1974 թվականին ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնն այցելում է ԽՍՀՄ եւ ստորագրում միջուկային զենքի ստորգետնյա փորձարկումներն արգելող համաձայնագիրը: Մի քանի ամիս անց Նիքսոնը հրաժարական է տալիս՝ «Ուոթորգեյթի սկանդալի» պատճառով. ԱՄՆ նախագահ է դառնում նախկին փոխնախագահ Ջերալդ Ֆորդը: Հունաստանում ավարտվում է «սեւ գնդապետների» բռնապետությունը, իսկ Թուրքիան ներխուժում է Հյուսիսային Կիպրոս: Մահանում է Արգենտինայի նախագահ Խուան Պերոնը, եւ երկրի ղեկը ստանձնում է նրա այրին՝ Մարիա Պերոնը: Հելմուտ Շմիդտը ընտրվում է Գերմանիայի կանցլեր, Վալերի Ժիսկար դ’Էստենը հաղթում է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, իսկ Նիկոլաե Չաուշեսկուն ստանձնում է Ռումինիայի նախագահի պաշտոնը: Գերմանիայում անցկացվում է ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը, որի հաղթող են դառնում տանտերերը՝ եզրափակիչ խաղում 2:1 հաշվով առավելության հասնելով Հոլանդիայի հավաքականի նկատմամբ:
Թամանյանի արձանը
1974 թվականին Երեւանում բացվում է Ալեքսանդր Թամանյանի արձանը, որի հեղինակը քանդակագործ Արտաշես Հովսեփյանն է:
2012 թվականին նա պատմել է Մեդիամաքսին.
«1960-ականներին սովորում էի Լենինգրադի Րեպինի անվան ակադեմիայում: Հայաստանում մրցույթ հայտարարվեց Թամանյանի եւ Մարքսի արձանների համար, եւ երկուսում էլ ես հաղթեցի: Ստացվեց այնպես, որ այդ ժամանակաշրջանում արգելվեց քանդակել հայ գործիչների արձանները, ու արեցի միայն Մարքսի կիսանդրին, որը տեղադրվեց Պոլիտեխնիկ ինստիտուտի առջեւ: Միայն յոթ տարի անց թույլ տվեցին հայ գործիչների արձաններ քանդակել: Ինձ կանչեցին Կենտկոմ ու հանձնարարեցին պատրաստել Թամանյանի արձանը: Եթե չեմ սխալվում, Թամանյանի տարեդարձի նախօրյակին պետք է պատրաստ լիներ. սակայն մինչեւ այդ ժամկետը մնում էր ընդամենը հինգ ամիս, ու ես հրաժարվեցի:
Հետագայում Ջիմ Թորոսյանը կարողացավ ինձ համոզել, եւ սկսեցի աշխատել Թամանյանի արձանի վրա: Աշխատել եմ մոտ 4 տարի: Ինչ անում էի՝ ինքս չէի հավանում: Շատ կարծիքներ եմ լսել այն մասին, որ իմ Թամանյանի մեջ հավերժականություն կա: Երբ աշխատում էինք արձանի վրա, Լենինգրադից մի ճարտարապետ եկավ հատուկ այն դիտելու համար: Նա ինձ հարցրեց երեք քարերի մասին, որոնց վրա հենվել է Թամանյանը: Բացատրեցի, որ ձախ կողմի քարը հին ճարտարապետությունն է, աջը` նոր ժամանակաշրջանի, իսկ Թամանյանը կամուրջ է գցում այդ երկու ժամանակաշրջանների միջեւ եւ նորագույն ճարտարապետության շնորհիվ կերտում մայրաքաղաքը»:
Հնգամյակը՝ ժամկետից շուտ
1974 թվականին լայն թափով ընթանում էր 9-րդ հնգամյակը (խորհրդային տնտեսության զարգացման հնգամյա պլանը) ժամկետից շուտ կատարելու սոցիալիստական մրցությունը։
Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը ծավալուն հոդված է գրում «Պրավդա» թերթում, որտեղ նախ ներկայացնում էր հանրապետության ձեռքբերումները, ապա մատնանշում բացթողումներն ու թերացումները։
Քննադատության թույլատրելի չափաբաժնին էին արժանացել մի քանի գործարան ու ձեռնարկություն, որոնք չէին կատարել նախորդ տարվա պլանը։ Հատկապես թերանում էին թեթեւ ու սննդի արդյունաբերության ձեռնարկությունները, ինչպես օրինակ՝ Երեւանի մահուդի ֆաբրիկան։
Քոչինյանը նշում էր, որ այս բացթողումների խիստ վերահսկողությամբ պետք է զբաղվեն նաեւ կուսակցական մարմինները, եւ խոստանում էր կարգավորել խնդիրը։
Բարձր թոշակ՝ անազնիվ մեթոդներով
1974 թվականի հունվարին «Սովետական Հայաստան» թերթը գրում էր, որ տարբեր հիմնարկներում հաճախակի էին դեպքերը, երբ ղեկավարներն «ընդառաջում էին այն քաղաքացիներին, ովքեր բարձր թոշակ ստանալու համար դիմում էին խորամանկության ու կեղծիքի»։
Այսպես՝ Դիլիջանից բանկի աշխատակիցը շինարարական հիմնարկներում ձեւակերպվել էր որպես բանվոր, ինչի արդյունքում նրա ամսական միջին աշխատավարձը դարձել էր 250 ռուբլի, որի հաշվարկով էլ պետք է ավելի շատ թոշակ ստանար։
Մեկ ուրիշը Կիրովականից, որ 2-րդ կարգի հաշմանդամ էր, շինարարական երկու տրեստում ձեւակերպվել էր դարձյալ բանվոր, որը ծանր ֆիզիկական աշխատանք պետք է աներ, որպեսզի թոշակն ավելի շատ լիներ։ Քիչ չէին նաեւ դեպքերը, երբ մարդիկ ձեւակերպվում էին որպես աշխատող, սակայն նրանց աշխատավարձը ստանում էին ուրիշները։
Ամեն ինչ փայլուն չէ
1974 թվականի հունվարին մամուլը գրում էր, թե ինչ խայտառակ դրություն է տիրում Էջմիածնի քաղաքային հիվանդանոցում, որտեղ պայմաններն այնքան վատն էին, որ մարդիկ գերադասում էին տանը բուժվել։ Բացի այդ, վիրաբուժական բաժնում կեղծում էին ավտովթարից տուժածների մարմնական վնասվածքների աստիճանը, ինչի պատճառով մեղավորները պատասխանատվությունից ազատվում էին։
Նկարագրված էր մի դեպք, երբ բժշկի անփութության պատճառով բազկի կոտրվածք ստացած երեխայի ձեռքը ստիպված անդամահատել էին փտախտի տարածումը կանխելու համար։
Նույն օրերին Աբովյան քաղաքի կուսակցական ժողովում աշխատավորները դժգոհում էին, թե բանվորների համար չկան տարրական կեցաղային պայմաններ.
«Չկա ոչ մի ճաշարան։ Շատ վատ է աշխատում առեւտրական ցանցը։ Մարդիկ խանութներում չեն կարողանում ձեռք բերել կենցաղային ամենաանհրաժեշտ առարկաները, իսկ բարձր պահանջարկ ունեցող ապրանքներն առհասարակ չեն երեւում վաճառասեղաններին։ Մարդկանց համար մեծ անհարմարություններ են ստեղծվում տրանսպորտի վատ աշխատանքի պատճառով։ Այդ է պատճառը, որ շատերը սիստեմատիկաբար ուշանում են աշխատանքից»։
Վաղարշյանի 80-ամյակը
1974 թվականին լրանում է դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանի ծննդյան 80-ամյակը։
«Վաղարշյանը ամենայն զգուշությամբ էր ստանձնում որեւէ կերպարի դերակատարություն։ Այս խնդրում նա հաշվի էր առնում նախ իր ամպլուայի, իր տաղանդի ուղղությունը, իր նախասիրությունը։ Այս իմաստով նա անկախ եւ ինքնուրույն դերասաններից էր։ Նա ինքը պիտի համոզվեր, որ պիեսի տվյալ կերպարը մոտ է իր խառնվածքին, արտիստական իր տարերքին։ Ամենաազդեցիկ ռեժիսորն ու հեղինակն իսկ չէին կարող նրան դեր ստիպել, եթե ինքը չէր ցանկանում։ Վաղարշյանի տաղանդը ընդգծված անհատականության դրոշմ էր կրում, եւ նրա մարմնավորած բոլոր դերերն էլ կարծես իր համար էին գրված»,- գրում էր Հրաչյա Հովհաննիսյանը:
Գրոմիկոն՝ Երեւանում
1974 թվականի հունվարի 18-ին Երեւան է ժամանում ԽՍՀՄ կենտկոմի քաղբյուրոյի անդամ, ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Անդրեյ Գրոմիկոն։
Անտոն Քոչինյանի եւ Հայաստանի կուսակցական այլ ղեկավարների ուղեկցությամբ Գրոմիկոն այցելում է մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ, Մատենադարան, «Հաղթանակ» զբոսայգի։
Գրոմիկոն եկել էր Խորհրդային Հայաստանին «Ժողովուրդների բարեկամության» շքանշան հանձնելու, որի հանդիսավոր արարողությունը տեղի է ունենում հունվարի 19-ին, Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքում, որտեղ Գրոմիկոն Հայկական ԽՍՀ պետական դրոշին ամրացնում է բարձրագույն պարգեւը։
Հայաստանի կոմկուսի եւ Գերագույն խորհրդի նախագահության շնորհակալական ուղերձում ասված էր, որ բարձրագույն պարգեւը «հայ ժողովրդի նկատմամբ ԽՄԿԿ կենտկոմի եւ սովետական կառավարության մշտական հոգատարության եւ ուշադրության նոր, հիանալի դրսեւորում է»։
Դեմիրճյանը՝ առաջին քարտուղար
1974 թ. նոյեմբերի 7-ին Խորհրդային միությունում տոնում էին Հոկտեմբերյան մեծ հեղափոխության 57-րդ տարեդարձը։ Երեւանի Լենինի անվան հրապարակում անցնում էին պիոներներն ու աշխատավորները, զինվորականներն ու պատերազմի վետերանները։ Հրապարակի ամբիոնի մոտ էր երկրի կուսակցական ու գործադիր իշխանության ղեկավար կազմը՝ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի գլխավորությամբ։ Դա վերջին տոնական միջոցառումն էր, որին մասնակցում էր Քոչինյանը։
20 օր անց՝ նոյեմբերի 27-ին, տեղի է ունենում ՀԿԿ կենտկոմի պլենումը, որն Անտոն Երվանդի Քոչինյանին ազատում է առաջին քարտուղարի պաշտոնից ու բյուրոյի անդամի պարտականություններից եւ բավարարում նրա խնդրանքը կենսաթոշակի անցնելու մասին։
Արմենպրեսը հայտնում էր.
«Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար ընտրվեց ընկ. Կ. Ս. Դեմիրճյանը, որն աշխատում էր որպես Հայաստանի կոմկուսի Կենտկոմի քարտուղար»։
Ռիմա Դեմիրճյանը «Հիշատակ» գրքում գրում է, որ ամուսինը դեմ էր առաջին քարտուղարի պաշտոնը ստանձնելուն եւ ցանկանում էր մնալ էկոնոմիկայի գծով Կենտկոմի քարտուղար, սակայն Մոսկվայում կանգ էին առել հենց նրա թեկնածության վրա եւ մտադիր չէին փոխել որոշումը:
Կարեն Դեմիրճյանը Խորհրդային Հայաստանը ղեկավարեց 14 տարի՝ մինչեւ 1988 թվականը:
«Ռոսիա» կինոթատրոնի բացումը
1974 թվականի դեկտեմբերին Երեւանում բացվում է «Ռոսիա» կինոթատրոնը: Մեծ դահլիճում տեղի է ունենում ՀԿԿ կենտկոմի պլենումի նիստը, որը վարում էր բոլորովին վերջերս ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարի պաշտոնը ստանձնած Կարեն Դեմիրճյանը:
«Ռոսիա» կինոթատրոնը ճարտարապետներ Հրաչ Պողոսյանի, Արթուր Թարխանյանի եւ Սպարտակ Խաչիկյանի երկրորդ համատեղ խոշոր նախագիծն էր Աբովյան քաղաքի գլխավոր հատակագծից հետո:
Ժամանակին Հրաչ Պողոսյանը Մեդիամաքսին պատմել էր.
«Շինարարությունը բավականին դժվար էր ընթանում, նյութերի պակաս կար: Շինարարները եւս դժվարանում էին, որովհետեւ չէին կարող հասկանալ, թե ի՞նչ են կառուցում:
Ի վերջո, բավականին մեծ, սենյակի չափով մանրակերտ պատրաստեցինք եւ տվեցինք շինարարներին: Դրանից հետո աշխատանքը թեթեւացավ, բանվորները ոգեւորվեցին»:
«Ռոսիա» կինոթատրոնի պատմությանը կարող եք ծանոթանալ Մեդիամաքսի «Երեւան. XX դար» նախագծում:
Հայկական հանրագիտարանը
1974 թվականին 100 000 տպաքանակով լույս է տեսնում Հայկական սովետական հանրագիտարանի առաջին հատորը, որի խմբագիրը Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի նախագահ Վիկտոր Համբարձումյանն էր:
1987 թվականին լույս է տեսնում Հայկական սովետական հանրագիտարանի վերջին՝ 13-րդ հատորը: Այն ամբողջությամբ նվիրված էր Սովետական Հայաստանին:
Նավասարդյանի եւ Մարգարյանի ձերբակալությունները
1974 թվականի հոկտեմբերի 30-ին այլախոհներ Կրոնիդ Լյուբարսկու, Ալեքսեյ Մուրժենկոյի եւ այլոց նախաձեռնությամբ Խորհրդային միությունում առաջին անգամ նշվում է «Քաղաքական բանտարկյալի օրը»:
1974 թվականին ձերբակալություններ են տեղի ունենում նաեւ Խորհրդային Հայաստանում:
1974 թվականին երկրորդ անգամ ձերբակալվում եւ դատապարտվում է Ազգային միացյալ կուսակցության անդամ (ԱՄԿ) Աշոտ Նավասարդյանը՝ ԱՄԿ ծրագիրը եւ թերթիկներ տարածելու մեղադրանքով: Դատավճիռը՝ 7 տարի ճամբարում եւ 2 տարի աքսոր: Հայաստանի Հանրապետական կուսակցության ապագա հիմնադիրը պատիժը կրում է Պերմի ВС-389/35, 36 քաղճամբարներում:
1974 թվականի նոյեմբերին ձերբակալվում է նաեւ ԱՄԿ անդամ Անդրանիկ Մարգարյանը:
Նրա մոտ հայտնաբերվում են հակասովետական, ազգայնական բովանդակության նյութեր, բանաստեղծություններ, թռուցիկներ: Հայաստանի ապագա վարչապետը դատապարտվում է երկու տարվա ազատազրկման:
Կոմիտասի անվան կվարտետի 50-ամյակը
1974 թվականին լրանում է Կոմիտասի անվան կվարտետի ստեղծման 50-ամյակը։
1924-ին այն հիմնել էին Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանողներ՝ ջութակահարներ Ավետ Գաբրիելյանը եւ Լեւոն Օհանջանյանը, ալտիստ Միքայել Տերյանը եւ թավջութակահար Սարգիս Ասլամազյանը։
«Առանձնապես մեծ է այս կոլեկտիվի ավանդը հայ կամերային երաժշտության զարգացման ու պրոպագանդման մեջ։ Նրա ջանքերի շնորհիվ իրենց ողջ ուժով ու հմայքով հնչեցին Կոմիտասի, Սպենդիարյանի, Տեր-Ղեւոնդյանի ստեղծագործությունները, հետագայում՝ Ա. Հարությունյանի, Է. Միրզոյանի, Կ. Օրբելյանի, Ջ. Տեր-Թադեւոսյանի եւ ուրիշների կվարտետները»,- գրում էր Դմիտրի Շոստակովիչը։
Իսկ Էդգար Հովհաննիսյանը նշում էր, որ «Կոմիտասի անվան հիանալի կվարտետն ասես արեւի պես լուսավորեց ամբողջ հայ երաժշտությունը»։
«Այդ կվարտետի անկրկնելի գեղարվեստական մաները, նրա պոետիկան եւ էսթետիկան կարելի է համարձակորեն համեմատել Վահան Տերյանի եւ Ավետիք Իսահակյանի պոեզիայի հետ, մեր հնադարյան մանրանկարչության հետ, քսաներորդ դարի հայ վարպետների բնանկարների հետ։ Կոմիտասի հանճարեղ մեղեդիները կոմիտասցիների կատարմամբ շողշողացին նոր կողմերով, Կոմիտասի մասին մեր պատկերացումը՝ իմաստուն, խոր, երբեմն էլ թախծոտ, դարձավ նաեւ լուսավոր»,- ասում էր կոմպոզիտորը:
Մինասը ձեւավորում է «Գայանեն»
1974 թվականին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում բեմադրվում է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը, որի նոր լիբրետոն գրել էր 1972-75թթ. թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավար Վիլեն Գալստյանը։ Ներկայացման երաժշտական ղեկավարն ու դիրիժորը Հակոբ Ոսկանյանն էր, դիրիժորը՝ Մորիս Մկրտչյանը, նկարիչը՝ Մինաս Ավետիսյանը։
Հակոբ Ոսկանյանը գրում էր, որ մի առիթով հանդիպում են Արամ Խաչատրյանին եւ խնդրում ներկա լինել ներկայացման պրեմիերային։ Խաչատրյանն ասում է.
«Պրեմիերային ներկա լինելը երկրորդական հարց է։ Ես ուզում եմ լինել փորձերին, գոնե վերջին մի քանի փորձին»։ Թատրոնի հրավերով Խաչատրյանը Մոսկվայից գալիս է Երեւան, մասնակցում փորձերին ու կարեւոր առաջարկներ անում։ «Մի անգամ նրան չբավարարեց թավջութակի մենանվագը։ Եվ առաջարկեց մենանվագը հանձնել թավջութակահարների խմբին։ Շատ լավ ստացվեց։ Մեկ ուրիշ անգամ հակառակն արեց՝ ջութակահարների խմբային դրվագը հանձնեց մենանվագողին։ Նրա առաջարկած փոփոխություններից համարյա միշտ շահում էր հնչողությունը»,- հիշում էր Ոսկանյանը։
«Սովետական արվեստ» ամսագիրը գրում էր.
««Գայանեի» նոր բեմադրության յուրաքանչյուր պատկերի փոփոխումից դահլիճը լցվում էր ծափերով, որ պոռթկում էին ակամա, բեմի գունա-լուսային շքեղ «հագուստի» ներշնչած ոգեւորությունից։ Վաղուց Երեւանի օպերային թատրոնի բեմը գույների այդպիսի տոն, այդպիսի խրախճանք չէր ապրել։ Մինաս Ավետիսյանը իր հերթական ու լավագույն նվերը մատուցեց մեր թատրոնին ու կերպարվեստին։
Երեւանի օպերային թատրոնում Մինասը ստեղծել է մեկ տասնյակից ավելի ձեւավորում (Բոլերո, Մոխրոտիկը, Լոռեցի Սաքոն, Կրակե օղակում, Անտունի, Ալմաստ)։ Ինչպես նրա կտավների, այնպես էլ թատերական գործերի ամենաակնառու հատկանիշը հնչեղ գույների հուզական մթնոլորտն է։ «Գայանեի» ձեւավորման մեջ նկարիչը հարազատ է մնացել իր ստեղծագործական սկզբունքին»։
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են լուսանկարներ Հրաչ Պողոսյանի, Անահիտ Թարխանյանի, Անուշ Նավասարդյանի ընտանեկան արխիվներից: