1959 թվականին ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովն առաջին անգամ այցելում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Մեծ Բրիտանիան, Հունաստանը եւ Թուրքիան եռակողմ համաձայնագիր են կնքում Կիպրոսի հանրապետության ստեղծման մասին: Բրիտանական վերջին զորքերը հեռանում են Իրաքից, իսկ Կուբայի ապստամբների բանակը գրավում է Հավանան:
Հայաստանում տոնում են Լենինի շքանշանի ստացումը
1959-ը սկսվում է մեծ տոնակատարություններով. նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին Հայկական ԽՍՀ-ն պարգեւատրվել էր Լենինի շքանշանով։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրում նշված էր, որ այդ բարձր պարգեւը Հայաստանին տրվում էր «պետությանը բամբակի, շաքարի ճակնդեղի, հացահատիկի, մսի, կաթի եւ բրդի վաճառքի պլանները կատարելու եւ գերակատարելու» համար։
Հունվարի 3-ին Լենինի հրապարակում տեղի է ունենում բազմահազարանոց հանրահավաք, որտեղ ելույթ են ունենում ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Թովմասյանը, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը, ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը, աշխատավորներ։
Հունվարի 10-12-էլ տեղի է ունենում Հայաստանի Կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) 20-րդ արտահերթ համագումարը, որտեղ ուրվագծվում են առաջիկա տարիների տնտեսական զարգացման միտումները։ Կապիտալ ներդրումներն ավելանալու էին՝ հասնելով 12 մլրդ ռուբլու, ինչն ավելի շատ էր, քան ամբողջ խորհրդային շրջանում Հայաստանում արված ներդրումները։
Մարդահամարը եւ ընտրությունները
1959 թվականի հունվարի 15-22-ը ԽՍՀՄ-ում անցկացվում է համամիութենական մարդահամար, որի տվյալներով Խորհրդային Հայաստանում ապրում էր 1մլն 763 հազար մարդ։
Հայերի թիվը 1 552 000 էր կամ բնակչության 88 տոկոսը։ Մեկ միլիոնանոց Երեւանը դեռ չկար. մայրաքաղաքն ուներ ընդամենը 509 հազար բնակիչ։
Ադրբեջանցիները Խորհրդային Հայաստանի բնակչության 6.1 տոկոսն էին կազմում՝ 108 հազար, իսկ ռուսները՝ 3.2 տոկոսը՝ 52 հազար։
1959 թվականի մարտի 15-ին Խորհրդային Հայաստանում անցկացվում են Գերագույն խորհրդի եւ տեղական խորհուրդների ընտրություններ, որոնց մասնակցում է ընտրողների 99.99 տոկոսը։
1959-ի մարտին ընտրված պատգամավորների թվում էին Մարտիրոս Սարյանը, Գոհար Գասպարյանը, Սերգեյ Մերգելյանը, Էդվարդ Միրզոյանը։
Մատենադարանի նոր կարգավիճակն ու նոր շենքը
1959թ. մարտի 3-ին Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշմամբ Մատենադարանը վերակառուցվում է՝ դառնալով գիտահետազոտական հաստատություն, եւ տեղափոխվում է Մարկ Գրիգորյանի նախագծած հոյակերտ շենքը, որի շինարարական աշխատանքները սկսվել էին 1945 թվականին, սակայն 1947-1953 թթ. դադարեցվել էին:
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշման մեջ, մասնավորապես, ասված էր.
«Հին ձեռագրերի գիտական ուսումնասիրության եւ նկարագրության, Մայր ցուցակի կազմման եւ Մատենադարանում պահվող պատմագիտական, փիլիսոփայական, բժշկական, մաթեմատիկական, աստղաբաշխական ու աշխարհագրական, ինչպես նաեւ գեղարվեստական գրականության հին հուշարձանների հայերեն եւ ռուսերեն լեզվով հրատարակման գործը ուժեղացնելու նպատակով, Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետը որոշում է.
1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին կից Հին ձեռագրերի Պետական Ձեռագրատուն «Մատենադարանը» դարձնել Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Հին ձեռագրերի գիտա-հետազոտական ինստիտուտ - «Մատենադարանը»:
2. Հին ձեռագրերի գիտա-հետազոտական ինստիտուտ «Մատենադարանի» վրա դնել հետեւյալ խնդիրները.
ա) Ձեռագրերի խնամքը, պահպանումը, վերանորոգումը եւ միկրոպատճենահանունը:
բ) Ձեռագրական նոր հուշարձանների հավաքումը:
գ) Ձեռագրերի դիտական նկարագրությունը, Մայր ցուցակի՝ հայերեն եւ ռուսերեն լեզուներով պատրաստումը:
դ) Կարեւոր բնութագրերի, ինչպես եւ հայ մանրանկարչության հուշարձանների ուսումնասիրությունն ու հրապարակումը:
ե) Համաշխարհային նշանակություն ունեցող հուշարձանների թարգմանությունը ռուսերեն եւ արեւմտա-եվրոպական լեզուներով:
զ) Հայ ժողովրդի ձեռագրական կուլտուրայի ամենաարժեքավոր հուշարձանների մասսայականացումը, հայերեն ձեռագրերը ներկայացնող մատչելի դիտական գրքերի ու բրոշյուրների հրապարակությամբ»:
Բուդյոնին եւ Վորոշիլովը՝ Հայաստանում
1959թ. ապրիլին Խորհրդային Հայաստան է այցելում Քաղաքացիական եւ Հայրենական պատերազմների հայտնի հրամանատար Սեմյոն Բուդյոնին։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա Կովկասյան ռազմաճակատում ընթացող մարտական գործողությունների մասնակից էր։ Մասնավորապես, 1915թ. գարնանը Բուդյոնին մասնակցել էր Վանի կռիվներին։
Երեւանի Հայֆիլհարմոնիայի դահլիճում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Բուդյոնին ասում է.
«Ես Հայաստանում եղել եմ 1915 թվին։ Այդ ժամանակ Հայաստանն ավերված, մոխրացած երկիր էր, սովալլուկ, տանջահար մարդկանցով լի։ Հետագայում ես Հայաստանում եղա 1924 թվին։ Այն ժամանակ երկիրը նոր էր վերականգնվում։ Եվ հիմա, երբ նորից ես Հայաստանում եմ, տեսնում եմ նոր՝ Սովետական Հայաստանը, իր շինարար ու աշխատասեր ժողովրդով, որ ապրում է բախտավոր, երջանիկ, կառուցում է կոմունիստական հասարակարգ։ Կեցցե՜ Սովետական Հայաստանը»։
1959թ. հուլիսի 17-20-ը Խորհրդային Հայաստան է գալիս ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության նախագահ Կլիմենտ Վորոշիլովը Լենինի շքանշանը հանրապետությանը հանձնելու համար։
Երրորդ մասի հրապարակը
«1959 թվականի մայիսմեկյան տոնի նախօրյակին Երեւանի Ս. Կիրովի անվան գործարանի բանվորական ավանի 3-րդ մասում տեղի ունեցավ մի նոր գեղատեսիլ հրապարակի հանդիսավոր բացումը։
Նորաստեղծ հրապարակին, աշխատավորների խնդրանքով, տրվել է ականավոր ռեւոլյուցիոներ Սուրեն Սպանդարյանի անունը։ Երեւանի քաղսովետի գործկոմի որոշմամբ, հրապարակում կանգնեցվելու է Սպանդարյանի արձանը»,- գրում էր մամուլը:
5-րդ սպարտակիադան
1959թ. հունիսին Երեւանում անցկացվում է հանրապետական 5-րդ սպարտակիադան։
Քաղաքի տարբեր շրջանների դահլիճներում, լողավազաններում, մարզադաշտերում տեղի էին ունենում սպորտային մրցույթներ, իսկ եզրափակիչ միջոցառումն անցկացվում է Երեւանի Հանրապետական ստադիոնում։
Սպարտակիադայի օրերին 25 մասնակից ստանում է սպորտի վարպետի կոչում, իսկ 143-ը հանձնում է առաջին կարգի համար անհրաժեշտ նորմաները։ Ամբողջ Հայաստանում սպարտակիադային մասնակցում է 139 303 ֆիզկուլտուրնիկ, որոնցից 4 352-ը՝ եզրափակչում։
Հո Շի Մինը՝ Հայաստանում
1959 թվականի հուլիսի 21-ին եւ 22-ին Հայաստանում էր Վիետնամի Դեմոկրատական Հանրապետության նախագահ, Վիետնամի Աշխատավորների կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահ Հո Շի Մինը, որն իր արձակուրդն անցկացնում էր Խորհրդային միությունում։
Երեւանից բացի նա այցելել էր Սեւան, Արզնի եւ Հանքավան։
Հուլիսի 21-ին Հո Շի Մինը Հայֆիլհարմոնիայի համերգային մեծ դահլիճում ներկա էր Հայաստանի արվեստի վարպետների երեկոյին։
Սասունցի Դավթի արձանի բացումը
1959թ. դեկտեմբերի 3-ին Երեւանի կայարանամերձ հրապարակում բացվում է Երվանդ Քոչարի կերտած Սասունցի Դավթի արձանը:
Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Լալա Մարտիրոսյան-Քոչարը ժամանակին Մեդիամաքսին պատմել էր, որ Սասունցի Դավթի արձանի ստեղծման գաղափարն առաջացել էր 1939 թվականին, երբ նշվում էր էպոսի հազարամյակը: Մինչեւ տոնակատարությունների մեկնարկը քիչ ժամանակ էր մնում եւ հոբելյանական հանձնաժողովը դիմեց հայտնի քանդակագործներին՝ Արա Սարգսյանին, Սուրեն Ստեփանյանին, Այծեմնիկ Ուրարտուին, սակայն բոլորը հրաժարվեցին, քանի որ ժամկետը շատ սեղմ էր: Հանձնաժողովի անդամներից մեկն առաջարկեց դիմել Քոչարին, ով այդ տարի վերադարձել էր Փարիզից:
Քոչարը համաձայնվեց կերտել արձանը՝ խնդրելով իրեն տրամադրել մեկ ասիստենտ եւ գիպս: Նա աշխատում էր անմիջապես կայարանի հրապարակում: Ընդամենը 18 օր անց արձանը պատրաստ էր: 1941 թվականին Քոչարին ձերբակալեցին` որպես «անվստահելի անձի», իսկ Դավթի արձանը ոչնչացրին:
1957 թվականին խորհրդային կարգերի հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ քաղաքային խորհուրդը որոշեց վերականգնել արձանը:
Քոչարն իր աշակերտների հետ աշխատում էր Թոխմախի գերեզմանատան տարածքում: Պղնձե Դավիթը կոմպոզիցիայի տեսակետից մի փոքր տարբերվում է 1939 թվականի տարբերակից. գիպսից կերտած Դավթի ոտքերի կողքին կանգնած էր մի արաբ ծերունի:
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան