1973 թվականի հունվարին մեկնարկում է Ռիչարդ Նիքսոնի երկրորդ ժամկետը ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Հունիսին Միացյալ Նահանգներ է այցելում Խորհրդային միության ղեկավար Լեոնիդ Բրեժնեւը, այցի ընթացքում ստորագրվում է միջուկային պատերազմի կանխարգելման համաձայնագիրը։ Հոկտեմբերի 6-24-ը ծավալվում է արաբա-իսրայելական չորրորդ պատերազմը, որը նաեւ անվանում են Ահեղ դատաստանի կամ Յոմ Կիպուրի պատերազմ։ Նոյեմբերին Հունաստանում ռազմական հեղաշրջում է տեղի ունենում։
Արարատի «ոսկե դուբլը»
1973 թվականի Խորհրդային Հայաստանի կարեւորագույն իրադարձությունը Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի կրկնակի հաջողությունն էր. թիմը դարձավ ԽՍՀՄ առաջնության հաղթող եւ նվաճեց Խորհրդային միության գավաթը:
Վերջերս կյանքից հեռացած «Արարատ»-ի կիսապաշտպան Արկադի Անդրեասյանը ժամանակին Մեդիամաքսին ասել էր.
1973թ. նոյեմբերի 2-ին Սերո Խանզադյանը «Գրական թերթում» «Ապրե՛ք, Արարատցիներ» հոդվածում գրում էր.
«Երբ ապրիլին մեր տղաները առաջին անգամ մարզադաշտ մտան, կարծես թե երեւանյան գարունը կրկնապատիկ փարթամացավ։ Ինչ-որ անըմբռնելի ու անշոշափելի զգացումով ես իմ շրջապատի մարդկանց ասացի, թե ֆուտբոլային այս վիթխարի արշավանքի տարին մեր արարատցիների համար կփակվի բարձր բերքով, աշունը կլինի շռայլ ու պարգեւող։ Սակայն, ինչ թաքցնեմ, մեզանից երեւի ոչ ոք չէր սպասում, որ այդ ոսկե աշունը կրկնակի բերքառատ կլինի, կնվաճվի եւ՛ գավաթը, եւ՛ երկրի առաջնությունը։
«Արարատի» հաջողությունն ու հաղթանակները ամենից առաջ մեր ժամանակակից երիտասարդության հաղթանակն է՝ երիտասարդ կամքի, երիտասարդի վարպետության, դեպի լույսն ու լուսավոր ձգտող երիտասարդ հոգու հաղթանակը»։
«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը «Արարատի» մասին գրում էր.
1973 թվականին «Արարատի» ելույթների մասին կարող եք կարդալ Մեդիամաքսի «Արարատ-73՝ վերելքի ուղին» հատուկ նախագծում, որը մանրամասն պատմում է ԽՍՀՄ առաջնությունում թիմի բոլոր 30 խաղի մասին:
«Նռան գույնը»՝ մեծ էկրանին, Փարաջանովը՝ բանտում
1973 թվականին մեծ էկրան է բարձրանում «Նռան գույնը» կինոնկարը, որը Սերգեյ Փարաջանովը նկարահանել էր 1969-ին։ Ֆիլմի հեղինակային անվանումը «Սայաթ-Նովա» էր, սակայն գրաքննությունը պահանջեց փոխել այն եւ վերամոնտաժել ֆիլմը: Անգամ դրանից հետո ֆիլմի ոդիսականը չավարտվեց. 1973 թվականին մեծ էկրանին հայտնված տարբերակը վերամոնտաժված էր ռեժիսոր Սերգեյ Յուտկեւիչի կողմից։
Տասնամյակներ անց «Նռան գույնը» շարունակում է ոգեշնչման աղբյուր լինել ժամանակակից արվեստագետների համար: 2020 թվականի սեպտեմբերին ներկայացված Լեդի Գագայի «911» տեսահոլովակում խաղարկվում են դրվագներ «Նռան գույնը» ֆիլմից, իսկ գլխավոր հերոսուհին որոշ դրվագներում նմանակում է Սոֆիկո Ճիաուրելիին:
1973 թվականին Փարաջանովը Անդերսենի հեքիաթների հիման վրա գրում է «Հրաշք Օդենսում» ամանորյա ֆիլմի սցենարը եւ դեկտեմբերին այն հաստատվում է «Հայֆիլմում»: Նկարահանումները սկսելուց առաջ Փարաջանովը Երեւանից մեկնում է Կիեւ՝ հիվանդ որդուն տեսակցելու, սակայն չի վերադառնում. նրան ձերբակալում ու դատապարտում են հինգ տարվա ազատազրկման:
Ակադեմիայի 30-ամյակը
1973 թվականին Երեւանում տոնում են Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադրման 30-ամյակը։ 1943-ին՝ պատերազմի ծանր շրջանում, Հովսեփ Օրբելու, Ստեփան Մալխասյանցի եւ Վիկտոր Համբարձումյանի ջանքերով Երեւանում հիմնադրվել էր ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղը՝ ԱրմՖԱՆ-ը։
Հանդիսավոր նիստում ակադեմիայի նախագահ Վիկտոր Համբարձումյանը նշում է, որ 30 տարվա ընթացքում զգալիորեն մեծացել է հիմնարար գիտությունների, նորարարության, հետազոտությունների ներդրումը տնտեսության մեջ։
«Մեծացել է հանրապետության արդյունաբերական ձեռնարկությունների հետ տնտեսական պայմանագրային սկզբունքով կատարվող գիտահետազոտական աշխատանքների, գիտական մշակումների քանակը, որոնք կատարվում են ճյուղային գիտահետազոտական կազմակերպությունների, բուհերի եւ արդյունաբերական ձեռնարկությունների հետ միասին։ Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի գործունեությունը հենց սկզբից ուղղված է այնպիսի գիտական պրոբլեմների մշակմանը, որոնք առավելագույն օգուտ են բերում ժողովրդական տնտեսությանը։ ...Երկրաբանները իրենց հետազոտություններով նպաստեցին արդյունահանող ձեռնարկությունների հումքային բազայի ընդլայնմանը, օգտակար հանածոների հանքավայրերի տեղաբաշխման եւ տարածման օրինաչափությունների ուսումնասիրմանը։
...Օրգանական քիմիայի ինստիտուտի գիտնականների ջանքերով կատարելագործվում են տեխնոլոգիական ցիկլեր ու ռեժիմներ, մշակվում նոր նյութեր, բարձրացվում սարքավորումների արտադրողականությունը։
Բուսաբանական ինստիտուտի գիտաշխատողների մշակած հանձնարարականները թույլ են տալիս կրկնակի կրճատել հանրապետությունում անտառահատման ծավալը։
...Ընդհանուր եւ կիրառական կենսաբանության տարբեր բնագավառներում կատարվող հետազոտություններում ունեցած հաջողությունները թույլ են տալիս զարգացնելու այնպիսի հեռանկարային ուղղություններ, ինչպիսիք են երկրաբանական միկրոբիոլոգիան, արդյունաբերական մնացուկների միկրոբիոլոգիական վնասազերծումը։
Քվանտային գեներատորների արտադրությունը հանրապետությունում որոշակի դեր խաղաց մի շարք նոր գիտական ուղղությունների ձեւավորման համար, ինչպիսիք են ոչ գծային օպտիկական, քվանտային էլեկտրոնիկան եւ այլն»,- թվարկում էր Վիկտոր Համբարձումյանը։
Լենինի շքանշան` Քոչինյանին
1973 թվականի հոկտեմբերի 24-ին ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահությունը պարգեւատրում է Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանին։
«Կոմունիստական կուսակցությանն ու սովետական պետությանը մատուցած ծառայությունների համար եւ ծննդյան վաթսունամյակի կապակցությամբ Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար ընկ. Անտոն Երվանդի Քոչինյանին պարգեւատրել Լենինի շքանշանով»,- ասված էր հրամանագրում։
Մեկ տարի անց Խորհրդային Հայաստանի ղեկավարի պաշտոնում Անտոն Քոչինյանին փոխարինում է Կարեն Դեմիրճյանը։
Մանանդյանի 100-ամյակը
1973-ի նոյեմբերի 22-ին լրանում է հայ մեծանուն պատմաբան Հակոբ Մանանդյանի ծննդյան 100-ամյակը։
Հակոբ Մանանդյանը հումանիտար գիտությունների բնագավառում առաջին գիտնականն էր, որը Հայաստանից ընտրվել էր ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1939թ.), իսկ 1943-ին հաստատվել էր Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր կազմում։
Խոսելով Մանանդյանի ժառանգության մասին՝ պատմաբան Մկրտիչ Ներսիսյանն ասում է. «Հակոբ Մանանդյանը հայ պատմագիտական մտքի ամենափայլուն դեմքերից է։ Նրա գիտական ուսումնասիրություններում նոր լուսաբանություն են ստացել հայ ժողովրդի հին եւ միջնադարյան պատմության բազմաթիվ կնճռոտ հարցեր։ Մանանդյանը խորը հետք է թողել հայագիտության գրեթե բոլոր բնագավառներում»։
Հայ գրականության տասնօրյակ Ուկրաինայում
1973 թվականի հոկտեմբերին հայ գրողները մեկնում են Ուկրաինա՝ մասնակցելու Ուկրաինայում հայ գրականության տասնօրյակին։
Հայկական պատվիրակության կազմում էին Հրաչյա Հովհաննիսյանը, Վահագն Դավթյանը, Ռազմիկ Դավոյանը, Արամաշոտ Պապայանը, Վարդգես Պետրոսյանը, Գեւորգ Թաթոյանը, Սերո Խանզադյանը։
Հայկական գրական օրերի առիթով ուկրաիներեն լույս էին տեսել սովետահայ արձակի եւ պոեզիայի ժողովածուներ, իսկ Ուկրաինայի «Դնիպրո» հրատարակչությունը 30 հազար տպաքանակով հրատարակում է Ակսել Բակունցի պատմվածքների ժողովածուն՝ «Ալպիական մանուշակ» վերնագրով։
Ասիայի եւ Աֆրիկայի բանաստեղծները՝ Երեւանում
1973 թվականի սեպտեմբերի 10-15-ը Երեւանում սիմպոզիում են անցկացնում Ասիայի եւ Աֆրիկայի երկրների առաջադեմ բանաստեղծները։
Երեւան էին ժամանել 40 երկիր ներկայացնող 60-ից ավելի պոետներ՝ Ալժիրից, Անգոլայից, Վերին Վոլտայից, Հարավային եւ Հյուսիսային Վիետնամից, Աֆղանստանից, Գանայից, Զաիրից, Հնդկաստանից, Մալիից, Ֆիլիպիններից եւ այլ երկրներից։
Սիմպոզիումը Երեւանում անցկացնում է չորս նիստ՝ «Պոեզիան եւ պայքարը ազգային ազատագրության, սոցիալիզմի եւ խաղաղության համար», «Ավանդույթները եւ նորարարությունը ժամանակակից պոեզիայում», «Պոեզիան եւ մարդու հոգեւոր կյանքի ձեւավորումը», «Պոեզիան որպես արտահայտման եւ հաղորդակցման միջոց»։
Մահանում է Թաթուլ Ալթունյանը
1973 թվականի նոյեմբերի 29-ին մահանում է երաժիշտ, խմբավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Թաթուլ Ալթունյանը։ Նա ծնվել էր 1901թ. Կիլիկիայում, Ցեղասպանությունից հետո տեղափոխվել էր Երեւան։
1937 թվականին Թաթուլ Ալթունյանը հիմնել էր Հայաստանի պետական կապելլան։
Արամ Խաչատրյանն ասում էր Ալթունյանին․
Նորաձեւությունը Հայաստանում
1973 թվականին «Հայաստանի աշխատավորուհի» ամսագիրը կանանց խորհուրդ էր տալիս նորաձեւությանը հետեւելիս հատուկ ուշադրություն դարձնել մարմնի կազմվածքին.
«Գերակշռող պետք է լինեն ուղղահայաց գծերը, որոնց շնորհիվ կազմվածքն ավելի բարեկազմ է։ Ամենահաջող երկարությունը՝ ծնկից մի փոքր ներքեւ»։
Երիտասարդ, բարեկազմ կանանց առաջարկվում էր թավշից տաբատ եւ բաճկոն՝ կարճ թեւքերով ու թեւքածալով, որի տակից՝ «տղամարդու վերնաշապիկի տիպի չթից, բնական մետաքսից կամ սինթետիկ գործվածքից բլուզ»։
Կյանքի զարգացման սրընթաց տեմպի պայմաններում կանանց խորհուրդ էր տրվում հագնել գործնական՝ «կիսագրկած եւ գրկած ուրվագծերով» հագուստ։ «Շրջազգեստի փեշերը լայնացված են զանգակաձեւ. օգտագործվում են վալաններ, բոլորածալեր եւ ծալքեր։ Երկարությունը «պտտվում է ծնկի շուրջը»։ Երիտասարդ աղջիկների համար՝ ծնկից քիչ բարձր, միջին տարիքի կանանց համար՝ ծունկը ծածկած»։
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են լուսանկարներ Էդուարդ Մարկարովի արխիվից: