Հայկական Կարմիր. 1969



1969 թվականին Ռիչարդ Նիքսոնը ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը, Շառլ դը Գոլը հրաժարական տվեց Ֆրանսիայի նախագահի պաշտոնից եւ նոր նախագահ ընտրվեց Ժորժ Պոմպիդուն, Յասիր Արաֆատը դարձավ Պաղեստինի ազատագրման կազմակերպության ղեկավար, Մուամար Քադաֆին ռազմական հեղաշրջման միջոցով իշխանության եկավ Լիբիայում, ամերիկացի տիեզերագնացներ Նիլ Արմսթրոնգն ու Բազ Օլդրինը ոտք դրեցին Լուսնի վրա, առաջին թռիչքը կատարեց Բոինգ-747 օդանավը, ԱՄՆ եւ ԽՍՀՄ վավերացրին միջուկային զենքի չտարածման պայմանագիրը:


Մասիսի շրջանի կազմավորումը

1969թ. հունվարի 14-ին ՀԽՍՀ գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով ստեղծվում է Հայկական ԽՍՀ Մասիսի շրջանը, որի կենտրոնը Մասիս ավանն էր։ Շրջանը կազմվել էր Էջմիածնի եւ Արտաշատի շրջանների մի քանի գյուղերի, ինչպես նաեւ Երեւանի Շորբուլաղի եւ Նոր Խարբերդի ավանների տարածքների միավորումով։

Մասիս քաղաքի` որպես առանձին բնակավայրի մասին առաջին հիշատակությունը կապվում է երկաթուղային կիսակայարան Ուլուխանլուի հետ, որը XX դարի սկզբին բնակեցված է եղել մասամբ հայ եւ ռուս երկաթուղայինների ընտանիքներով, իսկ մեծամասամբ՝ թուրքական ծագման կիսաքոչվորներով: Գյուղի, ապա ավանի կարգավիճակ ունեցող բնակավայրը` որպես ինքնուրույն վարչական միավորի շրջկենտրոն, ունեցել է Զանգիբասար անունը, որի բնակչության գերակշիռ մասը կազմել են թուրքերը: Այն լուծարվել է 1953 թվականի մարտին, որից հետո բնակավայրը` Հրազդան անունով, Երեւանի Շահումյան շրջանի մաս է կազմել:

 

 

1995 թվականին Մասիս ավանը ստացել է քաղաքի կարգավիճակ: Մայրաքաղաքից 17 կմ դեպի հարավ ընկած Մասիսն այսօր համարվում է Երեւանի արբանյակ քաղաքը:


«Մենք ենք, մեր սարերը»


1969 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում Հենրիկ Մալյանը նկարահանում է «Մենք ենք, մեր սարերը» գեղարվեստական ֆիլմը՝ Հրանտ Մաթեւոսյանի համանուն ստեղծագործության հիման վրա:

 

 

«Մենք ենք, մեր սարերը» հայկական կինոարվեստի գլուխգործոցներից մեկն է, ոմանք էլ պնդում են, որ այն բոլոր ժամանակների լավագույն հայկական ֆիլմն է:

 

 

Եթե հանկարծ «Մենք ենք, մեր սարերը» դեռ չեք տեսել, կարող եք դիտել այն հենց հիմա:


«Սարոյան եղբայրներ»

1969 թվականին «Հայֆիլմ»-ում նկարահանվում է եւս մեկ նշանակալի կինոնկար՝ «Սարոյան եղբայրները»՝ ըստ Գուրգեն Բորյանի «Նույն հարկի տակ» պիեսի:

 

 

Ֆիլմի գեղարվեստական ղեկավարը Ֆրունզե Դովլաթյանն էր, իսկ բեմադրող ռեժիսորները՝ Խորեն Աբրահամյանը եւ Արկադի Հայրապետյանը:

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Հայաստանում 1920 թվականին եւ պատմում են բոլշեւիկ ու դաշնակցական եղբայրների մասին:


Ֆուրցեւան այցելում է Հայաստան. հայկական թատրոնի «բացթողումները»


1969 թվականի հունվարի 15-ին Երեւան է գալիս ԽՍՀՄ մշակույթի նախարար Եկատերինա Ֆուրցեւան։ Հաջորդ օրը Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում բացվում է Խորհրդային Հայաստանի մշակութային աշխատողների առաջին համագումարը, որին մասնակցում էր նաեւ ԽՍՀՄ մշակույթի նախարարը։ Համագումարն անդրադառնում է մշակութային ձեռքբերումներին ու խնդիրներին։ Մշակութային գործիչների առջեւ խնդիր է դրվում պատրաստվել 1970 թվականին Լենինի ծննդյան 100-ամյակին եւ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 50-ամյակին։

 

 

Խորհրդային Հայաստանի մշակույթի նախարար Կամո Ուդումյանը մատնանշում է մի շարք բացթողումներ, որոնք վերաբերում էին հայկական թատրոնին։

«Հանրահայտ ճշմարտություն է, որ թատրոնի գործունեության հիմքը խաղացանկն է։ Այս տեսակետից մեր թատրոնների խաղացանկում շատ լուրջ թերություններ կան։ Քիչ են ժամանակակից ինքնուրույն պիեսները։ Հենց դա արդեն ցույց է տալիս սովետահայ թատերագրության այսօրվա դժգույն պատկերը։ Մեծ ժողովրդականություն են վայելում Ա. Պապայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել» եւ Ժ. Հարությունյանի «Ղազարը գնում է պատերազմ» պիեսները։ Որքան էլ արժանիքներ ունենան այդ պիեսները եւ որքան էլ շատ հանդիսատես գրավեն՝ դրանցով չէ, որ պետք է բնութագրվի արդիական ոգի եւ արդիական մակարդակ ունեցող դրամատուրգիան։

Հայ հեղինակները հաճախ տուրք էին տալիս հասարակության պահանջներին եւ պիեսներ գրում կենցաղային մանր թեմաներով, իսկ գաղափարական հարցերին պատշաճ ուշադրություն չէին դարձնում։ Խաղալ կամ գրել ծափահարությունների համար, որոնք միշտ չէ, որ արվեստի չափանիշ են, դեռեւս իրենց զգացնել են տալիս մեր թատերական մշակույթի ասպարեզում»,- ասում էր Ուդումյանը։

Նախարարը նշում էր նաեւ, որ երիտասարդ դերասանները չեն գնում թատրոն, եւ թատերական խմբերն աստիճանաբար «ծերանում են»։ «Ինչի՞ նման է, օրինակ, որ Պատանի հանդիսատեսի թատրոնի ստեղծագործական կազմի ամենակրտսեր անդամը 28 տարեկան է։ Այդպիսի կազմով կարելի է ներկայացումներ տալ ոչ թե պատանի հանդիսատեսի, այլ նրանց ծնողների, պապերի ու տատերի համար»,- դժգոհում էր Կամո Ուդումյանը։


Կապուտիկյանի հոբելյանը

1969 թվականի հունվարի 20-ին նշվում է բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 50-ամյակը։ Հանդիսավոր գրական-երաժշտական երեկոն տեղի է ունենում Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում։

«Սիլվան դարձավ 50 տարեկան։ Կես դարական։ Չէի հավատա, եթե այդ մասին ինքը չազդարարեր... Հիշում եմ Սիլվային համալսարանում, ընկերուհիների շրջանում, անհոգ ծիծաղի կամ լռին խռովքի պահերին, իր աղջկական կյանքի բոլոր հուզումներով։ Հիշում եմ նրան հետպատերազմյան տարիների թախծուրախ խնջույքներում, գիշերային զբոսանքներին, ստեղծագործական գործուղման ճանապարհներին, Ամիրյան փողոցի պստիկ, դուրյանական սենյակում՝ թղթերի մեջ, հոգսերի մեջ, անշող զարդերի մեջ։ Եվ հիշում եմ նրան՝ իր վերելքի լանջերին, ճանաչված, սիրված, գնահատված, գրասեղանին թափած բազմաթիվ ու ամենուրեքյան նամակների, լուսանկարների, հուշանվերների եւ իր տպած գրքերի դարսի առաջ։ Ահա նա, հիսնամյա Սիլվան՝ իր վաստակի, իր կատարած գործի դեմ-հանդիման կանգնած»,- ասում է Հրաչյա Հովհաննիսյանը։

 

 

Պատասխանելով «Ավանգարդ» թերթի լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերվում քննադատությանը, Սիլվա Կապուտիկյանն ասում էր.

«Քչերն են, որ ամբողջ խորությամբ հասկանում են այն, ինչ ցանկացել եմ ասել։ Ինձ նաեւ բավականին հարվածել են, բայց ես հիմնականում անտարբեր եմ եղել, եւ դա օգնել է ինձ։ Հնարավոր չէ եւ պետք էլ չէ, որ բանաստեղծին սիրեն բոլորը։ Վա՛յ էն բանաստեղծին, որ հակառակորդ չունի։ Ընթերցողն ավելի անմիջական է, քան քննադատը։ Ընթերցողից ստացված մի կարգին, անկեղծ նամակը երբեմն չեմ փոխի «լուրջ» հոդվածների հետ»։

Լրագրողը նաեւ հարցնում է, թե բանաստեղծուհին ինչպիսին է պատկերացնում աշխարհը իր ծննդյան 80-ամյակին։ Կապուտիկյանն ասում է, որ այդ ժամանակ, այսինքն՝ 1999-ին, «Սովետական Հայաստանը կլինի հինգ միլիոնանոց...»:


«Հայաստանյան ձմեռ»


1969 թվականին Հայաստանի տարբեր շրջաններում անցկացվում է «Հայաստանյան ձմեռ» միջոցառումը, որը կազմակերպել էր ՀԽՍՀ մինիստրների խորհրդին առընթեր ֆիզկուլտուրայի եւ մարզանքի կոմիտեն։ Միջոցառման նպատակն էր երիտասարդության շրջանում խրախուսել ձմեռային սպորտաձեւերը։

Երեւանում միջոցառումն անցկացվում է «Հաղթանակ» զբոսայգում եւ Ծիծեռնակաբերդում, որտեղ այցելուները կարող էին զբոսնել ձիասահնակներով, դահուկ քշել, տարբեր խաղեր խաղալ։

Ձմեռային խաղեր ու մրցույթներ են կազմակերպվում նաեւ Լենինականում, Ծաղկաձորում, Հրազդանում, Զանգեզուրում, Ապարանում եւ այլուր։

Երեւանի կառուցապատման էսթետիկան

1969թ. հունիսին տեղի է ունենում Երեւան քաղաքի կառուցապատման էսթետիկային նվիրված առաջին համաժողովը, որին մասնակցում էին ՀԿԿ Երեւանի քաղկոմը, Երեւանի քաղխորհրդի գործադիր կոմիտեն եւ Հայաստանի ճարտարապետների միությունը։

1950-ական թվականներից սկսված լայնածավալ շինարարությունը մեծ դժվարություններ էր ստեղծում Երեւանի համար, որոնք գրեթե չեն տարբերվում այսօրվա խնդիրներից։

Երեւանի գլխավոր ճարտարապետ Էդվարդ Պապյանը համաժողովի իր ելույթում ասում է.

«Թամանյանը վերակառուցում, կարելի է ասել՝ կառուցում էր Երեւանը «ամեն ինչ մարդու համար» սկզբունքով։ Մենք էլ, կարծես, նույն ձգտումն ունենք։ Միայն թե ավելի նեղ ու միակողմանի ենք ըմբռնում դրա իմաստը. «Մարդկանց բնակարան է պետք»։ Այո, պետք է, եւ սա, ըստ երեւույթին, ինչ-որ զոհաբերություններ է պահանջում։ Բայց զոհաբերել քաղաքաշինական սկզբունքները, կառուցապատման էսթետիկայի գլխավոր պահանջները՝ կնշանակի ի վերջո հենց անտես առնել մարդու պահանջները։ Չի կարելի չնշել, որ նորակառույց ամբողջ թաղամասեր պատիվ չեն բերում մեր քաղաքին, համենայն դեպս, Թամանյանը «դրանց տակ» չէր ստորագրի... Շինարարության ընթացքում կամայականորեն փոխվում են չափերը, ծավալները, անտեսվում «մանրուքները», բակերն ու փողոցները չեն բարեկարգվում ու կանաչապատվում համաձայն նախագծման, օժանդակ կառույցներ չեն արվում, ճարտարապետական փոքր ձեւերը մոռացության են տրվում։ Սրան պետք է ավելացնել եւ այն, որ շենքերը, հատկապես՝ բնակելի տները որեւէ բանով չեն տարբերվում իրարից։ Էլ ինչ խոսք կարող է լինել կառուցապատման էսթետիկայի մասին»։

«Երեւաննախագիծ» ինստիտուտի հատակագծման արվեստանոցի ղեկավար Միքայել Մազմանյանը համաժողովում ասում էր, որ զանգվածային բնակարանաշինությունն առաջ էր բերել մի շարք խնդիրներ: Մասնավորապես, տարածվել էին տիպային նախագծերը, որոնք թույլ չէին տալիս կառուցել եզակի շինություններ: Բացի այդ, նոր շինարարական նյութերը թույլ չէին տալիս ամբողջությամբ լուծել ճարտարապետների մտահղացումները:

 

 

«Նորքի զանգվածում մի փորձ արվեց ստեղծել օրինակելի մի կոմպլեքս՝ լավ շենքերով ու գեղեցիկ հատակագծումով: Բայց պարզվեց, որ գործարանի արտադրած մասերով անհնար է այդ բանն անել, եւ ճարտարապետները ստիպված եղան հրաժարվել բարի մտադրությունից, կոմպլեքսը կառուցվեց սովորական, ասել է թե՝ գորշ ու միապաղաղ շենքերով»,- ասում էր Մազմանյանը:

Նա անդրադառնում էր նաեւ շենքերի շինարարության ցածր որակին, որին ծանոթ են խորհրդային շենքերում բնակարան ստացած եւ ապրող մեր հայրենակիցները:

«Նորքի զանգվածի որոշ շենքերում սվաղն ու քարի շարքը խառնված են, պատուհանների կոնստրուկցիան եւ ուղղաձիգ քարե սալերը իրար չեն բռնում եւ այլն: Դա նախագծից էլ է գալիս, բայց նաեւ շինարարների «ստեղծագործությունն է»: Մենք շատ ենք խոսել այն մասին, որ ամեն շենք իր ճարտարապետ-հեղինակը պետք է ունենա, բայց մեր շատ տներ ու կառույցներ «հեղինակ չունեն», այսինքն՝ նախագծող ճարտարապետը այլեւս չի հետաքրքրվում, թե ով եւ ինչպես է կառուցում, ինչ է ստացվում»,- մտահոգվում էր Մազմանյանը:

Իսկ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը բարձրացնում էր կանաչ տարածքների եւ հին Երեւանի քաղաքային ժառանգության անխնա ոչնչացման խնդիրը:

«Մենք շատ խոսեցինք, բայց չկարողացանք պահպանել մեր կանաչ տարածությունները: Կանաչ օղակը կիսով չափ ոչնչացավ: Գոնե մնացածին ձեռք չտանք: ...Անցյալ տարի մենք տոնեցինք Երեւանի 2750-ամյակը: Բայց ի՞նչ փաստեր ունենք՝ Էրեբունին եւ... 19-րդ դարի Երեւանը: Մեջտեղը կարծես դատարկ է: Մասամբ մենք ենք մեղավոր: Մասամբ հենց մենք ենք դատարկել: Մեզ հասած սակավաթիվ հուշարձանները կամ ոչնչացրել ենք կամ էլ ամուր պատնեշել-թաքցրել:

 

 

Դրանցից է Կաթողիկեն, որի տեղը նույնիսկ երեւանցիներից շատերը չգիտեն: Հիմա էլ ուզում են քանդել-վերակառուցել Կոնդը եւ հնությունները թանգարանում պահել: Իսկ ինչու չպահպանել մեկ-երկու փողոց, որ զգացվի՝ այստեղ բնակավայր է եղել, մարդիկ են ապրել»:


Թումանյանի 100-ամյակը եւ «թարմացված» «Անուշը»


1969թ. սեպտեմբերին Խորհրդային Հայաստանում մեծ շուքով նշվում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակը: Կազմակերպվում են միջոցառումներ, տպագրվում են գրքեր, նոր հետազոտություններ, ուսումնասիրություններ։

 

 

Թումանյանի ծննդյան 100-ամյակի առթիվ Երեւանի դրամատիկական թատրոնը բեմադրում է «Անուշ» ներկայացումը: Անուշի դերակատարն էր Վիոլետա Գեւորգյանը, իսկ Սարոյինը՝ Գուժ Մանուկյանը:

 

 

Պրեմիերայից հետո թատրոնի հիմնադիր Հրաչյա Ղափլանյանը գրում էր, որ ներկայացումը թեեւ ստացվել է, սակայն եղել են որոշ քննադատություններ:

«Ասում են, օրինակ, թե ոտնձգություններ են կատարված թումանյանական տեքստի նկատմամբ: Բայց ինչ ենք արել. հիմնական տեքստը թողնելով անաղարտ, ավելացրել ենք միայն փոքրիկ հատվածներ, երբեմն՝ ֆրազներ, այն էլ՝ շատ չնչին եւ ոչ նշանակալից, գործողությունների միջեւ կապ ստեղծելու անհրաժեշտությունից ելնելով: Ուրիշ կերպ հնարավոր չէ վարվել մի ժանրից մյուսին անցնելիս: ...Ինչեւէ, վախվորած մի քայլ արեցինք՝ պարզ չպատկերացնելով, թե ուր կհասցնի մեզ: Արդյունքը քաջալերող է: ...Շարունակում ենք աշխատանքը ներկայացման վրա, որ «Անուշը» հնչի ամբողջ ձայնով»,- գրում էր Ղափլանյանը:


Սարյանը նկարում է Կոմիտասին

1969թ. հոկտեմբերի 8-ին լրանում է Կոմիտասի ծննդյան 100-ամյակը: «Սովետական արվեստ» ամսագրի խնդրանքով Մարտիրոս Սարյանը նկարում է Կոմիտասի դիմանկարը:

1969թ. հունիսի 8-ից մինչեւ հուլիսի 10-ը Սարյանն աշխատում էր. այդ օրերին նա արդեն 89 տարեկան էր: Արվեստաբան Շահեն Խաչատրյանն այդ ընթացքում այցելում էր Մարտիրոս Սարյանին եւ զրուցում նրա հետ:

8 հունիսի, 1969թ. - Կոմիտասի՞ն նկարել. շատ դժվար բան եք առաջարկում: Ափսոս. նրան իմ կյանքում երբեք չհանդիպեցի... Կոմիտասը մեծ գործ է արել, էն էլ մենակ. հավատալու բան չէ:

9 հունիսի, 1969թ. - Մտածում եմ՝ ո՞նց նկարել Կոմիտասին: Ուզում եմ Հայաստանը նկարել, գյուղերով, ժայռերով: Մի տեղ Կոմիտասը տղաների, աղջիկների հետ, մի տեղ՝ երեխաների, մի տեղ բնության մեջ, մի տեղ էլ ինձ հետ (ծիծաղեց), մի խոսքով, որ նա ամեն տեղ լինի, ամեն ինչի հետ:

 

 

2 հուլիսի, 1969թ. - Աչքերս ցավում են, չեմ կարող երկար նստել: Օրական հինգ րոպեից ավելի չեմ կարող աշխատել: Հայ-հայս գնացել է, վայ-վայս մնացել: Այս շղթան՝ խաչի շղթան, շատ գեղեցիկ է, մտածում եմ ո՞նց նկարեմ, որ արտահայտիչ լինի:

7 հուլիսի, 1969թ. - Ամպերի վրա աշխատելու ժամանակ ձեռքը քսվել էր Կոմիտասի աչքերին եւ սեւացրել: Ստիպված նորից աշխատեց աչքերի վրա:

- Տեսնո՞ւմ ես, փչացրի: Այդպես է, նկարիչը պետք է իմանա ժամանակին կանգ առնել: Եթե այդ բանը չզգա, միշտ կընկնի վատ դրության մեջ: Բայց ոչինչ, մի մտահոգվիր, էլի՛ կանեմ, ինչ կա որ, միանգամից նորից կնկարեմ: Ախր էս աչքերս չեն թողնում...

 

 

10 հուլիսի, 1969թ. - Է՜, ուրեմն համարենք ավարտված, չնայած դեռ կարելի է աշխատել: Ոչինչ, այդպես մի քիչ կիսատ լինելը չի խանգարում: Ոչ մի բան էլ մինչեւ վերջ ավարտված չէ: Եվ աշխարհում չկա մի բան, որ մի քիչ սխալ չլինի...


Կոմիտասի 100-ամյակի առիթով Արամ Խաչատրյանը գրում էր.

«Կոմիտասի ծառայությունները հայ մշակույթին, հայ երաժշտությանը իսկապես դժվար է գերագնահատել: Ես Կոմիտասի կյանքի գործը կնմանեցնեի հիմք գցելուն: Այդ հիմքը լուսեղեն է, ներդաշնակ եւ միաժամանակ ամուր խարսխված հարազատ հողին: ...Եվ այսօր, Կոմիտասի խմբերգերն ու մեներգերը ունկնդրելիս, հիանալով նրա վարպետությամբ, դժվարանում ես հավատալ, թե ընդամենը 70 տարի առաջ հիանալի երաժիշտը համառ պայքարով ապացուցում էր հայ արվեստի ինքնատիպությունը:

 

 

Այն ժամանակ նույնիսկ երաժիշտների մեջ էլ կային մարդիկ, որ պնդում էին, թե «հայկական երաժշտություն ամենեւին էլ գոյություն չունի եւ լոկ արդյունք է ասորա-բյուզանդական, հնդկա-պարսկական ազդեցությունների»... «Խեղճ հայ ժողովուրդ,- դառնանում էր Կոմիտասը,- ազգ ես եւ ինքնուրույն այնքան, որքան մյուսները, այդ ոչ ոք կարող է հերքել: Ունիս հատուկ լեզու: Ունիս հատուկ ուղեղ, կդատիս... Սակայն սիրտդ, որ զգացմանդ աղբյուրն է, քուկդ չէ եղեր, այլ մի ինչ-որ ասորա-բյուզանդական եւ հնդկա-պարսկական...»: Կոմիտասի «Հայն ունի ինքնուրույն երաժշտություն» հոդվածի յուրաքանչյուր բառը հուզում է, թափանցում սիրտդ... Սակայն խոսելով ու գրելով չէր բավարարվում Կոմիտասը: Նա գործում էր: Ահա ծրագիրը. հայկական երաժշտությունը պիտի հավաքվի, ուսումնասիրվի եւ պիտի հիմք դառնա հայ կոմպոզիտորական դպրոցի համար: Կոմիտասն իրագործեց մեծ ծրագիրը...»։


Կյանքից հեռանում են Արա Սարգսյանը, Նաիրի Զարյանը, Գուրգեն Մահարին

1969 թվականի հունիսի 13-ին մահանում է քանդակագործ Արա Սարգսյանը։

«Հայ քանդակագործների մի ամբողջ դպրոց ստեղծեց։ Նախ՝ կերպարվեստի ուսումնարանում, ապա՝ Գեղարվեստական ինստիտուտում Արա Սարգսյանը մեծ արվեստի ուղեգիր տվեց քանդակագործների մի ստվար ջոկատի, որն այսօր վճռական խոսք է ասում մեր արվեստի այդ մարզում։

 

 

Արա Սարգսյանը նրանց ներշնչում էր հավատարմություն ճշմարիտ արվեստի օրենքներին, հավատ ու սեր մարդու հանդեպ, ժամանակի տաք հետքերով գնալու, ժողովրդի հետ ապրելու, նրա հետ հրճվելու, պայքարելու, խորհելու ընտելություն, ազնիվ ու շիտակ վերաբերմունքը արվեստի նկատմամբ»,- ասված էր պետական հանձնաժողովի մահախոսականում:

1969թ. հունիսի 12-ին մահանում է բանաստեղծ Նաիրի Զարյանը, իսկ հունիսի 17-ին՝ գրող Գուրգեն Մահարին։ Զարմանալի զուգադիպությամբ մեկ շաբաթվա ընթացքում կյանքից հեռացան մարդիկ, որոնք կենդանության օրոք տարբեր գրական «ճամբարներում» էին:

 

 

1937 թվականին Նաիրի Զարյանը «Ո՞վ եմ ես» վերնագրով նամակ էր գրել, որտեղ, մասնավորապես, կարելի է գտնել այս տողերը.

«Հայաստանի խորհրդային գրողների առաջին համագումարում հանդես եկա ճառով եւ բազմաթիվ փաստերի վերլուծության հիման վրա ցույց տվեցի Չարենցի, Բակունցի, Ալազանի, Մահարու, Թոթովենցի, Արմենի, Սուրխաթյանի, Պ. Մակինցյանի, Ա.Կարինյանի եւ մյուսների գրքերում եւ հոդվածներում առկա նացիոնալիստական-տրոցկիստական գիծը: (…) Բայց ես չմնացի Հայաստանի շրջանակներում: Հայ գրականության մեջ առկա նացիոնալիզմի դեմ ջախջախիչ ճառով ընդդեմ Չարենցի, Բակունցի, Ալազանի եւ մյուսների ես հանդես եկա Մոսկվայում»: Առավել մանրամասն կարող եք կարդալ Մեդիամաքսի «Պահոց» խորագրի «Խաբել են ինձ կուռքերը սուտ»` կների՞ ժողովուրդը Նաիրի Զարյանին հոդվածում:

 

Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

 

«Հայկական Կարմիրը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Հայկական Կարմիր»-ը պատմում է Խորհրդային Հայաստանի (1921-1991թթ.) մասին:

«Հայկական Կարմիր»-ի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում խորհրդային շրջանի մեկ տարվա նշանակալի քաղաքական, տնտեսական եւ մշակութային իրադարձությունները: