Հայկական Կարմիր. 1983



1983 թվականը նշանավորվում է ԱՄՆ եւ ԽՍՀՄ հարաբերությունների նոր լարմամբ։ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը Խորհրդային միությունն անվանում է «Չարիքի կայսրություն», հրամանագիր է ստորագրում Արեւմտյան Եվրոպայում «Պերշինգ» հրթիռների տեղակայման մասին, առաջարկում ստեղծել տիեզերքում խորհրդային հրթիռները որսալու տեխնոլոգիա, որը ստանում է «աստղային պատերազմներ» անունը։ Այս ֆոնին հուլիսին ԽՍՀՄ ղեկավար Յուրի Անդրոպովի հրավերով Մոսկվա է ժամանում ամերիկացի դպրոցական Սամանտա Սմիթը, որն ավելի վաղ նամակ էր գրել խորհրդային առաջնորդին՝ ասելով, որ վախենում է միջուկային պատերազմից։ Սեպտեմբերի 1-ին խորհրդային կործանիչը խոցում է հարավկորեական Բոինգը՝ շփոթելով այն հետախուզական ինքնաթիռի հետ։ Զոհվում են 269 ուղեւորն ու անձնակազմի անդամները։

Թուրքիայում ավարտվում է զինվորականների եռամյա կառավարումը, իսկ Կիպրոսի թուրքական հատվածը հռչակում է իր անկախությունը։ Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը բանտում այցելում է իր վրա մահափորձ կատարած «Գորշ գայլեր»
թուրքական ահաբեկչական խմբավորման անդամ Ալի Աղջային։ Լույս է տեսնում Word ծրագրի առաջին տարբերակը։

Իսկ մենք դիտարկենք, թե ինչ էր տեղի ունենում 1983 թվականին Խորհրդային Հայաստանում:

Як-40-ի կործանումը

1983 թվականի ապրիլի 13-ի երեկոյան «Աէրոֆլոտի» Як-40 ինքնաթիռը կործանվում է Լենինականի (Գյումրի) օդանավակայանից 41 կիլոմետր հեռավորության վրա՝ բախվելով լեռան լանջին։ Զոհվում են անձնակազմի 4 անդամը եւ 17 ուղեւորը։

 

 

Հետաքննող հանձնաժողովի եզրակացության մեջ ասված էր, որ ավիավթարի պատճառը դիսպետչերների եւ ինքնաթիռի անձնակազմի կողմից Լենինականի օդանավակայանում թռիչքների իրականացման ուղեցույցի կոպիտ խախտումներն էին, ինչի հետեւանքով ինքնաթիռը ժամանակից շուտ սկսել էր վայրէջքը օդանավակայանի տարածքից դուրս։

Երեւանի օդային երկրորդ դարպասը

1983 թվականին շահագործման է հանձնվում Երեւանի «Էրեբունի» օդանավակայանը՝ նախագծված ճարտարապետներ Ռուբեն Հասրաթյանի եւ Լեւոն Քրիստափորյանի կողմից։

 

 

«Հայկական ճարտարապետության զուսպ մոնումենտալությունը, ձեւի ու բովանդակության, գործառնական կապերի խելամիտ լուծումներն այնքան ներուժ ու հնարավորություններ ունեն, որ այն տանում են վերելքի ուղիով»,- գրում է «Գարուն» ամսագիրը։

«Ճարտարապետական ստեղծագործությունը, ավելի քան արվեստի ցանկացած գործ, իր հորինվածքային ելակետերում չի կարող հաշվի չառնել ավանդները, ժամանակի նյութատեխնիկական ապահովվածությունը, կառուցվածքային թույլատրելի հնարավորությունները, երկրի տնտեսական վիճակը եւ այլն։

Այս ամենը, ինչ խոսք, իրենց հետքն են թողել նաեւ «Էրեբունիի» վրա, եւ եթե նրա ճարտարապետական արտաքինը ուղղակիորեն չի «հիշեցնում» միջնադարյան ճարտարվեստը, ապա իր մեկնակետում հարազատ է նրան (մոնումենտալություն, ձեւի ու բովանդակության համապատասխանություն, ներքին եւ արտաքին ծավալատարածական միջավայրի փոխպայմանավորվածություն, ներդաշնակում տեղանքին եւ այլն)»,- շարունակում է հեղինակը։

 

 

«Էրեբունու» նախագծումը սկսվել էր 1977 թվականին՝ «Հայպետնախագիծ» ինստիտուտի N 1 արվեստանոցում։ Կառույցի կոնստրուկտորներն էին Էդուարդ Թոսունյանն ու Ինեսա Բաղրամյանը։

Ինչպես եւ շատ կառույցներ, «Էրեբունի» օդանավակայանի շենքը եւ հարակից տարածքը վերջին տասնամյակների ընթացքում ենթարկվել են բազմաթիվ կամայական ձեւափոխումների։

 

 

Այսօր «Էրեբունի»-ում տեղակայված են ռուսական ռազմաբազայի МиГ-29 կործանիչները:

Չկայացած աշխարհի առաջնությունը

1983 թվականին Երեւանում պետք է կայանար ծանրամարտի Աշխարհի առաջնությունը։ Այդ նպատակով 1983 թվականին բացվեց Երեւանի Մարզահամերգային համալիրի սպորտային դահլիճը։ Ճարտարապետ Հրաչ Պողոսյանը ժամանակին Մեդիամաքսին պատմել էր.

«Բացումից երկու ամիս առաջ Մոսկվայից պատվիրակություն եկավ, ծանոթացավ շինարարության ընթացքին եւ ասաց Կարեն Դեմիրճյանին, թե «չեք հասցնի, եկեք տեղափոխենք առաջնության անցկացման վայրը»: Կարեն Դեմիրճյանն էլ ասաց, որ «կհասցնենք» ու այդպես էլ եղավ»:

 

 

Պաշտոնապես այդպես էլ չհաղորդվեց, թե ինչու Աշխարհի առաջնությունը Երեւանից տեղափոխվեց Մոսկվա։ Ըստ ոչ պաշտոնական վարկածի՝ պատճառը Թուրքիայի դեմարշն էր, որը տեղեկացրել էր այն մասին, որ առաջնության անցկացման վայրը գտնվում է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմիջական հարեւանությամբ։

Առաջնության տեղափոխումը չխանգարեց հայ մարզիկներին փառահեղ ելույթներ ունենալ։ Մոսկվայում Հայաստանի երեք ներկայացուցիչ` Օգսեն Միրզոյանը, Յուրի Սարգսյանն ու Յուրի Վարդանյանը աշխարհի չեմպիոններ հռչակվեցին:

 

 

Ընդ որում՝ Օգսեն Միրզոյանը հաղթանակ տարավ բուլղարական ծանրամարտի ծագող աստղ Նաում Շալամավովի հետ, որը տարիներ անց փախավ Թուրքիա եւ դարձավ Նաիմ Սուլեյմանօղլու:

Բացվում է «Գործարանային» կայարանը

1983   թվականի հուլիսի 12-ին հանդիսավոր արարողությամբ բացվում է «Գործարանային» կայարանը։ Թերթերը գրում էին, որ այն լիովին համապատասխանում է «ամեն ինչ սովետական մարդու համար, ամեն ինչ աշխատանքի մարդու բարօրության համար» կուսակցական նշանաբանին։

 

 

Կայարանը միացնում էր Երեւանի արդյունաբերական՝ Լենինյան շրջանը քաղաքի կենտրոնին։

«Այժմ կաբելագործն ու քիմիկոսը, ավտոդողագործն ու մեքենաշինարարը ամառ թե ձմեռ, «պիկ» թե հանգիստ ժամերին երկնագույն ճեպընթացներով աշխատանքի կհասնեն ընդամենը րոպեների ընթացքում»,- գրում էր «Ավանգարդ» թերթը։»։

1983 թվականին գործարկվում է նաեւ մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումը, որն այսպիսի տեսք ուներ։ 1990-ականների սկզբին գետնանցումը փաստացի վերածվեց առեւտրի կենտրոնի եւ դարձավ այլեւս անճանաչելի։

 

 

Տերտերյանի «տիեզերական պատարագը»

1983 թվականի ապրիլի 25-ին հարավսլավական Զագրեբ քաղաքի Միջազգային բիենալեում առաջին անգամ հնչում է Ավետ Տերտերյանի 6-րդ սիմֆոնիան, որը կոմպոզիտորը գրել էր 1981-ին։

Տերտերյանն ասում էր, որ 6-րդ սիմֆոնիան «տիեզերական պատարագ է»։

 

 

«Այստեղ կյանքը, մահը եւ ծնունդը կարծես միաձուլված են։ Ես ձգտում էի հասնել մշտական հիշողության մարմնացմանը՝ մենք զգում ենք անցավորների ներկայությունը, հիշատակը նրանց մասին ապրում է մեր մեջ, մեր արվեստում, մարդկության հանրային գիտակցության մեջ»,- բացատրում էր Տերտերյանը։»։

Մահանում է Առնո Բաբաջանյանը

1983 թվականի նոյեմբերի 11-ին մահանում է կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը։

Խորհրդային Հայաստանում այս կորուստն առանձնահատուկ ծանր են տանում։ Բաբաջանյանին մարդիկ ընկալում էին որպես «մեր Առնո»։ Չնայած նա վաղուց ապրում էր Մոսկվայում եւ վայելում էր միութենական փառքը, Բաբաջանյանը ԽՍՀՄ-ում հաջողության հասած հայ արվեստագետներից «ամենահայկականն» էր՝ արտաքինով, կերպարով, ոչ վարժ ռուսերենով։

 

 

1983 թվականին Առնո Բաբաջանյանին հետմահու շնորհում են ՀԽՍՀ պետական մրցանակ մեկ տարի առաջ էկրան բարձրացած «Երջանկության մեխանիկա» ֆիլմի երաժշտության համար։

Ֆրունզե Դովլաթյանը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ

1983 թվականին ռեժիսոր եւ դերասան Ֆրունզե Դովլաթյանին շնորհվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում՝ բարձրագույնը խորհրդային արվեստագետների համար։

«Ո՞վ եմ ես։ Սա մի հարց է, որով յուրաքանչյուր ոք ժամանակ առ ժամանակ դիմում է ինքն իրեն, մի տեսակ արած-չարածը ստուգելու, գուցե եւ աշխարհում իր տեղն ու դերը ճշտելու համար։ Եվ երեւի թե այս հարց ու պատասխանի ժամանակ մարդն ամենաանկեղծ պահն է ապրում։ Հիմա առաջին անգամ այդ մասին պիտի բարձրաձայն խոսեմ, չնայած «մինչեւ վերջ անկեղծ լինելս ինձ կդարձնի անպաշտպան»։ Բայց եկեք հարցն ամբողջացնենք մարդու, հատկապես արվեստագետի համար շատ էական՝ «որտեղից ես գալիս» շարունակությամբ, քանի որ սկիզբն անհատի ներքին խմորումների եւ ձեւավորման շրջանն է, որ հետագայում երբեմն հստակված, երբեմն քաոսային ձեւով անդրադարձվում, արտացոլվում է նրա ստեղծագործություններում։

 

 

...Հայրս՝ հեղափոխական Վաղինակ Դովլաթյանը, փոստային աշխատող էր եւ Նոր Բայազետի ժողովրդական թատրոնի հիմնադիրներից մեկը։ Միշտ ինձ հետը տանում էր թատրոն։ Հիշում եմ «Անուշը», «Արշին մալ ալան», «Ռեւիզորը»։ Երբ ծանոթ ու հարազատ մարդիկ, բեմական զգեստ հագնելով, դառնում էին բոլորովին ուրիշ աշխարհի ներկայացուցիչներ, ինձ հրաշքի պես բան էր թվում։ Գավառային այդ ներկայացումները հազիվ թե թատերարվեստի ինչ-որ չափանիշներ ունենային։ Բայց եւ հիշում եմ այն ոգեւորությունը, որ ունենում էր հանդիսատեսը ներկայացումների ժամանակ։ Ինչպե՜ս էին տխրում եւ ուրախանում բեմում կատարվող իրադարձությունների համար։ Ինչպիսի՜ ծիծաղով էին դիմավորում այս կամ այն հերոսին եւ բարձրաձայն, տեղն ու տեղը նմանեցնում իրենց շրջապատի մարդկանց՝ «Փոստոյենց Վահանը եկավ. սա Բլբուլենց Լեւոնն է»,- պատմում էր Դովլաթյանը։

Խանջյանի «Վարդանանքը»

1983 թվականին «Սովետական արվեստ» ամսագիրը գրում է.

«Տարեսկզբին ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայում տեղի ունեցավ գեղանկարչության եւ գրաֆիկական բաժանմունքների միացյալ նիստ, որտեղ լսվեց ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Գրիգոր Խանջյանի ստեղծագործական հաշվետվությունը։

 

 

Սովորաբար ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայում հաշվետվություն ներկայացնող նկարչի ստեղծագործությունները ցուցադրվում են ընդամենը մեկ օր, ընդհանուր մի դահլիճում։ Սակայն այս անգամ խախտելով ընդունված կարգը, Գ. Խանջյանի երեք սրահում բացված ցուցահանդեսը գործեց մեկ շաբաթից ավելի։

 

 

Ցուցահանդեսում ներկայացված էին նկարչի մեծածավալ գորգ-գոբելենների համար արված «Վարդանանք» եւ «Հայոց այբուբեն» գործերը՝ նախնական էսքիզներով եւ մեծադիր լուսանկարներով»։

 

 

Խանջյանն այսպես էր պատմում «Վարդանանքի» մասին.

«Ես Վարդանի զինակիցների շարքը դասեցի հայ մշակույթի բոլոր խոշոր գործիչներին, հատկապես նրանց, ովքեր գործել են 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբներին, նրանց, ովքեր նահատակվել են 1915 թ. կոտորածների ժամանակ, նրանց ովքեր պաշտպանել են Հայաստանը 1918 թ. Սարդարապատի ճակատամարտում, ինչպես եւ մեր ժամանակակիցներին։

 

 

...Ես նույնպես այստեղ եմ, բոլորի հետ։ Ես իմ առաջ խնդիր դրեցի՝ ապացուցել, որ ամեն հայ, զինվորական լինի, թե քաղաքագետ կամ մշակույթի գործիչ, եթե իր ավանդն է բերել հայրենիքի գոյատեւման ու զարգացման մեջ, դրանով իսկ Վարդանանց պատերազմի մասնակիցն է։ Այդպես, իմ ստվարաթղթին հայտնվել են Կոմիտասը, Վարուժանը, գեներալ Անդրանիկը, Եղիշե Չարենցը, Պարույր Սեւակը...»։

 

 

Հետագայում ճարտարապետ Ջիմ Թորոսյանի առաջարկով՝ Գրիգոր Խանջյանը Կասկադի համալիրի սրահներից մեկում ստեղծում է «Վարդանանք», «Հայոց այբուբենը» եւ «Վերածնունդ» տրիպտիխը։

Դեմիրճյանը՝ գրքի մասին

1983 թվականի փետրվարի 2-ին Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հանրային գրադարանը պարգեւատրվում է Ժողովուրդների բարեկամության շքանշանով։ Միաժամանակ գրադարանը տոնում է 150-ամյակը՝ որպես 1832 թ. հիմնադրված Երեւանի գավառական ուսումնարանի գրադարանի իրավահաջորդ։

 

 

Պարգեւատրման արարողությունը տեղի է ունենում Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում։ Դիմելով ներկաներին՝ Խորհրդային Հայաստանի ղեկավար Կարեն Դեմիրճյանն ասում է.

«Հայ ժողովուրդը վաղնջական ժամանակներից սիրել է գիրքը։ Այն եղել է նրա մշտական ուղեկիցը եւ ասես հոգեւոր պատգամ՝ անցել է սերնդե-սերունդ։ Աղետներից փրկվելու համար հայ մայրը անցնում էր հայրենիքի այրված ճամփաներով՝ կրծքին սեղմած ամենաթանկ բանը՝ երեխային եւ գիրքը»։

Դեմիրճյանը նշում է, որ գրատպության գյուտին հաջորդող 400 տարում լույս է տեսել հայերեն 15 000 անուն գիրք։ «Այսօր Սովետական Հայաստանում տարեկան հրատարակվում է շուրջ 1 000 անուն գիրք՝ 10 մլն տպաքանակով»,- ասում է նա։

Հայաստանում 1983 թվականի դրությամբ գործում էր 3 100 գրադարան, ուր տարեկան այցելում էր 500 000 մարդ։

Ջազ եւ ռոք ակումբները

Շատերին թվում է, որ Խորհրդային Հայաստանում երիտասարդները զրկված էին ժամանակակից երաժշտություն լսելու հնարավորությունից։ Իհարկե, հայ երիտասարդները չունեին իրենց արեւմտյան հասակակիցների ազատությունները, բայց կարողանում էին ե՛ւ ջազ լսել, ե՛ւ ռոք։

«Գարուն» ամսագրի՝ 1983 թվականի օգոստոսի համարում Մարգարիտ Տեր-Սիմոնյանը պատմում էր Երեւանի ջազ ակումբի մասին.

 

 

«Բավական ուշացումով, վերջապես, իր առաջին համերգը տվեց Երեւանի գեղագիտական դաստիարակության կենտրոնին կից ջազ-ակումբը։ Տպավորությունները չափազանց ուժեղ էին նույնիսկ անսպասելի. պարզվեց, որ Հայաստանում կան մեծ թվով ոչ միայն ջազային առանձին հիանալի կատարողներ, այլեւ կազմակերպված բարձր, պրոֆեսիոնալ խմբեր՝ ջազ-տրիոներ, ջազ-կվարտետներ եւ այլ կազմի անսամբլներ, որ այդ արվեստն ապրում ու զարգանում է ժամանակակից ջազային միտումներին զուգընթաց, ձեռք բերելով յուրահատուկ ազգային դեմք։

 

 

Այդ հիանալի եւ կարեւոր նախաձեռնության ոգեշնչողը գեղագիտական դաստիարակության կենտրոնի գլխավոր դիրեկտոր, մեր մշակույթի եռանդուն գործիչ Հենրիկ Իգիթյանն է, իսկ ջազ-ակումբի անմիջական կազմակերպիչներն էին ջազային հայտնի երաժիշտներ Լեւոն Մալխասյանը, Դավիթ Ազարյանը, Գրիգոր Բալագյանը, Գեորգի Խաչատրյանը։

 

 

Ջազ-ակումբը հենց սկզբից լայն թափ առավ, ընդամենը երկու ամսվա ընթացքում կազմակերպելով այնպիսի կարեւոր միջոցառումներ, ինչպես բացման մեծ համերգը՝ Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի դահլիճում, «Ուսանողական ջազ - 83» փառատոնը, որի չորս դափնեկիրներից երեքը Երեւանի ջազ-ակումբի անդամներն էին, ջազային երաժշտության համերգը Երեւանի կոնսերվատորիայի օպերային ստուդիայի դահլիճում։ Համերգներ են կազմակերպվել Լենինականում եւ Ղափանում»։

«Այաս» ռոք-խմբի հիմնադիր, կոմպոզիտոր Արթուր Միտինյանը Մեդիամաքսին պատմել է, որ 1980-ականներին Երիտասարդական պալատը մեծ դեր ունեցավ հայկական ռոք-շարժման մեջ:

 

 

«1983 թվականին այնտեղ հիմնեցինք ռոք-ակումբ, որի գործունեության շրջանակներում ունեցանք բազմաթիվ համերգներ, փառատոներ, հանդիպումներ»,- հիշում է նա։

Կարելի է վստահաբար ասել, որ Երիտասարդական պալատում հանդես է եկել նաեւ Արա Գեւորգյանի հիմնադրած «Ռալլի» խումբը, որի 1983 թվականի ելույթը ներկայացնում ենք ստորեւ: 

 

Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են լուսանկարներ Հրաչ Պողոսյանի, Արթուր Միտինյանի անձնական արխիվներից եւ «Գարուն» ամսագրից:

 

«Հայկական Կարմիրը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Հայկական Կարմիր»-ը պատմում է Խորհրդային Հայաստանի (1921-1991թթ.) մասին:

«Հայկական Կարմիր»-ի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում խորհրդային շրջանի մեկ տարվա նշանակալի քաղաքական, տնտեսական եւ մշակութային իրադարձությունները: