատիվ էր, որ դրանց ցանկում առաջին տեղը զբաղեցներ Ստալինը: Առաջնորդը սակայն չէր կարող ընտրվել բոլոր տեղամասերից, ուստի մարդիկ անհամբեր սպասում էին, թե ինչ որոշում կկայացնի նա: 1947թ. հունվարի սկզբին Ստալինը որոշում է, որ ընտրվելու է Երեւանի N1 ընտրական տեղամասում:
«Թանկագին Իոսիֆ Վիսարիոնովիչ,
Անսահման բերկրանքի զգացմունքով Երեւան քաղաքի Ստալինյան ռայոնի աշխատավորներն այսօր իմացան Ձեր համաձայնության մասին՝ քվեարկվելու N1 գործարանային ընտրական օկրուգում որպես Հայկական ՍՍՌ Գերագույն Սովետի դեպուտատ: Այս օրերին ամբողջ հայ ժողովուրդը ապրում է մեծ բերկրանք, ուրախություն եւ խանդավառություն»,- գրում էր «Գրական թերթը» 1947թ. հունվարի 10-ին:
Գերագույն խորհրդի պատգամավորության թեկնածու էին նաեւ Անաստաս Միկոյանը, Լավրենտի Բերիան, Վյաչեսլավ Մոլոտովը, Անդրեյ Ժդանովը, կենտրոնական իշխանության այլ ներկայացուցիչներ: Այնուհետեւ ցուցակում ընդգրկված էին Հայաստանի ղեկավարներն ու մշակութային գործիչները՝ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը, Ավետիք Իսահակյանը, Արազին, Վաղարշ Վաղարշյանը, Արամ Խաչատրյանը, Շարա Տալյանը, Միքայել Թավրիզյանը եւ ուրիշներ:
Մամուլն ու գրականությունը հեղեղված էին Ստալինին ու խորհրդային համակարգը գովերգող բանաստեղծություններով.
Հիմա արդեն երկիրը մեր, կանգնել է վեհ եւ առնագին,
Թե՛ ծաղկում է, թե՛ ժպտում է, կարմրավառ աստղը ճակտին,
Նա մեր հո՛ւյսն է, նա մեր լո՛ւյսն է, նա մեր կյա՛նքն է հավերժական,
Նա կոչվում է Սովետական Ստալինյան շեն Հայաստան:
«Անհոգ ու անպատասխանատու էին»
1947 թվականին Հայաստանի կոմկուսը բարձրաձայնում էր գաղափարական բացթողումները. «Պարտիականները մոռանում են իրենց առաջնակարգ պարտականությունը՝ ռեւոլյուցիոն թեորիայով անընդհատ զինվելու մասին»:
Օրինակ՝ «Արարատ» տրեստի տնօրեն ընկեր Գեւորգ Ազատյանը ոչինչ չի արել «ՀամԿ(բ)Պ պատմությունն ինքնուրույն ուսումնասիրելու համար»: ...Անհոգ ու անպատասխանատու էին նաեւ Հողագործության մինիստրի տեղակալ Յաղուբյանը, «Երեւանի տրամվայի պարկի դիրեկտոր ընկ. Կ. Սարգսյանը եւ ուրիշներ: Իսկ Առեւտրի մինիստրության ապրանքագետ Միքայել Կարապետյանը, թեեւ պատրաստվում էր թեկնածուական ատենախոսություն պաշտպանել, սակայն չէր ուսումնասիրել Լենինի «Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում» հանճարեղ ստեղծագործությունը»:
Լուսավան-Չարենցավանը
1947 թվականին հիմնադրվում է քաղաքային տիպի ավան Լուսավանը: 14 տարի անց այն ստանում է քաղաքի կարգավիճակ, իսկ 1967-ին՝ Եղիշե Չարենցի 70-ամյակի առթիվ, վերանվանվում Չարենցավան:
Լուսավանի հիմնադրմանը մասնակցել է բանաստեղծ (մասնագիտությամբ ինժեներ-հիդրոշինարար) Գեւորգ Էմինը: «Յոթ Երգ Հայաստանի մասին»-ում նա գրել է.
«Հայրենական պատերազմից անմիջապես հետո ես ու իմ ընկերը, ջրային կառուցվածքների մասնագետ՝ Իոսիֆ Հեքիմյանը, բաց դաշտում՝ քարերի ու յավշանների մեջ, խփում էինք Գյումուշի էլեկտրակայանի շինարարության տեղամասերից մեկի առաջին վրանի ցցերը, առանց իմանալու, թե դրանով դառնալու էինք Հայաստանի նոր քաղաքներից մեկի հիմնադիրները՝ մի պատիվ, որ հնում վիճակվում էր միայն արքաներին ու առասպելի հերոսներին»:
Մարգար Սեդրակյանի «Երեւանը»
1947 թվականին Երեւանի կոնյակի գործարանի անգերազանցելի վարպետ Մարգար Սեդրակյանը ստեղծում է իր գլուխգործոցներից մեկը՝ «Երեւան» կոնյակը: Դրանով նա կոտրեց այս կարծրատիպը, որ կոնյակի թնդությունը չի կարող գերազանցել 50 %-ը:
«Երեւան» կոնյակը հատուկ դեր էր խաղացել Հյուսիսային բեւեռ կատարած սովետական էքսպեդիցիաների ժամանակ: Մարգար Սեդրակյանի մտահղացմամբ այն պետք է հայկական արեւով ջերմացներ բեւեռագնացներին սաստիկ ցրտի պայմաններում:
2018 թվականին՝ Երեւանի 2800-ամյակին ընդառաջ, Երեւանի կոնյակի գործարանը վերաթողարկեց «Երեւան» կոնյակը եւ այն համալրեց ԱՐԱՐԱՏ կոնյակների հազվագյուտ հավաքածուն:
Հայ ճարտարապետների հաջողությունը Մոսկվայի ցուցահանդեսում
1947թ. հունվարին Մոսկվայում տեղի է ունենում ճարտարապետության երիտասարդ վարպետների համամիութենական ստուգատես-ցուցահանդեսը, որին մասկանցում էր շուրջ 150 ճարտարապետ։
Խորհրդային Հայաստանը Մոսկվայում ներկայացնում էին Ռաֆայել Իսրայելյանը, Գրիգոր Աղաբաբյանը, Գեւորգ Թամանյանը, Կորյուն Հակոբյանը։
Ռաֆայել Իսրայելյանը ներկայացրել էր «Արարատ» տրեստի գինու մառանների ճարտարապետական ձեւավորման եւ «Հաղթանակ» կամրջի հրապարակի վրա կառուցվող շենքի նախագծերն ու լուսանկարները, մի քանի աղբյուրի, Զանգու գետի վրա կառուցված ակվեդուկի նախագծերը եւ այլ գործեր։
Գրիգոր Աղաբաբյանը ներկայացրել էր Երեւանի Փակ շուկայի (շենքի բացումը կայացավ 1952 թվականին), իսկ Գեւորգ Թամանյանը՝ անհատական բնակելի տան եւ ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի Հողագործության ինստիտուտի շենքի նախագծերը։
Երեւանի «Դինամո» մարզադաշտի ընդարձակման տարբերակի հեղինակն էլ Կորյուն Հակոբյանն էր։
Ստուգատես-ցուցահանդեսում առաջին մրցանակը՝ 10 000 ռուբլի, ստանում է Ռաֆայել Իսրայելյանը, իսկ Գրիգոր Աղաբաբյանն արժանանում է երկրորդ մրցանակի՝ 5 000 ռուբլի։ Մյուս հեղինակները ստանում են դիպլոմներ։
Ժյուրիի նախագահ, ճարտարապետության ակադեմիկոս Ալեքսեյ Շչուսեւը առանձնահատուկ կարեւորել էր հայ ճարտարապետներին։
«Հայաստանը մեծագույն ճարտարապետական երկիր է, եւ Սովետական Հայաստանի երիտասարդ ճարտարապետները այդ տրադիցիաների լավագույն յուրացնողներն են։ Նրանց վարպետության կազմավորման գործում խոշոր դեր խաղաց մեծագույն վարպետ, ճարտարապետության ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը։ Թամանյանի ստեղծած դպրոցը բնորոշ է ստեղծագործական մեթոդի միասնությամբ, սիրով դեպի նյութը, դեպի նրա պլաստիկական եւ կոլորիտ հատկությունները»,- ասել էր նա։
Հայրենադարձների հերթական քարավանը
1947 թվականին հայրենադարձության ծրագիրն ակտիվորեն շարունակվում էր, եւ հուլիսի 9-ին Բաթում է հասնում «Պոբեդա» նավը, որը բերում էր հայրենադարձների հերթական քարավանը։
Նավահանգստում սփյուռքահայերին դիմավորում էին ՀԽՍՀ մինիստրների խորհրդին առընթեր արտասահմանյան հայերի ընդունման եւ տեղավորման կոմիտեի նախագահ Բ. Աստվածատրյանը եւ առողջապահության մինիստր Գ. Ղեւոնդյանը։
«Շոգենավը զարդարված է ընկեր Ստալինի նկարներով, դրոշակներով եւ լոզունգներով, որոնց վրա հայերեն եւ ռուսերեն գրված է՝ «Ողջույն հարազատ մայր Հայրենիքին», «Կեցցե հայ ժողովրդի մեծ բարեկամ ու փրկարար սիրելի Ստալինը», «Միշտ պատրաստ ենք աշխատանքի եւ պայքարի»։
Հայրենադարձներին տեղավորում են հանրակացարաններում, որտեղից երկու օր անց գնացքով տեղափոխում են Հայաստան։
«Թբիլիսիից հարավ, այնտեղ, ուր սկսվում է Հայաստանի սահմանը, ուղեւորները խնդրեցին կանգնեցնել գնացքը։ ...Շատերը դուրս թափվեցին վագոններից։ Նրանք շրջում էին ձորում, հավաքում ծաղիկներ, պոկում մացառների ճյուղերը վագոնները զարդարելու համար, լվացվում էին Դեբեդի ջրով եւ խորին ակնածանքով նայում բարձրաբերձ լեռներին»։
Սփյուռքահայերի հայրենադարձության ծրագիրը սկսվել էր 1946թ., եւ նույն տարվա ամռանը ժամանել էին առաջին խմբերը։ 1947թ. ծրագիրը շարունակվում էր, եւ հազարավոր հայեր վերադառնում էին Խորհրդային Հայաստան։ Ընդլայնվել էր նաեւ երկրների աշխարհագրությունը՝ Սիրիա, Լիբանան, Իրաք, Հունաստան, Ֆրանսիա, Եգիպտոս, Պաղեստին։ 1947թ. ընթացքում հայրենադարձվում է 35 421 մարդ (Բանբեր Հայաստանի արխիվների, թիվ 126, 2018թ.)։
Հետպատերազմյան առաջին տարիներին ԽՍՀՄ ղեկավարությունը ծրագրում էր Թուրքիայից մի քանի շրջան վերցնելու մասին, եւ սկզբնական շրջանում հայրենադարձներին բնակեցնում էին Արաքս գետի մոտակա բնակավայրերում հետագայում նոր տարածքներ տեղափոխելու համար։
Թեեւ խորհրդային մամուլը լայնորեն քարոզում եւ գովաբանում էր հայրենադարձությունը, իրականում կային նաեւ զգալի խնդիրներ։ Տասնյակհազարավոր մարդկանց հոսքը Հայաստան առաջացրել էր պարենային ապրանքների պակաս։ Արդեն 1946թ. վերջին Հայկական ԽՍՀ ներքին գործերի ժողկոմը զեկուցում էր, որ հայրենադարձների որոշ խմբերի շրջանում նկատվում են արտագաղթի տրամադրություններ։ 1946թ. վերջին արձանագրվում են Թուրքիա եւ Իրան անօրինական անցնելու բազմաթիվ դեպքեր։ 1947-ի առաջին եռամսյակում սահմանախախտության համար ձերբակալվում է 50 մարդ, եւ ՆԳ ժողկոմը սկսում է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել։ Ուժեղացվում է Լենինական-Երեւան, Երեւան-Նախիջեւան երկաթուղու հսկողությունը, սահմանվում են ուղեկալներ, գնացքներում հերթապահում էին հատուկ ուղեկցորդները։ Միաժամանակ որոշվում է սահմանամերձ շրջաններից երկրի խորքը տեղափոխել հայրենադարձներին։ 1947թ. մայիսին առաջարկվում է տեղափոխել 368 ընտանիք, բացի այդ, կազմվում են առանձին մարդկանց ցուցակներ, որոնք ապրում էին սահմանամերձ գոտիներում՝ սահմանից մինչեւ 5 կմ հեռավորության վրա։
1947թ. մայիսի կեսին ՀԿԿ կենտկոմի բյուրոյի փակ նիստում որոշվում է անվստահելի հայրենադարձներին կենտրոնական շրջաններ տեղափոխվել։ Դադարեցվում է նաեւ հայրենադարձների բնակեցումը սահմանային շրջաններում։ Ներքին գործերի ժողկոմին հանձնարարվում է խստացնել անձնագրային ռեժիմի ստուգումները Երեւանում եւ Լենինականում։
Բյուրոյի նիստից անմիջապես հետո Հոկտեմբերյանի, Ախուրյանի եւ Աղինի շրջանների սահմանամերձ 5-կիլոմետրանոց գոտուց տեղահանվում է 85 ընտանիք։ Եվս 49 հայրենադարձ ընտանիք տեղափոխվում է Ալավերդու շրջան։ Հունիսին արդեն 217 ընտանիք է տեղահանվում սահմանամերձ գոտուց եւ Լենինական քաղաքից։
ՆԳ ժողկոմը տեղահանությունը հիմնավորում էր «արտասահման անցնելը կանխելու» ձեւակերպումով, որի մեջ ընդգրկվում էին տարբեր արարքներ։ Օրինակ՝ Խորհրդային Հայաստանում հաստատվելուց դժգոհելը համարվում էր «ռեէմիգրացիայի» ցանկություն։ Տեղահանության ցուցակներում էին հայտնվում մարդիկ, ովքեր հակախորհրդային հայտարարություններ էին անում, խոսում մոտալուտ պատերազմի եւ սահմանն անցնելու մասին, նենգադուլ էին կազմակերպում, վաճառում անձնական իրերը եւ ոսկի գնում։ Այս կարգի գործողություններն անմիջապես հայտնվում էին իրավապահների ուշադրության կենտրոնում։
Տեղահանության ցուցակները հաստատում էր «եռյակը», որի կազմում էին կառավարության, ՆԳՆ եւ Հայկական սահմանապահ օկրուգի ներկայացուցիչները։ Որոշ դեպքերում դրանք համաձայնեցվում էին ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանի, ԽՍՀՄ ՆԳ ժողկոմի տեղակալ Ապոլոնովի, ՆԳ սահմանապահ զորքերի հրամանատար Պետրովի հետ։ Տեղահանության համար տրվում էր մինչեւ տասն օր ժամանակ։
«Սովետական Հայաստան»-ի պատասխանը Անկարայի ռադիոյին
1947 թվականի ապրիլի 25-ին Երեւանի Պիոներների պալատի դահլիճում տեղի է ունենում հայրենադարձ հայերի ժողով, որի առիթը Անկարայի ռադիոյի եւ թուրքական որոշ լրատվամիջոցների հակասովետական քարոզչությանը հակադարձելն էր։
Նրանք հաղորդումներ էին հեռարձակում՝ փորձելով հետ պահել հայերին Խորհրդային միություն վերադառնալուց։ Խորհրդային Հայաստանից հնչեց բավականին կոշտ ու վճռական պատասխան։
«Հանգամանքների տարօրինակ բերումով, Անկարայի ռադիոն եւ թուրքական մամուլը ցուցաբերեցին իրենց «հոգացողությունը» հայերի նկատմամբ 1915 թվի ապրիլյան եղեռնալից դեպքերի հենց տարելիցին։ Բայց գաղութահայությունը չի դառնա նրանց պրովոկացիայի զոհը։ Անկարայի ստախոսները կարող են դիմել ամեն տեսակի լպիրշ միջոցների, որովհետեւ այդ նրանց սիրած զբաղմունքն է, բայց հասնել նպատակներին՝ չեն կարող»,- գրում էր «Սովետական Հայաստան» ամսագիրը։
Հայրենադարձների ժողովում անդրադառնում են Թուրքիայի սադրիչ քարոզչությանը՝ միաժամանակ վկայելով, որ «իրենք հանգիստ եւ ուրախ կյանքով են ապրում եւ շնորհակալություն են հայտնում Սովետական կառավարությանը, Մեծ Ստալինին»։ Ժողովն ընդունում է թուրքական սադրանքները դատապարտող հատուկ բանաձեւ, որը տարածվում է Հայկական եւ ԽՍՀՄ հեռագրական գործակալության միջոցով։
Մահանում է Ստեփան Մալխասյանը
1947թ. հուլիսի 21-ին 90 տարեկանում մահանում է հայագետ, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Ստալինյան մրցանակի դափնեկիր Ստեփան Մալխասյանը։ Նա ծնվել է 1857թ. նոյեմբերի 7-ին Ախալցխայում։ Շուրջ 30 տարի Մալխասյանը զբաղվել է ուսուցչությամբ, որից շուրջ 20-ը՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։
1939-ին նա լույս է ընծայում Սեբեոսի «Հայոց պատմությունը», իսկ 1940-ին՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» գիտական հրատարակությունը իր թարգմանությամբ։ 1944 թվականին լույս է տեսնում Ստեփան Մալխասյանի հեղինակած քառահատոր «Հայերեն բացատրական բառարանը», որի վրա աշխատում էր ավելի քան 20 տարի։
Անդրկովկասի վիրաբույժների 3-րդ համագումարը
1947թ. սեպտեմբերի 25-ին Հայֆիլհարմոնիայի դահլիճում իր աշխատանքն է սկսում Անդրկովկասի վիրաբույժների 3-րդ համագումարը, որին մասնակցում էին երեք հանրապետության 160 պատվիրակ։
Հանդիսավոր արարողությունը բացում է ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ պրոֆեսոր Ռուբեն Յոլյանը։
«Անահիտը»
1947թ. Երեւանի ֆիլմերի ստուդիան նկարահանում է «Անահիտ» գեղարվեստական կինոնկարը։ Ռեժիսորը Համո Բեկնազարյանն էր։ Անահիտի կերպարը մարմնավորում էր դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանը, Վաչագանինը՝ Ֆրունզե Դովլաթյանը։ Ֆիլմում նկարահանվել էին Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը, Շարա Տալյանը, Դավիթ Մալյանը եւ ուրիշներ։
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան