1957 թվականին աշխարհում եւ Խորհրդային Միությունում տարբեր կարեւոր իրադարձություններ են տեղի ունենում: Կուբայում ընդդիմադիրները Ֆիդել Կաստրոյի գլխավորությամբ հարձակվում են Լա-Պլատայում տեղակայված կառավարական ուժերի վրա, ԱՄՆ-ում սկսվում է նախագահ Դուայթ Էյզենհաուերի կառավարման երկրորդ ժամկետը, Հռոմում ստորագրվում է Եվրոպական տնտեսական համագործակցության հիմնադրման պայմանագիրը (հենց այն հիմք ծառայեց հետագայում Եվրոպական միության ստեղծման համար):
1957 թվականի հունիսի 19-ին ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի պլենումը որոշում է կայացնում Նիկիտա Խրուշչովին ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին: 3 օր անց, հունիսի 22-ին, պլենումը չեղարկում է այդ որոշումը եւ շուտով պաշտոնանկ են արվում Խրուշչովի հակառակորդները: Ամերիկյան Time ամսագիրը Խրուշչովին «տարվա մարդ» է ճանաչում: ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար է նշանակվում Անդրեյ Գրոմիկոն՝ այդ պաշտոնում նա մնում է մինչեւ 1985 թվականը: ԽՍՀՄ-ը տիեզերք է ուղարկում Լայկա շանը եւ հայտարարում է, որ ունի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, որը միջուկային գլխիկը կարող է հասցնել աշխարհի ցանկացած կետ:
Իսկ մենք դիտարկենք, թե ինչ էր տեղի ունենում 1957 թվականին Խորհրդային Հայաստանում:
Հայկական IT-ի ակունքները
1957 թվականին Երեւանում հիմնադրվում է Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը (ԻԱՊԻ)՝ ստեղծման պահին այն կոչվում էր Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի եւ Երեւանի Պետական Համալսարանի հաշվողական կենտրոն։ ԻԱՊԻ-ն Հայաստանում համակարգչային գիտության զարգացման եւ նրա կիրառությունների բնագավառներում մեծ ներդրում է ունեցել։ Կենտրոն-ինստիտուտի առաջին տնօրենը 29-ամյա մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանն էր։
Մեկ տարի առաջ, 1956 թվականին, Երեւանում հիմնադրվել էր Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը, որի առաջին տնօրենը եւս Սերգեյ Մերգելյանն էր։ Շուտով ինստիտուտը սկսեցին անվանել «Մերգելյանի ինստիտուտ» եւ ժողովրդական այդ անվանումը պահպանվում է մինչ օրս։
1957-1958 թվականներին «Մերգելյանի ինստիտուտում» իրականացվեց առաջին մեծ աշխատանքը՝ խորհրդային М-3 էլեկտրոնային-հաշվողական մեքենայի (համակարգչի) արդիականացումը։ Հետագա տարիներին ինստիտուտում М-3-ի հիմքի վրա ստեղծվեցին «Արագած» եւ «Հրազդան» մեքենաները։
«Տոնականի» ծնունդը
1957 թվականին լեգենդար կոնյակագործ, Երեւանի կոնյակի գործարանի գլխավոր ինժեներ-տեխնոլոգ Մարգար Սեդրակյանը ստեղծում է 15-ամյա «Տոնական» կոնյակը։
«Տոնականի» փունջն առանձնանում է սուր, սրճային-բնափայտե բույրի եւ համի ներդաշնակ համադրությամբ՝ չորամրգերի արտահայտիչ քաղցրությամբ:
«Տոնական» կոնյակը պարգեւատրվել է բազմաթիվ ոսկե եւ արծաթե մեդալներով միջազգային տարբեր մրցույթներում:
Վարպետի մահը
1957 թվականի հոկտեմբերի 17-ին, 81 տարեկան հասակում Երեւանում մահանում է Վարպետը՝ գրող Ավետիք Իսահակյանը։
Ավետիք Իսահակյանի հիշատակին նվիրված խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինն ասում է.
Կորցնում է նաեւ Մայր Աթոռը իր մեծ բարեկամին ու սիրեցյալ որդուն, որ մեր Սուրբ Էջմիածնի հազարամյա քարերի խորհուրդը սրտում, աղոթում էր վերածնված մեր հայրենիքի կյանքին, արեւին ու խաղաղ ազատ վերելքին համար։
Վարպետը մեռավ, Վարպետը կապրի եւ պիտի ապրի հայ ժողովրդի հոգում ու կյանքում, բաշխվելով ամբողջապես մեր բոլորիս եւ հետագա բոլոր սերունդներին։ Եվ նա կմնա միշտ մեզ հետ, կլինի միշտ մերը՝ իբրեւ ներշնչման աղբյուր, իբրեւ լուսաշող փարոս»։
Ավետիք Իսահակյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է ուղարկում ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Անաստաս Միկոյանը.
Իդա Կարը
1957 թվականին Երեւանում բացվում է հայտնի անգլիացի լուսանկարչուհի Իդա Կարի (Իդա Քարամյանի) ցուցահանդեսը: Լրագրող Մարկ Գրիգորյանը ժամանակին գրել է Իդա Կարի հետաքրքիր կյանքի մասին:
Նա ծնվել է 1908 թվականին Տամբովում, հետո ծնողների հետ մեկնել է Եգիպտոս, 20 տարեկանում հայտնվել է Փարիզում, որտեղ պետք է բժշկություն սովորեր: Այնուհետեւ վերադարձել է Կահիրե, որտեղ առաջին ամուսնու հետ հիմնել է լուսանկարչատուն: 1945 թվականին Իդա Կարը գալիս է Լոնդոն, որտեղ ամուսնանում է Վիկտոր Մասգրեյվի հետ:
Իդա Կարը Հայաստանում եղել է երկու անգամ՝ 1957 եւ 1962 թվականներին:
1957 թվականին նա հաճախ էր հյուրընկալվում Ավետիք Իսահակյանի տանը: Ստացվել է այնպես, որ Վարպետի վերջին լուսանկարները արել է հենց Իդա Կարը:
1957 թվականի այցելության ընթացքում Իդա Կարը լուսանկարում է նաեւ հասարակ երեւանցիներին:
Փակ շուկայում արված այս երկու տղաների լուսանկարը համարվում է լուսանկարչուհու ամենահայտնի աշխատանքներից մեկը:
1962 թվականի այցելության ժամանակ լուսանկարչուհուն հյուրընկալում է Մարտիրոս Սարյանը:
Այս լուսանկարում Իդա Կարը նայում է իր կիսանդրուն, որի հեղինակը Նիկոլայ Նիկողոսյանն է:
Մահանում է Գրիգոր Հարությունյանը
1957 թվականի նոյեմբերի 9-ին Թբիլիսիում 57 տարեկան հասակում մահանում է Գրիգոր Հարությունյանը (Հարությունով), որը Խորհրդային Հայաստանի ղեկավարն էր 1937-ից 1953 թվականները։
Գրիգոր Հարությունյանը ապրում եւ աշխատում էր Թբիլիսիում, երբ 1937 թվականի սեպտեմբերի 15-ին Հայաստանի Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի արտահերթ նիստում նրան ընտրեցին Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար։ Այդ լուրը 37-մյա Հարությունյանին հայտնեցին Երեւանից Թբիլիսի ժամանած Անաստաս Միկոյանը եւ Գեորգի Մալենկովը։
Գրիգոր Հարությունյանը պաշտոնից ազատվեց 1953 թվականին՝ Ստալինի մահից հետո՝ զանգվածային բռնաճշումներին ունեցած անձնական մասնակցության համար։ Չնայած նա հատուկ «եռյակի» անդամ էր, նրա զարմուհի եւ Անաստաս Միկոյանի հարս Նամի Միկոյանը պնդում է, որ հենց Հարությունյանն է ձերբակալությունից փրկել Մարտիրոս Սարյանին եւ Ավետիք Իսահակյանին։
Թումանյանի եւ Սպենդիարյանի արձանները
1957 թվականի նոյեմբերի 17-ին Թատերական հրապարակում բացվում են Հովհաննես Թումանյանի եւ Ալեքսանդր Սպենդիարյանի արձանները, որոնք դարձել են Երեւանի խորհրդանիշներից։
Թումանյանի արձանի հեղինակներն են Արա Սարգսյանը եւ Ղուկաս Չուբարյանը, Սպենդիարյանի արձանի հեղինակը՝ Արա Սարգսյանը։ Պատվանդանների հեղինակներն են ճարտարապետներ Գրիգոր Աղաբաբյանը եւ Ֆենիքս Դարբինյանը։
«Գրական թերթ»-ը մեջբերում է գրող Գեղամ Սարյանի խոսքը բացման հանդիսավոր միտինգից.
Եվ ահա, խոսքի ու հնչյունների այդ երկու մեծ վարպետները այսօր կանգնած են գրանիտե պատվանդանի վրա այն օպերային թատրոնի առաջ, որի ամենակարկառուն ու հաստատուն սյուներից են նրանք»։
Չարենցի 60-ամյակը
1957 թվականին Հայաստանում նշում են Եղիշե Չարենցի 60-ամյակը։
«Սովետական Հայաստան»-ը գրում է.
«Սեպտեմբերի 28-ին, երեկոյան Հայֆիլհարմոնիայի Երեւանի համերգային մեծ դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված մեծատաղանդ բանաստեղծ, Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ ռեւոլյուցիայի բոցաշունչ երգիչ Եղիշե Չարենցի ծննդյան 60-ամյակին։
Նիստը բացված հայտարարելուց հետո, նախագահողը ձայնը տալիս է Հայաստանի գրողների միության պատասխանատու քարտուղար Է. Թոփչյանին, որը զեկուցում է Եղիշե Չարենցի կյանքի եւ գրական գործունեության մասին։ Նա, մասնավորապես, ասում է.
«Չարենցի մահվանից անցել է 20 տարի։ Նա մեզնից հեռացավ իր ստեղծագործական հզոր ուժերի ծաղկման շրջանում։ Սակայն ժամանակը նրանց չհեռացրեց մեզանից, այլ ավելի ընդգծեց նրա հարազատությունը մեր օրերի հետ, հայտնաբերեց նրա պոեզիայի այժմեականությունը եւ անթառամ հմայքը»։
Զեկուցողը, բնականաբար, ոչինչ չի ասում Չարենցի մահվան պատճառների եւ հանգամանքների մասին։ Փոխարենն իր ելույթն ավարտում է այսպես.
«Մենք գնում ենք դեպի կոմունիզմ։ Մեզ հետ միասին, ժողովրդի առաջին շարքերում, մեր պոեզիայի առջեւից որպես դրոշակակիր քայլում է Եղիշե Չարենցը։ Մենք նորից լսում ենք նրա բանաստեղծական խանդավառ խոսքը, որ մղում է դեպի ապագան, դեպի կոմիունիստական լուսավոր գալիքը»։
Նիստի ընթացքում Ադրբեջանը ներկայացնող Օսման Սարիվելին ադրբեջաներեն կարդում է Չարենցի «Գանգրահեր տղան» բանաստեղծությունն իր թարգմանությամբ։
1957 թվականի դեկտեմբերի 31-ին «Գրական թերթ»-ը հրապարակում է Վահրամ Ալազանի «Տարեմուտի խոհեր»-ը.
«1932թ. գարնանն էր։ Եղիշե Չարենցը, համախմբած գրական իր բարեկամներին, անցնում էր Երեւանի փողոցներով։ Չարենցից բացի այնտեղ էին Ակսել Բակունցը, Գուրգեն Մահարին, Մկրտիչ Արմենը, Վաղարշակ Նորենցը եւ ես։ Չարենցը մի առ մի ցույց էր տալիս մեզ քաղաքի նորակառույց շենքերը, փողոցներն ու ճարտարապետական հմտությամբ խոսում մեր մայրաքաղաքի հեռանկարների մասին։
Կանգ առնելով նորակառույց մի շենքի առաջ, Չարենցը նայելով մեր դեմքերին, խորը թախիծով ասաց.
- Է՜խ տղերք ջան, հոյակապ է դառնալու մեր մայրաքաղաքը։ Երանի նրան, ով որ կտեսնի 1950 թվականի Երեւանը։ Ես որ չեմ տեսնելու, չգիտեմ՝ դուք ինչպես։
Տարաբախտաբար մեծ բանաստեղծը չտեսավ 1950 թվականի Երեւանը։ Բակունցը նույնպես։ Մեզանից միայն Արմենը տեսավ 1950 թվականի Երեւանը։ Գուրգեն Մահարին, Նորենցը եւ ես տեսանք 1954 թվականի Երեւանը, որը բնավ համեմատել չէր կարելի 1932 թվականի մեր տեսածի հետ»։
«Չարենցի կամար» դարձած «Մասիսի տաճարը»
1957 թվականին Ողջաբերդ գյուղում, Երեւան-Գառնի ճանապարհի աջ կողմում, կառուցվում է Ռաֆայել Իսրայելյանի նախագծած կամարը, որը ստանում է «Չարենցի կամար» անվանումը։
Իրականում հուշակոթողը անմիջական կապ չունի ո՛չ Չարենցի, ոչ էլ բանաստեղծի 60-ամյակի հետ։ «Չարենցի կամար» անվանումն այն ստացել է կամարի երկայնքով փորագրված Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության այս հատվածի համար.
«Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում»։
2020 թվականի սեպտեմբերին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտին փոխանցված Ռաֆայել Իսրայելյանի արխիվի թղթերից մեկի վրա կամարաձեւ կառույց է պատկերված, նշված են նաեւ դրա չափերը, իսկ կառույցի բաց հատվածից երեւում է Արարատը:
«Արխիվի շատ մակերեսային ծանոթությունից պարզվեց, որ «Չարենցի կամարն» ինքը՝ Ռաֆայել Իսրայելյանը տեսնում էր որպես «Մասիսի տաճար»: Խորհրդային տարիներին տաճար կանգնեցնել հնարավոր չէր՝ լիներ այն Քրիստոսի, թե Մասիսի, բայց կամարը կառուցվել է»,- Մեդիամաքսին պատմել է թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը:
«Ինչու է սիրածը գտնվում ինչ-որ հեռու տեղ»
1957 թվականին «Սովետական արվեստ» ամսագրի 1-ին համարում հայկական ժամանակակից երգի խնդիրներին են անդրադառնում երաժշտագետներ Աննա Բարսամյանը եւ Մարգարիտ Տեր-Սիմոնյանը։ Նրանք գրում էին, որ «հայկական երգերի բովանդակային շրջանակը շատ սահմանափակ է, կոմպոզիտորները մասսայական երգեր չեն գրում, լիրիկական երգերն էլ հիմնականում նույն բովանդակությունն ունեն»։
Հեղինակները նաեւ նշում էին, որ հայկական երգերը չէին ընդունվում ժողովրդական լայն զանգվածների կողմից, մարդիկ չէին երգում դրանք, տոների ու հանդիսավոր արարողությունների ժամանակ գերադասում էին այլ՝ ըստ հեղինակների՝ ադրբեջանական ստեղծագործությունները։
«Անհասկանալի է, թե ինչու գրեթե բոլոր հայ կոմպոզիտորների լիրիկական երգերում սիրածը գտնվում է ինչ-որ հեռու տեղ, որին պետք է կանչել, սպասել, հիշել, տեսնել երազում եւ մեծ դժվարությամբ հանդիպել։ ...Ինչո՞վ բացատրել, որ Ս. Ռուստամովի, Ա. Բաբաեւի, Ռ. Հաջիեւի եւ ուրիշների երգերը լայն տարածում են գտել մեզանում եւ գրեթե բոլոր տների պատուհաններից նրանց երգերն է, որ հնչում են։ Կա մի բացատրություն. նրանց երգերն օժտված են այն երջանիկ հատկություններով, որոնք երգը դարձնում են դյուրըմբռնելի, հասկանալի, մարդու սրտին մոտ։ Նրանք վերին աստիճանի մելոդիկ են, էմոցիոնալ, կերպարների եւ հույզերի պատկերման առումով կոնկրետ են, անմիջական ու ջերմ»։
Քննադատության էին արժանացել նաեւ Առնո Բաբաջանյանը եւ Կոնստանտին Օրբելյանը։ Երաժշտագետները նշում էին, որ որոշ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները ոչ միայն կրկնում են «ժողովրդականը, այլեւ ընդօրինակում նույնիսկ ուրիշ կոմպոզիտորների ստեղծած մեղեդիները»։
1950-ական թվականների հայկական ժամանակակից երգարվեստի մասին նման հոդվածը չէր կարող անհետեւանք մնալ, եւ հարցին սկսում են անդրադառնալ տարբեր օղակներում։ Մարտի 1-ին եւ 2-ին Արվեստի աշխատողների տանը Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ դռնբաց քննարկում է կազմակերպվում, որին մասնակցում էին կոմպոզիտորներ, երաժշտագետներ, գրողներ, բանաստեղծներ։
Հոդվածի հեղինակ Աննա Բարսամյանն ավելի մանրամասն է ներկայացնում հայկական երգի խնդիրները։ Ոմանք համաձայնում են եւ ընդգծում, որ նման քննարկումները օգտակար են, ոմանք անգամ կոչ էին անում երաժշտագետներին ավելի ակտիվ լինել եւ «համարձակորեն միջամտել կոմպոզիտորների աշխատանքին»։
Սակայն բոլորը չէին ոգեւորված երաժշտագետների քննադատությամբ՝ կոմպոզիտոր Երվանդ Սահառունին բողոքում էր, որ իր ստեղծագործությունները պատշաճ չեն գնահատվում։ Բացի այդ, «գրում ես ժողովրդական ոգով, ասում են՝ փոխ ես առել, գրում ես օրիգինալ մի բան, ասում են՝ տաղտկալի է», - դժգոհում էր կոմպոզիտորը։
Քննարկման մասնակիցների թվում էին նաեւ բանաստեղծներ Սարմենն ու Աշոտ Գրաշին։ Նրանք երկուսն էլ բողոքում էին, որ կոմպոզիտորները «քմահաճորեն ձեւախեղում էին եղած տեքստերը» եւ ստեղծում «կատարյալ սուռոգատ»։
Աննա Բարսամյանի եւ Մարգարիտ Տեր-Սիմոնյանի հոդվածի մասին «Լավ երգի համար» ծավալուն հոդվածում դրվատանքով էր խոսում Գուրգեն Մահարին։ Մահարին անդրադառնում էր գրական «խալտուրային», որի առաջին օրինակը կոմպոզիտոր Արամ Մերանգուլյանի «Բրիգադիր աղջիկ» երգն էր, որի բառերը գրել էր բանաստեղծ Հովհաննես Ղուկասյանը։
Կալսել ես ցորենը սարի պես, սարի պես,
Ընկերներդ հետ, բրիգադիր ջան աղջիկ,
Յար, ես քեզ գովեմ յարի պես, յարի պես,
Ընկերներիս հետ, բրիգադիր ջան աղջիկ։
«Հայ ժողովրդական երգերից փոխ առած «յարերը», «ջաները», «ազիզը» չեն հաղորդում երգին ոչ շունչ, ոչ ոգի, ոչ էլ ժողովրդականություն»,- գրում էր նա։
Քննադատության ծանր խոսքեր էր բաժին հասել «Բաղրամյան փողոցում» բանաստեղծությանը, որը երգի էր վերածել Առնո Բաբաջանյանը։
Երբ մեղմիկ զով հովից ծառերն են խշշում,
Այն պահին, երբ թաքուն աստղերն են ժպտում,
Բաղրամյան փողոցում համրաքայլ
Սիրահար զույգերն են ման գալի...
Բանաստեղծությունը Մահարին համարում էր «շատ չնչին», «էժան», «զուրկ արվեստից եւ ճաշակից»։
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են Իդա կարի, Արմենպրեսի, Ֆոտոլուրի, Sputnik-ի, Լոնդոնի ազգային դիմանկարային պատկերասրահի լուսանկարները: